«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ԹԵԺ ԱՇՈՒՆՙ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՏԵՍՔՈՎ

Արմատականները նախագահական ընտրարշավի փող են հնչեցնում

ՀՀ սահմանադրության համաձայն, հանրապետության նախագահի պաշտոնանկման նախաձեռնություն կարելի է սկսել միայն այն ժամանակ, եթե նախագահը խախտել է սահմանադրության պահանջները կամ կատարել է պետական ծանր հանցագործություն: Ավելինՙ պաշտոնանկություն նախաձեռնողները լուրջ, անհերքելի փաստարկներ պետք է ներկայացնեն:

Քաղաքական ուժերի եռյակիՙ Հայաստանի ժողովրդական, Ազգային միաբանություն եւ Հանրապետություն կուսակցությունների շրջանառության մեջ դրված հայտարարությունը, որ բացառապես նախագահի «ապաշնորհ» հակասահմանադրական գործունեության եւ դրանից բխող հրաժարականին առնչվող չհիմնավորված մեկնաբանություններն են միայն, նշված է, թե «նախագահի խրախուսման պայմաններում անարգել ծաղկում են ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, կաշառակերությունը, պետությունը վտանգող չափերի հասնող պաշտոնատար անձանց կամայականությունները եւ ապօրինությունները: Ռ. Քոչարյանը ձգտում է նույնիսկ արդարացնել հանցավոր գործելակերպի արդյունքում փոշիացված ու մսխված շուրջ 1 մլրդ դոլար արտաքին պարտքի մարումըՙ ազգային հարստությունն օտարելու միջոցով»: Այս եւ նմանատիպ այլ մեղադրանքները, սակայն, ինչպես կարելի է նկատել, ոչ մի փաստական հիմնավորում չունեն: Պարզ չէ, ասենք, թե կոնկրետ ինչպես է նախագահն արդարացնում ազգային հարստությունն օտարելը նշված նպատակի համար, կոնկրետ ինչպես է խրախուսում ստվերային տնտեսությանը, կամ այդ ե՞րբ է նախագահն առաջ քաշել ահաբեկչության կազմակերպված չլինելու մասին որեւէ վարկած, որը պարտադրել է դատարանին եւ, սակայն, չհաստատվելուց հետո պատասխանատվության չի կանչվել: Սակայն, վկայակոչելով սահմանադրությունը, որը հստակ է խոսում նախագահի պաշտոնանկման դեպքերի մասին, կոչ են անում «հայրենակիցներին» «Ազգային ժողովի պատգամավորներից պահանջել սկսելու Ռ. Քոչարյանին պաշտոնանկ անելու գործընթացը»:

Չնայած կոչին, անցավ խորհրդարանական առաջին եռօրյան եւ պաշտոնանկման ոչ մի նախաձեռնություն շրջանառության չդրվեց: Արդյոք պատահակա՞ն է, որ մասնավորապես խորհրդարանում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական հենարան «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը զարմացած ինքն է հարցնում, թե այդ ի՞նչ պաշտոնանկման նախաձեռնության մասին է խոսքը, որ ինքը տեղյակ չէ: Կամ նույն Արտաշես Գեղամյանը եւ հատկապես ՀԺԿ-ականները, որոնք ոգեւորված թեժ աշուն էին խոստանում, ինչո՞ւ նման նախաձեռնություն խորհրդարանում չսկսեցին, թեեւ դրա իրավական բոլոր հիմքերն ունեին: Առավել եւս հիմա, երբ կարելի էր օգտագործել ազգաբնակչության եւ խորհրդարանականների բորբոքված նյարդերըՙ կապված րոպեավճարի ներդրման անորոշության եւ հարցի շուրջ ստեղծված լարված իրադրության հետ: Ինչո՞ւ Արտաշես Գեղամյանը, որն առիթը բաց չի թողնում Հայաստան այցելած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ իշխանությունների հանդեպ քաղաքական ուժերի անհանդուրժողականությունից խոսելու, ոչ մի քայլ խորհրդարանում չձեռնարկեց նման նախագիծ եւ ստորագրահավաք կազմակերպելու համար: Ինչո՞ւ է, ասենք, «Հանրապետության» անդամ Ղուկաս Ուլիխանյանը բավարարվում միայն հայտարարելով, թե առայժմ միայն նախագծի տեքստն է ձեւավորվում, այն դեպքում, երբ իր վրա վստահ ցանկացած ուժ նախքան նման հայտարարությամբ հանդես գալն արդեն կոնկրետ ձեւակերպված տեքստ է ունենում:

