ՀՀ հավաքականը Եվրոպայի չեմպիոն
Շվեդիայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի հավաքականի փայլուն հաղթանակով: Ընդհանուր առմամբ նվաճելով 16 մեդալ, հայ ծանրորդները թիմային հաշվարկով դարձան Եվրոպայի չեմպիոնՙ իրենցից ետ թողնելով Թուրքիայի եւ Ռուսաստանի հավաքականներին: Մեր երիտասարդ դյուցազունների գերազանց ելույթը մեկ անգամ եւս վկայեց, որ հայկական ծանրամարտը ճիշտ ուղու վրա է, եւ մարզաձեւի հաղթարշավը շարունակվում է:
Նախորդ համարներում մարզասերներին արդեն տեղեկացրել էինք, որ Գեւորգ Ալեքսանյանը (77 կգ) նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, Մակար Թամրազյանը (56 կգ) եւ Արթուր Դանիելյանը (62 կգ) երկամարտի արդյունքով դարձել էին արծաթե մրցանակակիրներ, իսկ 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանն արժանացել էր բրոնզե պարգեւի: Եվ ահա, մրցումների վերջին օրը Հայաստանը Եվրոպայի 2-րդ չեմպիոնն ունեցավ: 85 կգ քաշային ծանրորդների մրցավեճում իրեն գերազանց դրսեւորեց Ռուդոլֆ Նամալյանը, որը երկամարտի 350 կգ (160+190) արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին եւ ստիպեց մրցաշարի կազմակերպիչներին ի պատիվ իր հաղթանակի հնչեցնել Հայաստանի օրհներգն ու վեր խոյացնել հայկական եռագույնը: Ռուդոլֆը փոքր ոսկե մեդալներ շահեց նաեւ առանձին վարժություններում: Նույն քաշային կարգում Գեղամ Աթոյանը գրավեց 5-րդ տեղըՙ հաշվարկային միավորներ բերելով մեր թիմին:
Վերջին մեդալը Հայաստանի հավաքականին պարգեւեց Տիգրան Քամալյանը (94 կգ), որը երկամարտում ցույց տալով 350 կգ (155+195) արդյունք, ճանաչվեց 3-րդը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր ծանրորդներին, նրանց մարզիչներին, ընդհանրապես հայ մարզասերներին փայլուն հաղթանակի առթիվ, փաստենք, որ հայկական ծանրամարտի ավանդույթները շարունակող մեր երիտասարդ դյուցազունները հուսալի հերթափոխ են եւ մարզաձեւի ապագայի համար մտահոգվելու կարիք չկա: