Համոզված է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ նախագահ Սերգո Կարապետյանըՙ սեփական գործարանի օրինակով
Այս օրերին ցերեկվա որոշակի ժամեր կան, որ Արտաշատի պահածոների գործարան տանող ճանապարհը դառնում է ուղղակի անանցանելի: Լոլիկով, վարունգով ու մրգերով բեռնված մեքենաները գալիս են ոչ միայն Արտաշատի շրջանի բնակավայրերից, Արարատից ու Մասիսից, այլեւՙ Արմավիրից, Էջմիածնից, Աշտարակից, Բաղրամյանից, նույնիսկՙ հեռավոր Կալինինոյից, Սիսիանից ու Եղեգնաձորից: «Գյուղացիները գերադասում են իրենց մթերքը հանձնել մեր գործարանին, քանի որ մենք վճարում ենք կանխիկ ու համեմատաբարՙ բարձր», բացատրեց Արտաշատի պահածոների գործարանի նախագահ Սերգո Կարապետյանը:
Այս տարի գործարանը մթերելու է մինչեւ 15 հազ. տոննա լոլիկ (եռակի ավելի անցյալ տարվա համեմատ), արդեն մթերվել է 1300 տոննա ծիրան, ինչը, ըստ պրն Կարապետյանի, մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ այս տարի ծիրանը քիչ էր, եւ ոչ մի ուրիշ գործարան չի մթերել: Նախատեսվում է մթերել մինչեւ 1000 տոննա դեղձ, 5000 տոննա խնձոր: Հստակ սահմանված գների հետ մեկտեղ գործարանը գյուղացիների առջեւ դնում է նաեւ իր պայմաններըՙ «միայն որակով միրգ ու բանջարեղեն»: «Որակը մեզ համար հաջող աշխատանքի թիվ մեկ պայմանն է»: Տնօրենը դրանով է բացատրում նաեւ գործարանի արտադրողականության ու արտահանումների տարեցտարի դինամիկ աճը:
1996 թ.-ին սեփականաշնորհված Արտաշատի պահածոների գործարանը մինչեւ 99 թ.-ը աշխատում էր իր հզորությունների 10 տոկոսի չափով: Խորհրդային լավագույն տարիներին տարեկան մինչեւ 50 հազ. միրգ ու բանջարեղեն վերամշակող այս ձեռնարկությունը կորցրել էր նախկին շուկաները, հնացել էին սարքավորումները, իսկ նորերը ձեռք բերելու համար չկային շրջանառու միջոցներ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման բանալին գտնվեց 1999 թ.-ին, երբ գործարանի եռամյա բիզնես-ծրագրի ֆինանսավորման համար ներգրավվեցին շվեյցարական «Անդրե գրուպ» ընկերությունը, Համաշխարհային բանկիՙ ձեռնարկությունների աջակցման վարկային ծրագիրն ու «Լինսի» հիմնադրամը: Մոտ 1 մլն դոլարի ֆինանսական ներարկումները, կարելի է ասել, վերակենդանացրին գրեթե մեռյալ գործարանը: Գնվեց տոմատի մածուկի իտալական հոսքագիծ (որի արժեքի 25 տոկոսը վճարեց «Անդրե գրուպը», իսկ 75 տոկոսըՙ ՀԲ-ն), դրան հաջորդած «Լինսի» վարկն էլ տրամադրվեց մթերումներին: 1999 թ.-ին մթերվեց 11 հազ. տոննա լոլիկ, արտադրվեց 1500 տոննա տոմատի մածուկ: Մածուկը գրեթե ամբողջությամբ, իբրեւ կիսաֆաբրիկատ, արտահանվում է, որից պատրաստվում են տոմատ, կեչուպ, հյութեր: Այս տարի արդեն մթերվել է 9000 տոննայից ավելի լոլիկ: Ընկերությունը գյուղացիների հետ աշխատում է նաեւ պայմանագրերով: Մոտ 800 գյուղացիական տնտեսություններ գործարանից ստացել են լոլիկի մշակության համար կանխիկ գումար ու սերմ եւ իրենց արտադրանքը, ըստ պայմանագրի, ամբողջությամբ հանձնում են գործարանին: Ս. Կարապետյանը պարզաբանեց, որ ամերիկյան սորտերն, ի տարբերություն տեղականների, տեխնիկական են, ավելի պինդ եւ ապահովում են արտադրանքի մածուցիկության բարձր տոկոսը (այդ ստանդարտը խորհրդային տարիներին չկար): Ըստ պրն Կարապետյանի, ճիշտ չէ այն կարծիքը, թե ամերիկյան լոլիկը համով չէ: Համը պայմանավորված է կլիմայական պայմաններով, իսկ Հայաստանի արեւը իր յուրահատուկ համն է տալիս ցանկացած բանջարեղենի ու պտղի: Նմանապես, ամերիկյան վարունգի սերմեր են բաժանվել գյուղացիներին, արդեն սկսվել են նաեւ վարունգի մթերումները:
