ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով արդեն շուրջ 10 տարի զբաղվում է ԵԱՀԿ-ն, եւ այդ առումով բավականին մեծ փորձ է կուտակել: Դա արդեն փաստ է, որի հետ պետք է հաշվի նստենք», ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանըՙ պատասխանելով Արմենպրեսի թղթակցի այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ինչպիսի՞ դիրքորոշմամբ կարող է մասնակցել Արցախի հակամարտության կարգավորմանը:
Թ. Մարգարյանն ընդգծեց նաեւ, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից երկուսըՙ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ՆԱՏՕ-ի առաջատար անդամներ են, եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ «այդ հարցով ամբողջ ՆԱՏՕ-ն» զբաղվի: «Այսօր այդ հակամարտության կարգավորմանը ՆԱՏՕ-ի մասնակցության հարցը չի քննարկվում, որովհետեւ մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում Մինսկի խումբը անելիք ունի», նշեց փոխարտգործնախարարը: