«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ԵՎՐԱԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 9-12-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհուրդը Վրաստան մեկնելուց առաջ այցելեց նաեւ Ալավերդու պղնձաձուլական գործարան:

Նպատակն էր տեղում ծանոթանալ գործարանի աշխատանքինՙ այստեղ ներդրում կատարելու հարցում կողմնորոշվելու համար: «Մանես եւ Վալեքս» գործարանն այսօր օգտագործում է իր հնարավորությունների մոտ 50 տոկոսը: Լինելով միակ գործող ձեռնարկությունն Ալավերդի քաղաքում, այն 460 աշխատատեղ է ապահովում: Հումքը ներկրվում է Կապանից եւ Քաջարանից: 2001 թ. գործարանն արտադրել է 8 հազար տոննա պղինձՙ մեկ ամսում մոտ հազար տոննա, որից 600-ը կոնվերտորային է, մյուս 400-ը ստացվում է թափոններից: Գործարանի տնօրինության համար առաջնային խնդիր է սեփական հումքային բազայի զարգացումը: Եվրաբանկի ներկայացուցիչների այցելության օրը Ալավերդու հանքավայրից հանվեց առաջին 120 տոննա հանքաքարը: Ենթադրվում է 2 տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասցնել օրական 900 տոննայի: Ալավերդու հանքատեղիում պղնձի ընդհանուր պաշարը կազմում է մոտ 120-140 հազար տոննա: Արտադրական հանքաքարում պղնձի միջին պարունակությունը 2,3 տոկոս է, աննշան քանակությամբ կան վիսմուտ, սելեն, կադմիում, սակայն մեկ տոննա պղնձի մեջ դրանց գինը 30 դոլարից քիչ է: Որպես հումք գործարանի համար նախատեսվում է օգտագործել նաեւ Թեղուտի հանքավայրի պաշարները:

Խոսելով առաջիկա 1-2 տարիների ծրագրերի մասին, գործարանի տնօրեն Վալերի Մեջլումյանը նշեց հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը, որը տարեկան կարտադրի 20-24 հազար տոննա խտանյութ, այսինքնՙ մինչեւ 6 հազար տոննա 94 տոկոսանոց պղինձ: Պարոն Մեջլումյանը հույս հայտնեց, որ Եվրաբանկը կդառնա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ներդնողներից մեկը, եւ առաջին փուլում ակնկալեց 3 մլն դոլարի ներդրում: Գումարը կօգտագործվի արտադրության ընդլայնման եւ որոշ էկոլոգիական հարցեր լուծելու նպատակով: Սա մոտակա 1-2 տարվա ծրագրերի մասին, իսկ հետագայում նախատեսվում է պղնձի արտադրությունը հասցնել տարեկան մինչեւ 40 հազար տոննայի, ինչն իրականացնելու համար հարկավոր են նոր ներդնողներ եւ ավելի քան 50 մլն դոլար:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4