Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով սեպտեմբերի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան:
ՌԴ պաշտոնական պատվիրակության կազմում են անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, կառավարության նախագահի տեղակալ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Իլյա Կլեբանովը, արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին քաղաքական հարցերի վարչության պետ Սերգեյ Պրիխոդկոն, Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը եւ Հարավային ֆեդերալ օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւը: ՌԴ նախագահին ուղեկցում են նաեւ նահանգապետներ, նախարարներ, պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում Հայաստան կժամանի նաեւ ռուսաստանյան հայտնի գործարարների ներկայացուցչական մի խումբ:
Երեւանի «Զվարթնոց» օդակայանում բարձրաստիճան հյուրերին կդիմավորեն Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելա Քոչարյանը:
Նույն օրը երեկոյան ՀՀ նախագահի Սեւանի նստավայրում կկայանա Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական (առանց փողկապների) հանդիպումը:
Սեպտեմբերի 15-ի առավոտյան նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ, այնուհետեւ ՌԴ նախագահը եւ տիկինը կայցելեն Մեծ եղեռնի հուշամալիր, ծաղկեպսակ կդնեն 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Կեսօրին ՌԴ պաշտոնական պատվիրակությունը կուղեւորվի ՀՀ նախագահի նստավայր, ուր կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, այնուհետեւ նախագահների մասնակցությամբ տեղի կունենան ընդլայնված կազմով հայ-ռուսական բանակցությունները: Այցի արդյունքում կստորագրվեն մի շարք եկկողմ փաստաթղթեր: Նախատեսվում է նաեւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը:
Նույն օրը ՌԴ նախագահը Ազգային ժողովում հանդիպում կունենա ԱԺ ղեկավարության, պատգամավորական խմբերի եւ խմբակցությունների նախագահների հետ:
Երեւանի պետական համալսարանում Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ հասարակության ներկայացուցիչների հետ:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենան Ռուսաստանի ու Հայաստանի գործարար շրջանակների նեկայացուցիչների հետ:
Ռուսաստանի նախագահը կայցելի նաեւ Մատենադարան:
Երեկոյան ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ տիկին Բելա Քոչարյանի անունից կտվիր պաշտոնական ճաշՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ տիկնոջ պատվին: