«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


«ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏԱՆԴԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ»

Ըստ Արամ Մայիլյանիՙ ԱԺՄ-ն կարող է միավորվել միայն ծայրահեղ դեպքում

1995-99 թվականներին Արամ Մայիլյանն աշխատել է որպես ԱԺՄ լրատվական ծառայության ղեկավարՙ լինելով այդ կուսակցության վարչության անդամ: Սակայն 99-ի նախընտրական փուլում նա լքեց ԱԺՄ-նՙ համարելով, որ այն հեռանկար չունի: ԱԺՄ-ում ներկայումս ընթացող խմորումների մասին հետաքրքիր էր իմանալ նախկին ԱԺՄ-ականի տեսակետները, որը դեռ 99-ին կանխորոշեց կուսակցության այսօրվա վիճակը:

- Նախքան ԱԺՄ-ում կսկսվեր բուն քայքայումը, Դուք հեռացաք այդ կուսակցությունից: Ինչո՞վ էր բացատրվում Ձեր քայլը: Ժամանակին, որքան մեզ հայտնի է, Դուք գրեթե ճշտությամբ կանխորոշել եք այն պրոցեսը, որը ներկայումս ընթանում է ԱԺՄ-ում:

- Ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ ԱԺՄ-ում ընթացող որոշակի պրոցեսներից կուսակցությունը քայքայվելու է: Մի առիթով ասել եմ, որ ԱԺՄ-ն ինքնաքայքայվող համակարգ է: Ղարաբաղյան շարժման առաջնորդ ՀՀՇ-ն իր դերը չտարավ, եւ շարժման գաղափարախոսության հետեւորդը պատմականորեն պիտի լիներ ԱԺՄ-ն: Բայց երբ 99-ին զգացի, որ կուսակցությունը չի ձգտում դրան, լռելյայն լքեցի ԱԺՄ-ն: Երկու տարի էր պետք ընդամենը տեսնելու համար, որ իմ կանխորոշումն իրականություն է դառնում: Երբ նախընտրական փուլում ցուցակներ էին կազմվում, ինձ համար պարզվեց, որ ԱԺՄ է եկել մի նոր ուժ, որը կուսակցությունն այլ ուղղությամբ է տանելու: Այդ նոր ուժը չուներ գաղափարախոսական ոչ մի հենք: Միակ հենքը իշխանությունից որեւէ բան պոկելու եւ իշխանական կերակրամանին մոտ կանգնելու ձգտումն էր: Այս պրոցեսը պետք է կանխվեր հենց այդ պահին, եւ դա պետք է աներ Վազգեն Մանուկյանը: Սակայն Մանուկյանն այդ հարցում թույլ եղավ:

- Իսկ ունե՞ր Վազգեն Մանուկյանը կանխելու իրական հնարավորություններ:

- Որպես ճանաչված գործիչ, իր հեղինակությամբ նա կարող էր դա անել: Սակայն մարդկային որոշ հատկություններ նրան խանգարում էին լինել կուսակցության լիդեր: Այդ հատկությունները բնորոշ են, ի դեպ, Ղարաբաղյան շարժման գործիչներին, որոնք իրենց աստվածային դարձնելու համը տեսան: Մանուկյանը չկարողացավ հաղթահարել մարդկանց չճանաչելու, մեծամտանալու, ուրիշների կարծիքները չընդունելու հատկությունները: Սակայն Մանուկյանը պատմական դեմք, եւ շարժման գործիչ, եւ նրա դերն անուրանալի է:

Բացի այդ, ըստ իս, այլ հանգամանքներ եւս կային, որոնք խանգարեցին Մանուկյանին: Մինչեւ վերջին պահը, մինչեւ վերջին համագումարի ավարտը, երբ որոշակի խմբերով կուսակցությունը լքեցին Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը դեռ փորձում էր հաշտության եզրեր գտնել: Մանուկյանը չգիտակցեց, որ կուսակցությունը քայքայված է նաեւ գաղափարապես: Բազմիցս նրան զգուշացվել էր, որ ԱԺՄ-ն այլեւս իր գաղափարախոսական հիմքի վրա չէ: Օրինակ, ԱԺՄ-ում կարող էին լինել սոցիալիստական, անգամ կոմունիստական գաղափարախոսության կրողներ: Բոլոր ահազանգերն անտեսվեցին:

- Եթե ուշադրություն դարձնենք, ԱԺՄ-ում խմորումներն սկսվեցին Դավիթ Վարդանյանի նախարար նշանակվելուց հետո, եւ կարծիք կա, որ կուսակցության քայքայումը մեծապես նրա առաջ քաշած նոր սկզբունքների հետեւանքն էր: Արդյոք Վարդանյանի գործոնը կարո՞ղ էր այդքան լուրջ լինել:

- Դա բավականին հիմնավորված տրամաբանություն է, որովհետեւ ամեն ինչ սկսվեց, երբ Վարդանյանն առաջ քաշեց տեսություն, ըստ որի պետք է աստիճանաբար մտնել իշխանական կառույցներ, հիմնավորվել, զուգահեռաբար վարել որոշակի քաղաքականություն: Եվ քանի որ կուսակցությունը բարոյապես քայքայված էր, բոլորն սկսեցին Վարդանյանից օգնություն, աշխատանք ակնկալել: Ներկայումս էլ, իմ կարծիքով, Վարդանյանն ակտիվ դեր է կատարում արդեն նշածս խմբի մեջ:

- Խմբի անմիջական ջանքերով Մանուկյանից վերցվեց ԱԺ ԱԺՄ խմբակցության ղեկավարի պաշտոնը: Բացատրությունն այն էր, թե կուսակցության մեկ անդամը չի կարող միանգամից լինել բոլոր ղեկավար պաշտոններում: Ի՞նչ էր դա նշանակում. Մանուկյանի գործունեությունը հավասարակշռելուն ուղղված քա՞յլ, թե՞ Մանուկյան գործոնը եւ նրա հեղինակությունը թուլացնելու փորձ:

- Այդ խմբի մեղադրանքը Մանուկյանին այն էր, թե նա լինելով կուսակցության ղեկավար, այնպիսի դիրք է բռնել, որը ոչ իշխանամետ է, ոչ էլ ընդդիմադիր: Այսինքն հստակ դիրքորոշում չունի, որի պատճառով իրենք կորցնում են ամեն ինչ: Դրանից ելնելով, պետք էր պակասեցնել Մանուկյանի իրավասությունները: Իրականությունը սակայն այն էր, որ խմբում ընդգրկված մարդիկ, չլինելով Մանուկյանի շրջապատում, կորցնում էին իրենց դեմքըՙ հասարակության մեջ դառնալով շարքային: Նրանք ուզում են Մանուկյանին պատանդ վիճակում պահել, օգտագործել նրա անձը, անունը, բայց մյուս կողմիցՙ նրա ազդեցության գոտուց դուրս երեւալ:

- Ներկայումս ԱԺՄ-ում աբսուրդային իրավիճակ է: Երկու խմբավորում առանձին վարչություններ են կազմել, որոնցից յուրաքանչյուրը հայտարարում է, թե ինքն է ԱԺՄ-ի իսկական վարչությունը: Կողքից դիտելով, ըստ Ձեզ, ո՞րն է դրանցից կուսակցության իսկական գաղափարակիրը:

- Գուցե իրավաբանական վեճի հարց ծագի, բայց էականը դա չէ: Իմ կարծիքով, վերջնական արդյունքում կմնա Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն: Սակայն Մանուկյանի համար էլ իր այս նոր շրջապատում դժվար է լինելու զինակիցներ գտնելը: Ամեն դեպքում 96-ի, 97-ի, 98-ի ԱԺՄ-ն այլեւս գոյություն չի ունենալու:

- ԱԺՄ-ից անջատվեցին մի քանի այսպես կոչված ԱԺՄ-իկներՙ ԱԺԴ-ն, ԱԺԿ-ն: Բոլորն էլ հայտարարում են, որ իրենք տանում են ԱԺՄ գաղափարախոսությունը: Նրանցից ո՞րը լուրջ հեռանկար ունի ժառանգելու ԱԺՄ-ի ավանդույթներն ու դիրքը հասարակության մեջ:

- Առանձին նրանցից ոչ մեկը բացարձակապես հեռանկար չունի: Եթե այդ ուժերը կարողանան միավորվել, ԱԺՄ-ն քաղաքական կշիռ ձեռք կբերի: Կուսակցությունն այնքան է ընկել դիրքերից, որ վերջին ընտրության ժամանակ մի կերպ կարողացավ հաղթահարել 5 տոկոսի արգելքը, թեեւ ինքս այն կարծիքին եմ, որ չի էլ հաղթահարել:

- Դուք միավորվելու ռեալ հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Այս պահինՙ ոչ: Դրա համար լուրջ նախադրյալներ են պետքՙ լուրջ քաղաքական փոփոխություններ, որպեսզի այս ուժերը կարողանան միավորվել: Հայաստանը կործանման եզրին պետք է կանգնած լինի, որպեսզի այդ պրոցեսը կատարվի: Կամ էլ ԱԺՄ-ն հասարակական պատվեր պետք է ստանա, որն այսօր չունի:

- Ի՞նչ կարծիքի եք ԱԺՄ-ում տարածված այն կարծիքի մասին, թե դրանք ոչ թե քայքայման, այլ կուսակցության ինքնամաքրման, ինքնազտման գործընթացներ են, որոնք իբր բխում են հենց ԱԺՄ-ի շահերից:

- Դա ինքնահանգստացման, ինքնաբավարարման ձեւ է:

- Արշակ Սադոյանը բազմիցս հայտարարել է, որ ԱԺՄ-ի քայքայումը իշխանությունների կողմից հետեւողականորեն տարվող կուսակցությունների չեզոքացման ծրագրի իրականացման արդյունք է:

- Իշխանություններն այստեղ բացարձակապես դեր չունեն: Սա ներսից եկող խնդիր է, որի պատճառներից են, ինչպես ասացի, գաղափարախոսության բացակայությունը, անհատների առանձին ձգտումները: Անիմաստ է այս պահին 5 տոկոսանոց վստահություն ունեցող կուսակցությանը քայքայման առաջ կանգնեցնել, դրա վրա այդքան ջանք ու եռանդ թափել: Եթե ԱԺՄ-ում քայքայման սերմեր չկային եւ նրանց շարքերն անառիկ էին, թող Դավիթ Վարդանյանը կառավարություն չգնար, մնար որպես քաղաքական գործիչ եւ լուրջ ընդդիմախոս, ինչպիսին էր մինչեւ նախարար դառնալը: Այսինքն, եթե ներսում ամեն ինչ նորմալ լիներ, որքան էլ ուզեին, դրսից քայքայել չէին կարող:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4