ՀՀ ԿԲ նախագահի պարզաբանումները հակաահաբեկչական միջոցառումների ուժեղացման, դոլար-եվրո հարաբերությունների ազդեցության մասին
ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից միջազգային դրամական շուկայում եվրոյի նկատմամբ դոլարի դիրքերի որոշ թուլացման հետեւանքով հնարավո՞ր է, որ Հայաստանում սկսվի ապադոլարիզացիա եւ եվրո արտարժույթի աշխուժացում: «Ազգի» հարցին ի պատասխան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսօր չկան տնտեսական հիմքեր եվրոյի ծավալները ՀՀ արտաքին ակտիվներում ավելացնելու համար: ՀՀ արտաքին ակտիվները բավականին արդյունավետ ու դիվերսիֆիկացված են: Հաշվի է առնված նաեւ եվրոյի հանգամանքը: Ակտիվներում եվրոյի ներկա ծավալը (ամբողջ ակտիվների շուրջ 20 տոկոսը), ըստ Տ. Սարգսյանի, բավարար է, որպեսզի ապահովվի մեր երկրի նորմալ ֆինանսական սպասարկումը եւ չլինեն խնդիրներՙ կապված վճարումների, արտաքին պարտքի սպասարկման հետ:
Տ. Սարգսյանը հիշեցրեց, որ եվրոյի արժեւորումը սկսվել էր դեռ մինչեւ վերջին իրադարձությունները: «Չեմ կարծում, որ մակրոտնտեսական առումով էական փոփոխություններ կլինեն աշխարհում, որպեսզի ազդեն եվրոյի ու դոլարի հարաբերակցության վրա»: Անկախ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ազդեցությունից, եվրոյի ու դոլարի հարաբերակցության հետ կապված փոփոխություններ պետք է տեղի ունենային, եւ ճիշտ չի լինի դրանք վերագրել միայն տեղի ունեցածին: 2002 թ.-ի հունվարից եվրոյի կանխիկ շրջանառությունը պետք է իրականացվի եվրոպական բոլոր պետություններում: Հայաստանում նույնպես եվրոն կդառնա նախընտրելի արտարժույթ: ՀՀ առեւտրային բանկերը նույնպես պատրաստվում են եվրոյով ծառայություններ մատուցելուն, քանի որ ազգաբնակչության համար, մանավանդ նրա այն մասի, որի կապերն ու գործունեությունը կապված են Եվրոպայի հետ, ավելի ձեռնտու կլինի աշխատել եվրոյով:
Ներկայումս ամերիկյան բանկային համակարգն աշխատում է նորմալ, եւ վճարումների, թղթակցային հաշիվների հետ կապված պրոբլեմներ, ըստ Տ. Սարգսյանի, չկան: Մանհեթենում տեղավորված էին համաշխարհային ցանց ունեցող կազմակերպություններ, եւ դրանց մի մասնաճյուղի խափանումը չէր կարող կանգնեցնել ողջ համակարգը:
Ընդհանրապես, ամբողջ աշխարհով արդիական խնդիր է դառնում հակաահաբեկչական միջոցառումների դեմ պայքարի ուժեղացումը: Հայաստանի համար էլ է դա արդիական: ՀՀ բանկային համակարգը նույնպես պետք է պատրաստ լինի տարբեր իրավիճակներում աշխատելու: ՀՀ ԿԲ նախագահը կարեւորում է պահուստային բանկերի, ռեզերվային ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը: Հայաստանի բանկերն աշխատում են միասնական վճարային համակարգով (90 տոկոսով), եւ ակնհայտ է դառնում, որ այլընտրանքային համակարգերը անհրաժեշտություն են, որպեսզի ցանցի հնարավոր խափանումների դեպքում ապահովվի բանկային համակարգի նորմալ գործունեությունը:
Տ. Սարգսյանը համաձայն չէ այն կարծիքին, թե Հայաստանի շուկան չարձագանքեց համաշխարհային շուկայում տեղի ունեցող խմորումներին, քանի որ թերկայացած է: «Աշխարհում կան կայացած շուկաներ, այդ դեպքում դրանք ինչու ազդեցության չենթարկվեցին», հարցնում է ՀՀ գլխավոր ֆինանսիստըՙ նորից ու նորից հիշեցնելով, որ համաշխարհային ֆինանսական բոլոր կազմակերպությունների ու մասնագետների գնահատականներով, համաշխարհային տնտեսական գործընթացները կատարված ահաբեկչությունների հետեւանքով չեն խափանվել, ԱՄՆ տնտեսությանը որեւէ վտանգ չի սպառնում: Տեռորիստական ակտը էական ազդեցություն չէր կարող թողնել այդ հզոր պետության տնտեսության վրա:
Տ. Սարգսյանը վստահ է նաեւ, որ փոփոխություններ չեն լինի Հայաստանում գործող վարկային եւ այլ ծրագրերումՙ ամերիկյան ու միջազգային:
Գ. ՄՈՒՔՈՅԱՆ