«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2001-09-13 | #165, 2001-09-14 | #166, 2001-09-15


«ԱՅՍՏԵՂ ՄԵՆՔ ՄԵԶ ՉԵՆՔ ԶԳՈՒՄ ԻՆՉՊԵՍ ՕՏԱՐ ԵՐԿՐՈՒՄ»

Խոստովանեց ՌԴ պաշտպանության նախարարը Երեւանում

«Սերգեյ Իվանովի պաշտոնական այցը Երեւան նշանակալի իրադարձություն է: Եվ կրկնակի ենք արժեքավորում, քանզի տեղի ունեցավ ՌԴ նախագահիՙ մեր երկիր պաշտոնական այցի նախօրեին: Երեկ արդեն Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ բանակցություններ ենք վարել: Հասցրել ենք ստորագրել միջկառավարական համաձայնագրեր», երեկ ՌԴ եւ ՀՀ ուժային գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսին նշեց Սերժ Սարգսյանը:

Մինչ մամլո ասուլիսը, երկու նախարարները ստորագրեցին երկու համաձայնագիրՙ Ռուսաստանից Հայաստան գործուղվող ռազմական ոլորտի մասնագետների կարգավիճակի եւ անշարժ գույքի երկարաժամկետ փոխադարձ տրամադրման վերաբերյալ: Այսպիսով, պրն Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմական ոլորտին առնչվող շուրջ 40 միջպետական եւ միջկառավարական համաձայնագիր: «Կարծում ենքՙ սա ծանրակշիռ պաշար է: Ամուր իրավական դաշտ է ապահովում մեր ռազմական համագործակցության համար: Հիմա էլ շեշտում ենք մեր հարաբերությունների ռազմավարությունը», ասաց Ս. Սարգսյանը:

Ս. Իվանովն իր հերթին նշեց, թե վերջին տարիներին ՌԴ-ն ոչ միայն հրապարակում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների առաջնահերթության սկզբունքը, այլեւ փորձում է կյանքի կոչել: «Հայաստանը մեր ավանդական գործընկերն է: Մենք այստեղ մեզ չենք զգում օտար պետության տարածքում: Կարծում եմՙ հայկական կողմն էլ նույն զգացողությունն ունի մեր երկրում»: ՌԴ պաշտպանության նախարարը նշեց նաեւ, թե ընդհանուր առմամբ համագործակցությունը ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ ակտիվ է: «Մեր բոլոր ջանքերը պիտի գործադրենք, որ Հարավային Կովկասն ապրի խաղաղության, հանգստության, փոխըմբռնման մեջ, որպեսզի այդ երկրների ժողովուրդները գիտակցեն, որ իրենց զինված ուժերն այնտեղ, որտեղ հնարավոր է, որտեղ կա փոխադարձ ցանկություն եւ չի խախտվում միջազգային որեւէ նորմ, սերտորեն համագործակցելու են», հավաստեց Սերգեյ Իվանովը:

Վերադառնալով երեկ ստորագրված համաձայնագրերինՙ ՌԴ պաշտպանության նախարարը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց դրանց կոնկրետ նշանակությունը: Առաջինի առնչությամբ Ս. Իվանովը նշեց, թե այսուհետ Ռուսաստանի ռազմական ոլորտի մասնագետները Հայաստան կարող են գործուղվել պայմանագրային հիմքովՙ ինչպես ողջ քաղաքակիրթ աշխարհում: «Երկրորդ համաձայնագրից, ուղղակի կասեմ, շահում է ՌԴ զինված ուժերի 102-րդ բազան: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր զինվորականների սոցիալական վիճակին: Ձգտում ենք բարելավել նրանց պայմանները Ռուսաստանում: Եվ քանի որ բազան Հայաստանում տեղակայված կլինի դեռ երկար ժամանակ, կկամենայինք նաեւ Հայաստանում»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ռազմական համագործակցության հայկական եւ ռուսական կողմերի ներդրումները (ֆինանսական) համարժե՞ք են, Ս. Իվանովը պատասխանեց, թե անվտանգությունն անհնար է չափել ռուբլով, դոլարով կամ որեւէ դրամով:

«Եթե դրամի վերածենք անգամ միայն հայ կուրսանտների վերապատրաստումը ՌԴ-ում, կկազմի 50 մլն ԱՄՆ դոլար: Մեր երկու երկրների հարաբերությունները ռազմական ոլորտում առանձնահատուկ են եւ տարբերվում են մեր տնտեսական հարաբերություններից: Իսկ եթե համարժեքության մասին խոսենք, ապա հավասարակշռությունը խախտված է հօգուտ Հայաստանի», ավելացրեց Սերժ Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր են փոփոխություններ Վրաստանից ռուսական ռազմական միավորումների դուրսբերման գործընթացումՙ կապված ԱՄՆ-ում վերջին ահաբեկչական դեպքերի հետ, Ս. Իվանովը պատասխանեցՙ ոչ: Նա նշեցՙ այո, իրենց ռազմական միավորումները Վրաստանից դուրս բերելու, դրա ժամկետների վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումները միասնական չեն, բայց կապ չի տեսնում այս բանակցությունների եւ ԱՄՆ-ում ահաբեկչության միջեւ: Պրն Իվանովը մեկ անգամ էլ շեշտեց դեռ օդանավակայանում հայտնած միտքը. «ԱՄՆ-ում պատահածը սարսափելի ահաբեկչություն էր: Մենք մի քանի տարի ենք վերապրում ահաբեկչություններ: Հիշենք տասնյակ պայթյունները Ռուսաստանում, զոհերին: Մեզ համար արդեն մի քանի տարի պարզ է, թե որտեղից է սերում իրական սպառնալիքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ քաղաքակիրթ ողջ աշխարհի համար»:

Նախարարը նշեց նաեւ, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների հանդիպումը:

Մինչ Ս. Իվանովը կեզրափակեր իր պաշտոնական այցը Երեւան եւ կմիանար ՌԴ նախագահի գլխավորածՙ մեր երկիր ժամանած պատվիրակությանը, ՀՀ պաշտպանության նախարարը պարգեւատրեց նրան «Զինանշան» հուշամեդալովՙ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման եւ ռազմական համագործակցության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: Մարշալ Բաղրամյանի անվան շքանշանով պարգեւատրվեցին ՌԴ զինված ուժերի երեք բարձրաստիճան զինվորականներ:

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4