«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՙ ԱՂՔԱՏ, ԱՆՏԵՐ ԵՎ ՇՓՈԹՎԱԾ

Անհեթեթությունների ժամանակաշրջան է ապրում հայերիս պետությունը: Մի կողմում իշխանությունում հայտնվող տարօրինակ մարդիկ են, մյուս կողմումՙ նրանցից առանձնացած ընդդիմադիրներ ու հայտնի քաղաքական գործչի բնորոշած անպետքություններ: Ու այսպես փորձում ենք անկախ Հայաստան կերտել: Կարծես չի ստացվում, քանզի այս տնտեսական վիճակում հայտնված մեր հանրության գերակշիռ մասն առավել է շփոթվումՙ չգիտես աղքատությունից, թեՙ անտերությունից:

Ողբերգականն այն է, որ այս գործընթացում կան անձինք, ովքեր մեկ ավտոբուսում տեղավորվող օրակազմ կուսանդամներ ունեցող կուսակցություններ ղեկավարելով իրենց ազգափրկիչներ են համարում: Ընդամենը 4-5 տարի առաջ նմանները քաոս էին կանխատեսում հացարտադրության ու տրանսպորտի մասնավորեցման արդյունքում. սարսափի ինչ տեսարաններ էին նկարագրվում եւ ինչ ունենք այսօր, անուրանալի փաստ է: Մեր մարդկանց շփոթահար վիճակում պահելու հիմնահարց է դարձել էլեկտրաէներգիայի ոլորտը, այն մասնավորին հանձնելու գործընթացը: Որպես սարսափ հիշեցվում է 1992-95 թթ. մղձավանջը: Ցավոք, իշխանական ու մասնագիտական միտքը (եթե, իհարկե, կա) երբեւէ հանրությանը չի բացատրում, թե արդյոք խավարի իրողությունը պայմանավորված էր միայն էներգակիրները լափելո՞ւ հանգամանքով: Պարզ մի հաշվարկ ներկայացնենք ընթերցողին. եթե 1985-ին ՀՍՍՀ ներկրված գազի, մազութի, միջուկային վառելիքի ու հիդրոկայանների միացյալ էլ. արտադրանքը պայմանական 30-32 մլրդ կվտ.ժ-ի էր համարժեք, 1992-95-ի յուրաքանչյուր տարում հաշվեկշիռը 8-9 մլրդ կվտ.ժ-ից ավելի չէր կարող լինել, որը կազմում է այն լավ տարիների հազիվ 25 տոկոսը: Հիշենք, որ ինչպես հիմա է ազգային հարստությունը բեւեռացած առավել հարուստ փոքր խավի ձեռքում, այնպես էլ այն օրերին էլ. հոսանքի զգալի մասն էին սպառում նրանք:

Չէի ցանկանա որեւէ մեկից լսել այն հարցը, թե ինչի՞ հաշվին վերջին տարիներին արտադրվող 6 մլրդ կվտ.ժամի պարագայում շուրջօրյա էլ. հոսանք ունենք: Թե ինչ որակի ու ինչքան էներգակիր ու էլ. էներգիա է ծախսվում մեր օրերում, ոչ ոք ոչ միայն չգիտի, այլեւ չի ասի, այդ մասին քիչ թե շատ տեղեկացվածները գերադասում են բարձրաձայն չխոսելՙ նկատի ունենալով նախորդ տարիների հայտնի դեպքերը: Ոչ միայն այսօրվա հզորների զայրույթին կարելի է արժանանալ, այլեւ նախորդների: Ահա հենց այս սարսափից ազատվելու նպատակով էլ ոմանք բարի մտայնությամբ առաջ են մղում համակարգն օր առաջ մասնավորեցնելու գործըՙ դրա մեջ տեսնելով ճյուղի վատթարագույնից խուսափելու ապագան: Ըստ մի լրատուիՙ ՀՀ նախագահի աշխատակազմ է ուղարկվել իրավասու մարմնի զեկույց, ուր ներկայացված հարցերի կողքին հանրահայտ կորուստ-գերկորուստները մանկական խաղեր են: Ահազանգեր կան ՀՀ կառավարությունում, մեր տնտեսությունը ղեկավարող Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում, ԱԺ խմբերում. վերջինիս փոխխոսնակներից մեկը մի առիթով թռուցիկ ակնարկեց հիմնահարցի մասին, որը կարծես ոչ ոք չնկատեց: Բայց արդյոք պետական բարձրաստիճան պաշտոնյային վայե՞լ է ակնարկելով խոսել: Եվ աստիճանաբար իրողություն է դառնում, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատրաստակամության մասին խոսքերը պարզապես շղարշի նպատակ են հետապնդում:

Ժողովրդին աղքատության ու անտերության վիճակից հանելու համար կամքի դրսեւորում է պահանջվում, որն իշխանության կողմից չցուցաբերվելու պարագայում պարզագույն միջոցներով շահարկվում է ընդդիմության կողմից: Համայնավարության վերադարձն ամոթ հռչակելու փոխարեն քաղգործիչների մի խումբ պատիվ է համարում այն գովերգելը, սոցիալիզմ կոչվածը փառաբանելը: Ներկայացվող աղյուսակը լավագույնս է ցուցադրում մեր ոչ հեռավոր անցյալը:

Որոշ ապրանքատեսակների համեմատական գնացուցակ

Այն երկիրն ընդամենը մարդ արարածի նվազագույն պահանջմունքները բավարարելու խնդիրն էր լուծելՙ նրա մյուս ցանկությունները պարզապես անտեսելով կամ ապագային թողնելով: Թե ով ու երբ է կամք դրսեւորելու եւ ասելու այս ճշմարտությունը, հայտնի չէ: Փոխարենը հայտնի է, որ ՀՀ սահմանադրությունն իր 55-րդ հոդվածի 1-ին իսկ կետով ՀՀ նախագահին պարտավորեցնում է ուղերձով դիմել ժողովրդին: Ժողովուրդը, որն, ըստ գործող նախագահի, նաեւ իր կուսակցությունն է, հավանություն կտա հանրությանը պատած դաշտի լիցքաթափմանն ուղղված ձեռնարկումներին: Այլ գործընթացն առավել է անպատվաբեր հայ հանրությանը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4