«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ԵՎՐԱԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նաեւ կօգնի կառավարությանըՙ ազատվելու Արմենտելի մենաշնորհից

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունը Հայաստան այցով հաստատում է բանկի պատրաստակամությունըՙ շարունակելու աջակցությունը Հայաստանի մասնավոր ոլորտի ներդրումներին: Բանկը մինչ այժմ Հայաստանում իրականացրել է մոտ 140 մլն դոլարի վարկային ծրագրեր, որոնցում հիմնականում եղել է պետական մասնակցություն: Այսուհետեւ բանկը իր աշխատանքը կուղղորդի ավելի մասնավոր հատվածին ու հատկապեսՙ փոքր ու միջին ձեռնարկություններին: Տեղեկացնելով այս մասինՙ Եվրաբանկի ներկայացուցիչները, որոնք երկօրյա այցով գտնվում էին Հայաստանում, տեղեկացրին նաեւ, որ պատրաստվում է Հայաստանում բանկի գործունեության ռազմավարական ծրագիրը: Սովորաբար այն երկրներում, որտեղ բանկը ֆինանսավորում է ծրագրեր, ունենում է երկամյա ռազմավարական ծրագիր, Հայաստանի նկատմամբ մոտեցումները եւս հստակեցվում են:

ՀՀ կառավարության հետ բանակցություններում ՎԶԵԲ պատվիրակության անդամներըՙ տարբեր երկրների գծով տնօրենները, հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակելու ու ավելացնելու գործունեությունը Հայաստանում: Ընդհանուր առմամբ բանկն ունի դրական կարծիք Հայաստանի տնտեսական իրավիճակի, բիզնես-միջավայրի մասին, սակայն, ըստ պատվիրակության խոսնակ Էնզո Կվատրոչիոչեի, կան որոշ խնդիրներ, որոնց ՀՀ իշխանությունները քաջատեղյակ են եւ որոնք պետք է շտկվեն: Որպես այդպիսիք նշվեցին օրենքների անկատարությունը, նաեւՙ դրանց իրականացումը:

Բանկը ճշգրտել է նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավոր ոլորտներըՙ բարձր եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, լեռնարդյունաբերություն: Բանկի տարածաշրջանային տնօրեն (նաեւՙ Հայաստանի գծով) Հիլդեգալդ Հաշեկը տեղեկացրեց, որ ներկայումս բանակցությունների փուլում են երեք ծրագրեր, որոնցում բանկը պատրաստվում է ներդրում կատարել: Նմանապես, շարունակվելու է «Մուլտիբանկ» ծրագիրըՙ ընդգրկելով նորանոր բանկեր: Շարունակվում են նաեւ բանակցությունները «Հայէկոնոմբանկի» հետ, եւ հնարավոր է, որ մի քանի ամսից հետո պարզ դառնա, թե գնելո՞ւ է Եվրաբանկը այս բանկի բաժնետոմսերը եւ ինչքա՞ն:

Հայտնի է, որ Եվրաբանկը 2000 թ.-ի դեկտեմբերին ստորագրել է ուղղակի վաճառքի պայմանագիրՙ ՀՀ կառավարությունից գնելու բաշխիչ էներգացանցերի բաժնետոմսերի մոտ 20 տոկոսը: Բանկը չի կորցրել իր հետաքրքրությունը ՀՀ էներգետիկ համակարգի նկատմամբ, սակայն պայմանը մնում է նույնըՙ ցանցերը պետք է սեփականաշնորհվեն միջազգային չափանիշներովՙ բաց ու թափանցիկ:

Երբ 1998-99-ին Եվրաբանկը հաստատվում էր Հայաստանում, հայտարարվեց, որ կրկնապատկելու է իր գործունեությունը Հայաստանում (Վրաստանում EBRD-ն իրականացրել է մոտ 230 մլն դոլարի ծրագրեր, գրեթե նույնքան էլՙ Ադրբեջանում): «Ինչո՞վ բացատրել բանկի որոշակի պասիվությունը մասնավորապես մասնավոր հատվածում ներդրումներ կատարելու առումով»ՙ «Ազգի» հարցին ի պատասխան պրն Կվատրոչիոչեն նշեց, որ բանկի սկզբունքն է ֆինանսավորել արդյունավետ ծրագրեր, որոնք օգուտ կբերեն ե՚ւ Հայաստանին, ե՚ւ բանկին: «Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն ունի մոտ 400 մլն դոլարի բյուջե, իսկ ՀՆԱ-ն 2 մլրդ է, ապա 140 մլն դոլարը փոքր թիվ չէ», եզրափակեց նաՙ ավելացնելով սակայն, որ իրենք «տաքուկ բարձի» վրա չեն նստելու եւ պատրաստ են ավելին անելու: Այլ հարց է, թե երկիրն ինչքանո՞վ կարող է կլանել միջոցները, կա՞ն համապատասխան ծրագրեր:

Հայտնի է նաեւ, որ Եվրաբանկը պատրաստակամություն էր հայտնել ձեռք բերելու Արմենտելի բաժնետոմսերի 20 տոկոսը, սակայն այս ընկերության մենաշնորհը վերացնելու պայմանով միայն: «Ազգի» այն հարցին, թե ինչպիսի՞ն է բանկի դիրքորոշումը ներկա իրավիճակում, երբ րոպեավճարի կիրառման հետ կապված սրվել են կառավարություն-Արմենտել հարաբերությունները, պրն Կվատրոչիոչեն ասաց. «Ճիշտ է, բանկը նման մտադրություն ուներ, բայց այս պայմանների դրությամբ անհնար է Եվրաբանկի մասնակցությունը այդ ընկերությանը: Մենք կառավարության համար հստակեցրել ենք, որ շուկայի դռները պետք է բացել: Իրենք դա հասկանում են»: Պատվիրակների հետ հանդիպմանը ՀՀ կառավարությունը խնդրել է տեխնիկական աջակցությունՙ Արմենտելի մենաշնորհը վերացնելու գործընթացը սկսելու համար: Բանկը իր պատրաստակամությունն է հայտնել, քանի որ համոզված է, որ դրանից «կշահեն բոլորըՙ սպառողները, կառավարությունն ու յուրաքանչյուր ոք»: ՎԶԵԲ-ը մենաշնորհի վերացման ճանապարհներ տեսնում է: Օրինակ, նոր օպերատորի հրավիրել Հայաստան, քանի որ «մենաշնորհի բուժման լավագույն միջոցը մրցակցությունն է: Այդ դեպքում միայն կարելի է ապահովել ավելի լավ ու էժան ծառայություններ»:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4