«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2001-09-08 | #162, 2001-09-11 | #163, 2001-09-12


ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՍԿՍՈՒՄ Է ՄՐՑԱՎԵՃԸ

Այսօր, ժամը 17-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը տեղի կունենա շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ հաջորդ օրը, ժամը 16-ին գործի կդրվեն շախմատային ժամացույցները եւ հանրապետության չեմպիոնի կոչման համար մրցավեճը 11 շախմատիստների միջեւ կսկսվի: Մրցաշարն, իրոք, բավական ուժեղ կազմ է հավաքել: Բացառությամբ Ռաֆայել Վահանյանի եւ Վլադիմիր Հակոբյանի, մեր մյուս ուժեղագույն շախմատիստները կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար: Նրանց թվում են ներկայիս չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, որը լավ հնարավորություն ունի եւս մեկ անգամ լրացնելու գրոսմայստերի նորման, ինչպես նաեւ շախմատային այդ բարձրագույն տիտղոսը կրողներ Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը, Լեւոն Արոնյանը, Արտաշես Մինասյանը, Կարեն Ասրյանը, Արսեն Եղիազարյանը: Անշուշտ, պատվասիրական ձգտումներով լի են նաեւ միջազգային վարպետներ Արայիկ Մինասյանը, Տիգրան Նալբանդյանն ու Վահագն Խաչատրյանը, ինչպես նաեւ Գեւորգ Հարությունյանը: Վերջին երեքը բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք են ստացել առաջին խմբում հաջող ելույթների շնորհիվ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4