Երեկ ավարտվեց ԴԱՎ-ին նվիրված սեմինարը, որ սկսել էր երկուշաբթի օրըՙ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ Կրթության զարգացման ակադեմիայի (AED) նախաձեռնությամբ:
Սեմինարի առաջին նիստն ուղղված էր հասարակական կազմակերպություններին, լրագրողներին, քաղաքականություն մշակողներին: Հաջորդ երկօրյա հանդիպումները նվիրված էին ԴԱՎ-ին, որոնց մասնակցեցին մանկաբարձ-գինեկոլոգներ, նարկոլոգներ: Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին հանդիպումներն արյան փոխներարկման կայանների, լաբորատորիայի բժիշկների եւ համաճարակաբանների հետ էր, մասնավորապես նաեւ լրագրողների:
Երեկվա հանդիպումը լրագրողների հետ նպատակամիտված էր բացահայտելու ԶԼՄ-ների եւ ընդհանրապես լրատվության ռեալ դերը ԴԱՎ-ի մասին բնակչությանը տեղեկատվություն տալու առումով: Իր բազմամյա աշխատանքային փորձը եւ ուսումնասիրությունները հայ լրագրողներին մանրամասն հաղորդեց դոկտ. Ջեյմս Կիվանուկա Տոնդոնՙ Քոնեկտիկուտի համալսարանից: Դասախոս գիտահետազոտողը նախկինում Ուգանդայում աշխատել է որպես լրագրող, նրա գիտահետազոտական աշխատանքները նվիրված են եղել ԱՄՆ-ի եւ Աֆրիկայի Սահարա անապատի տարածքում ԴԱՎ-ի վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանմանը:
Մ. Բ.