Որովհետեւ իրենց առաջ դրած խնդիրը բոլորովին էլ, որքան էլ զարմանալի է, այս պահին Քոչարյանի իշխանափոխությունը սկսելը չէ: Իշխանության համակարգում աշխատած Ա. Բազեյանը, Ա. Սարգսյանը կամ Սմբատ Այվազյանը չեն կարող չգիտակցել, որ իրենց հիմնավորումները, մեղմ ասած, բավարար չեն իրավական հարթության մեջ համոզիչ լինելու: Այս մարդիկ, որոնք այնքան էլ վստահ չեն իրենց ուժերին, եւ փոխադարձ վստահությունն այնքան էլ ամուր չէ, իշխանափոխության կոչերով պարզապես պաշտոնապես նախընտրական արշավի հրահանգ իջեցրին եւ հաղթանակի հասնելու հիմնական ուղին պոպուլիստական հայտարարություններով ընտրողներին հաճոյանալը եւ դիվիդենտներ շահելը դարձրին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ ո՚չ նոր ձեւավորվող կուսակցությունը, ո՚չ էլ մյուս արմատականները գաղափարապես նոր ասելիք քաղաքական եւ հասարակական դաշտում չունեն, իսկ ներկայանալու պահանջՙ որքան ուզեք:

Այս ամենի մասին է վկայում նաեւ, որ բացի արմատականներից, քաղաքական մյուս ուժերն իշխանափոխության հովերով տարված չեն: Անգամ ընդդիմադիր ուժերը, որոնք պարզապես զգուշանում են արմատականների հետ մեկ հարթությամբ գործելուց: ՀԺԿ-ից դուրս եկած հատվածները լուրջ չեն համարում նախագահի պաշտոնանկման նման նախաձեռնությունը, իսկ ԱԺԿ-ն, ՍԻՄ-ը լռություն են պահպանում:

Մյուս ուժերը, հատկապես խորհրդարանական, գտնում են, որ պաշտոնանկման համար ոչ մի հիմք առկա չէ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը գտնում է, որ իրավական ոչ մի հիմք դրա համար գոյություն չունի, որին միանալով «Ժողովրդական պատգամավորներ» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը եւս նախաձեռնության համար ոչ պահը, ոչ էլ հիմնավորումները լուրջ չհամարեց: Իսկ «Օրինաց երկիրն» իր հրապարակած կուսակցության հայտարարությամբ պարզ խոսում էր այն մասին, որ իրենց համար անընդունելի է նման մեթոդներով քաղաքական պայքարը եւ վստահեցնում այդ խարդավանքներին իրենց չմասնակցելու մասին:

Հնչեցնելով նախագահական ընտրությունների արշավանքի կոչնակըՙ «Հանրապետությունը» մեխանիկորեն պայքարի թատերաբեմ հրավիրեց հանրապետության նախագահին, որը զարմանալի արագ վերցրեց նետված ձեռնոցըՙ հայտարարելով հաջորդ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Շատ շուտով էստաֆետը կընդունեն նաեւ մյուս քաղաքական այն ուժերը, որոնք հավակնում են նախագահական աթոռին: Սակայն այս պահի դրությամբ խորհրդարանական ուժերի մեծամասնությունը բնական է համարում նախագահի հայտարարությունը, գտնելով, որ յուրաքանչյուր ոք, ըստ սահմանադրության, կարող է առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Սակայն նախատեսված 2003 թվականից այսքան շո՞ւտ.

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4