«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՆՋԻԱՅ ՄԱԼԱԼԸ ԿՐԿԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Ֆուտբոլասերներն, անշուշտ, լավ են հիշում Մալիի հավաքականի սեւամորթ ֆուտբոլիստ Նջիայ Մալալին, որը 1997-98 թթ. հանդես է եկել «Երեւանի» կազմումՙ դառնալով Հայաստանի չեմպիոն: Եվ ահա բարձր վարպետությամբ աչքի ընկնող այս ֆուտբոլիստը կրկին Երեւանում է: Նա Հայաստան է ժամանել Ֆրանսիայիցՙ «Փյունիկի» հետ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկը» Ֆրանսիայում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում, որի ընթացքում էլ թիմի ղեկավարությունը ստուգողական հանդիպումներում փորձարկել է մի շարք օտարերկրյա ֆուտբոլիստների, այդ թվում մեզ արդեն ծանոթ Նջիայ Մալալին եւ Խոսե Բիլիբիոյին (նա հանդես է եկել «Արարատում»): Առայժմ թիմի մարզիչները «Փյունիկում» ընդգրկել են 2 ֆուտբոլիստիՙ արդեն հիշատակված Նջիայ Մալալին եւ Մալիի երիտասարդական հավաքականի անդամ Ջավարիա Մամադուին, որը հաջողությամբ հանդես է գալիս թե առաջին գծում, թե կիսապաշտպանական օղակում: Շատ հավանական է, որ այս երկու ֆուտբոլիստներին մենք խաղադաշտում կտեսնենք արդեն սեպտեմբերի 15-ինՙ «Լեռնագործի» հետ հանդիպմանը:

Ֆրանսիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի, կայացած ստուգողական հանդիպումների արդյունքների մասին ընթերցողները հանգամանորեն կտեղեկանան թերթի վաղվա համարումՙ «Փյունիկ» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4