«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


«ԿԱ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ՈՐ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՉԵՉՆԻԱՆ, ԲԱԼԿԱՆՆԵՐԸ...»

ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանում էՙ մեր երկրների պաշտպանողունակությունը կատարելագործելու նպատակով

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Շատ ուրախ եմ Հայաստանՙ այս տարի իմ չորրորդ այցելության համար: Մեզ բազմադարյան պատմական աղերսներ են կապում, որոնք ոչ ոք չի կարող խզել: Մեզ շատ բան է միավորում: Եվ ես վստահ եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարի հետ սպասվող բանակցությունները կբարձրացնեն ռազմական համագործակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որակապես ավելի նոր աստիճանի», երեկ «Զվարթնոց» օդանավակայանում նշեց պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

Մինչ վերջինիս ժամանումը, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտեց Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ռազմավարական գործընկերայնությունը, ինչն ամրագրվել է մինչ այսօր ստորագրված բազում փաստաթղթերով: «Բայց քանի որ մեր հարաբերությունները բազմաբնույթ են, եւ իրականությունն էլ միշտ տարբեր հարցեր է առաջադրում, ամեն անգամ համալրում ենք ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության ոլորտում ունեցած փաստաթղթերի փաթեթը»: Այս անգամ ստորագրման են նախապատրաստվում յոթ փաստաթղթեր, որոնք, Ս. Սարգսյանի հավաստմամբ, պիտի լրացնեն ոլորտի իրավական դաշտի բացերը:

Ս. Իվանովն այս կապակցությամբ առանձնացրեց հատկապես երկու համաձայնագիր, որոնք վերաբերում են Ռուսաստանից Հայաստան գործուղվող ռազմական խորհրդականների եւ մասնագետների կարգավիճակին ու անշարժ գույքի փոխադարձ երկարաժամկետ տրամադրմանը, ինչպիսին, ասենք, մեզ մոտ տեղակայված ՌԴ զինված ուժերի 2-րդ բազայի շինությունն է: Ի դեպ, Ռուսաստանի պաշտպանության նախարարն ընդգծեց, որ ինքն այս այցի շրջանակներում կայցելի նաեւ այդ բազա: Ընդհանուր առմամբ, ամփոփելով ստորագրման նախապատրաստվող համաձայնագրերը, Ս. Իվանովը վստահեցրեց, թե դրանք պիտի ավելի հզորացնեն երկու երկրների համատեղ պաշտպանողունակությունը:

Լրագրողներն, անշուշտ, չշրջանցեցին ԱՄՆ-ում վերջին ահաբեկչությունների թեման: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, թե ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքերը եւս մեկ անգամ հաստատեցին, որ աշխարհի ամենաուժեղ, զարգացած պետություններն անգամ ապահովագրված չեն ահաբեկչությունից:

Հարցին, թե աշխարհի առավելապես ո՞ր կետերից է Ռուսաստանը հնարավոր համարում որեւէ սպառնալիք իր անվտանգությանը, Ս. Իվանովը պատասխանեց, թե կոնկրետ աշխարհագրական կետեր որեւէ մեկը նշել չի կարող: «Սպառնալիք կա շատ կետերից: Բայց դրանց բոլորին միավորում է, բոլորին է հասկանալի, միջազգային ահաբեկչությունը: Այն կարող է այսօր հանդես գալ աշխարհի մի կետում, վաղըՙ մեկ այլ»: Պրն Իվանովը համոզված է, որ բոլոր կետերըՙ Չեչնիան, Բալկանները, մյուսները, փոխկապակցված են: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, թե Չեչնիայում իրենք պայքար են մղում հենց միջազգային ահաբեկչության դեմ: «Եվ ոչ չեչեն ժողովրդի», շեշտեց նախարարը:

Լրագրողների հարցին, թե կա՞ անմիջական կապ Չեչնիայի ահաբեկիչների եւ հայտնի Ուսամա բեն Լադենի միջեւ, պրն Իվանովը պատասխանեց, թեՙ այո՚, իրենք նման կապի մասին ինֆորմացիա ունեն: «Բավական հստակ երեւում է նման կապի առկայությունը: Ու առհասարակ կա ահաբեկչական ինտերնացիոնալի համաշխարհային սարդոստայնՙ Կոսովոյից մինչեւ Ֆիլիպիններ: Կենտրոնն Աֆղանստանն է: Մենք այս մասին առաջ էլ անընդհատ ասել ենք», բացատրեց պրն Իվանովը:

Գալով ահաբեկչության ԱՄՆ-ում պայթած օրինակինՙ ՌԴ նախարարը վստահեցրեց, թե իր երկիրը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Մ. Նահանգներինՙ գործի հետաքննության հարցում: Իսկ հնարավոր ի՞նչ հակաքայլեր կարող են լինել: «Մենք որեւէ հակաքայլ չենք նախապատրաստում, մեր տեղեկությամբ ԱՄՆ-ըՙ եւս: Կարծում եմՙ որեւէ հակաքայլի մասին խոսք կարող է լինել մեղավորների ճանաչվելուց հետո»:

Հ. Գ. Հայոց լրագրողական ընտանիքի վարքն օդանավակայանում երեկ, ցավոք, շատ հեռու էր հայ-ռուսական ռազմավարական-գործընկերային փոխգործակցության ու փոխհամաձայնության աստիճանից: Պրն Իվանովիՙ լրագրողներին ու հեռուստատեսային օպերատորներին մոտենալուն պես, այնպիսի մի հրմշտոց սկսվեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի բարեժպիտ «ես ողջունում եմ Ձեզ» արտահայտությունն այդպես էլ անպատասխան մնաց: Հրմշտոցը սանձվեց ՀՀ պաշտպանության նախարարի մի քանի նկատողություններով. «Հանգստացեք եւ թույլ տվեք, որ մարդը խոսի»: Եվ որը ճեպազրույցից հետո էլ շարունակվեց լրագրողներ-օպերատորներՙ ով է ում առջեւը փակում, խանգարում աշխատել, հավերժ մեղադրանքներով եւ վեճով, ի վերջոՙ լրագրողների թեթեւ մարմնական վնասվածքներով, ասենք, քերծվածքներ, եւ կարծեմ, կոտրված տեսախցիկով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4