«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ՌՈՍՏՈՎԱՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ 1700-ԱՄՅԱԿԸ

ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ եւ կիրակի օրերին Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքում եւ Ռոստովի մարզում անցկացվեցին տոնական միջոցառումներՙ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Դրանք կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության մարզային մասնաճյուղը:

Ռուսաստանի հայերի միություն համառուսաստանյան հասարակական կազմակերպության մամուլի ծառայության համաձայն, հանդիսություններն սկսվել են շաբաթ օրըՙ մարզի Մյասնիկյանի շրջանի Չալդր գյուղումՙ շրջանի կազմավորման 75-ամյակի տոնակատարությամբ (Չալդրը մարզի ամենամեծ հայկական գյուղն է, որտեղ ապրում է 10 հազար մարդ, գործում է հայկական եկեղեցի): Ներկա են եղել Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Չուբը, Մյասնիկյանի շրջանի տեղական իշխանության ղեկավար Խ.Մանասյանը, ՌՀՄ փոխնախագահ Ա. Թափալցյանը, միությանՙ Ստավրոպոլի եւ Կրասնոդարի երկրամասերի մասնաճյուղերի ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս վրդ. Ներսիսյանը:

Հյուրերն այցելել են տոնավաճառ, որտեղ ցուցադրվում էր տեղի ձեռնարկությունների արտադրանքը, ունկնդրել են համերգ մարզի մշակույթի գործիչների կատարմամբ:

Կիրակի օրը Ռոստով է ժամանել ՌՀՄ պատվիրակությունըՙ նրա նախագահ Ա. Աբրահամյանի գլխավորությամբ, որի կազմում էին ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ա. Չիլինգարովը, քաղաքագետ Ա. Միհրանյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպանատան խորհրդական Է. Հարությունյանը: Այդ օրը տոնակատարությունն սկսվել է քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագով, որին ներկա են եղել նաեւ Հարավային ֆեդերալ օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Ս. Եպիֆանցեւը, Ռոստովի քաղաքագլուխ Մ. Չեռնիշեւը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները:

Պատարագից հետո, որ մատուցել է Եզրաս վարդապետը, հյուրերն ու կազմակերպիչներն այցելել են Նոր Նախիջեւան քաղաքի հիմնադիր Հովսեփ Արղությանցի (Իոսիֆ Արգուտինսկի-Դոլգորուկով) հուշարձան եւ ծաղիկներ դրել, որից հետո տեղի է ունեցել 1966 թվականին պայթեցված Գրիգոր Լուսավորիչ տաճարի տեղում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցում թանգարանի եւ Խաչքարի բացման արարողությունը:

Երեկոյան Ռոստովի պետական թատրոնում կայացել է արվեստի վարպետների համերգ, որից առաջ ընթերցվել են Գարեգին Բ վեհափառ Հայրապետի եւ Ռոստովի մարզի միտրոպոլիտ արքեպիսկոպոս Պանտիլիմոնի ողջույնի ուղերձները յուրաքանչյուր հայի համար այդքան նշանակալի իրադարձությանՙ Մեծ Դարձի 1700-ամյակի առթիվ:

Ռոստովի մարզի նահանգապետը պատրաստակամություն է հայտնել Սուրբ Խաչ տաճարը վերադարձնել Հայ Առաքելական եկեղեցու տիրապետությանը, ինչպես նաեւ քննարկել իր նախաստեղծ տեսքով Գրիգոր Լուսավորիչ տաճարի շինարարության հնարավորությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4