«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՀԱՆՈՒՆ ԼԵԶՎԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ

1998-2001 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը 570 քննական ստուգայցեր է կատարելՙ պարզելու Երեւանի փողոցների ցուցանակների լեզվական վիճակը: Արձանագրվել են բազմաթիվ սխալներ, վրիպումներ, տուգանքների ենթակա 220 կազմակերպություններից 83-ը ներկայացվել են դատական մարմիններին, որոնցից 56-ը ենթարկվել են տարբեր պատժամիջոցների, 19-ըՙ դրամական տուգանքների, սահմանափակվելով տուգանքները վճարելովՙ որեւէ շտկում իրենց ցուցանակների վրա չի նկատվել:

Ըստ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Հովիկ Զաքարյանի, վերոհիշյալ ստուգայցերն իրականացվել են Երեւանի կենտրոնական հատվածներումՙ ընդգրկելով Բաղրամյան, Կոմիտաս փողոցները, իսկ քաղաքի ծայրամասերում ստուգայցեր չեն կատարվել գումարի սղության պատճառով: Տուգանքի 683 հազար դրամը համալրել է պետբյուջեն: Հետաքրքիր է, որ 1997 թ., ըստ գործող օրենքի լեզվի տեսչությունը քննական այցերի իրավունք ուներ տարին մի քանի անգամ, իսկ նոր օրենքով այդ այցն արտոնված է կատարել տարին մեկ անգամ:

Անդրադառնալով այս թեմայինՙ Փարիզի «Յառաջ» թերթի թղթակից Արփի Թոթոյանն իր զարմանքն է արտահայտում Երեւանի ծայրամասերում ստուգայցեր չկատարելու առիթով, տարակուսելով, թե «Ճամբու դրամը» կարո՞ղ է խոչընդոտ լինել: Նախանձախնդիր հայերենի անաղարտությանըՙ թերթի թղթակիցը հարց է բարձրացնում, թե Հայաստանի մտավորականները, գրողները, ուսուցիչներն ինչու հետաքրքրված չեն «լաւորակ բրինձի մը խառնուած քարերու նմանող այն այլանդակութիւններէն, որոնք լեզուին անկարելի լարախաղացութիւններ կը պարտադրեն էջ մը կարդալու համար», ավելացնելով, որ սա չի վերաբերում շուկաներում կամ մայթերին իրենց ազատքեղը, սմբուկը, կամ լոլիկը վաճառողներին, այլ այն հոդվածագրին, մտավորականին, լրագրողին, որ «մօրմէն ծծած կաթի հարազատութեամբ» է օգտագործում օբյեկտ, սուբյեկտ, էլիտա, իմիջ, ապամոնտաժել, կոմպրոմիս, ֆիքսել, ինտրիգ, ուզուրպացիա, լեգիտիմություն, գլոբալիզացիա, էկոլոգիա, բիզնես, տոտալիտար եւ այլ համանման բառերը:

Հայաստանյան մամուլի ներկա վիճակից ելնելովՙ հոդվածագիրը միամտություն է համարում սփյուռքյան եւ հայաստանյան որոշ շրջանակներիՙ Հայաստանում հանուն մեսրոպյան ուղղագրության գործադրվող ջանքն ու եռանդը, սպասելով այն ժամանակներին, երբ լեզվական իրենց սխալների ու վրիպումների համար պետբյուջեն կհարստացնեն նաեւ մամուլի եւ հրատարակչական մարմինների պատասխանատուները, որոնք եւս, ըստ օրենքի, վերահսկելի կդառնան լեզվի տեսչության կողմից:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4