2000 թ.-ից գործարանը մթերում է նաեւ մրգերՙ ծիրան, դեղձ ու խնձոր, պատրաստում ծիրանի, դեղձի ու խնձորի խտացված հյութեր, կոմպոտներ, ջեմեր, ընդհանուր առմամբՙ 14 տեսակի արտադրանք: Այս տարի դրանց թվին կավելանա կեչապը, որի փորձնական նմուշներն արդեն անցել են հաջող մարկետինգ մի քանի երկրներում, ինչպես նաեւՙ մարինացված վարունգն ու պոմիդորը: Գործարանը սկսել է տալ նաեւ հայաստանյան շուկայի համար գրեթե անհայտ, բաց արտասահմանում վաղուց հայտնի պահածոյացված կապառ:
Անցյալ տարի գործարանն արտահանել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, նույնքան էլՙ այս տարվա միայն առաջին եռամսյակում: Արտահանման աշխարհագրությունը (Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Մերձբալթիկա, Գերմանիա) նախատեսված է ընդլայնել մինչեւ Նյու Յորք ու Տոկիո: Արտահանումը խթանելու նպատակով նախատեսված է այս տարի ներդնել ISO 9002 միջազգային ստանդարտը: Գործարանը նախատեսել է ընդլայնել նաեւ հյութերի արտադրությունըՙ ձեռք բերելով նոր հոսքագծեր:
Վերը թվարկածը, սակայն, ըստ Ս. Կարապետյանի, ձեռք է բերվել բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու եւ մեծ ջանքերի գնով: «Դժվարությունները մարդու համար են: Ամենազարգացած երկրներում էլ դրանք կան, բայց դժվարությունները պետք է լինեն օբյեկտիվ», մինչդեռ, ըստ Ս. Կարապետյանի, բյուրոկրատական քաշքշուկը, հատկապես կապված մաքսային ծառայության արտահանումների հետ, հաճախ է արհեստական դժվարություններ ստեղծում: «Չինովնիկները, որոնք պիտի որ օգնեն մեզ, ավելի շատ խոչընդոտում են: Ակամա հանգում ես այն եզրակացությանը, որ այստեղ ուրախ չեն, որ այս գործարանն աշխատում է», եզրափակեց նա: Բերվեց մեկ կոնկրետ օրինակ: Վերջերս գործարանը ներկրելով 40 հազար դոլարի ասեպտիկ տոպրակներՙ տոմատի մածուկի համար, մաքսավորների ճնշման տակ ստիպված է եղել 12 հազար վճարել իբրեւ ԱԱՀ, մինչդեռ, ըստ Ս. Կարապետյանի, այդ ապրանքը հարկման ենթակա չէ, քանի որ նախ տարա է (տարաները չեն հարկվում) եւ երկրորդՙ արտահանման համար ներկրվող ապրանք է:
Սեփական գործարանի օրինակով Ս. Կարապետյանը համոզվել է, որ գյուղմթերքների վերամշակման ճյուղը շատ մեծ հեռանկարներ ունի Հայաստանում: Դրա համար կան մի քանի կարեւոր նախադրյալներՙ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է (ինչքան էլ պնդեն հակառակը), տեղական պտուղն ու բանջարեղենը որակական բարձր հատկանիշներ ունեն (այդ կարծիքին են առաջին հերթին արտասահմանցի մասնագետները), Հայաստանում կա պտղի, բանջարեղենի ավելցուկ, որը կարելի է թե՚ արտահանել եւ թե՚ տեղում վերամշակելՙ ստանալով մեծ օգուտ: Սակայն չկա գյուղմթերքների վերամշակման ճյուղի զարգացման հեռանկարային համալիր ծրագիր, կառավարության քաղաքականություն այդ ճյուղի նկատմամբ (ինչպես շատ երկրներում է), պետք է ապահովվեն արտոնյալ վարկեր եւ, վերջապես, գնահատվի մասնավոր հատվածի աշխատանքը: Եթե չկա նյութական օժանդակություն, գոնե բարոյական նեցուկ կանգնեն: «Եթե խիղճս կորցնեմ, գործարանի դուռը փակեմ, բանալին դնեմ գրպանս, ինչպես շատերն են արել, ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ չենք աշխատում»: Արտաշատի պահածոների գործարանի տնօրենն ու նախագահը, սակայն, այդպես չեն կարող վարվել, քանի որ լավատես է եւ համոզված, որ ինչ արվում է այժմ, թեկուզ մեծ ջանքերի գնով, մոտ ապագայում անպայման տալու է իր պտուղները:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