«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


«ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՀ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»

Հաջողությամբ ավարտվեց Պուտինի այցը Հայաստան

ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, որ մենք զգում ենք ե՚ւ այստեղ, ե՚ւ փողոցներում: Այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ մեր բանակցություններում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ: Քննարկումները շատ հաջող էին: Մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների: Հիմա պիտի անել ամեն հնարավորը, որպեսզի թղթին գրվածն սկսի աշխատել եւ բարեհաջող անդրադառնա մարդկանց ապրելակերպի վրա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում», նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում ԵՊՀ-ում մեր ուսանողների եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ: Մայր բուհը Վլադիմիր Պուտինին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում: Մինչ այս հանդիպումը Վ. Պուտինն ավարտել էր Ռ. Քոչարյանի հետ բանակցությունները, հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին, ՀՀ ԱԺ նախագահին եւ խմբակցությունների ղեկավարներին, այցելել Ծիծեռնակաբերդ: Այնտեղ հուշամատյանում բարձրաստիճան հյուրը հետեւյալ գրառումն էր թողել. «Ռուսաստանը մշտապես ընդունել է հայ ժողովրդի այս ողբերգությունը որպես իր սեփականը: Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ»:

Այս այցը, որն, ինչպես ասաց Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի համար չափազանց կարեւոր իրադարձություն էր, եւ որին մեր երկիրը երկար էր սպասում, ամփոփվեց 6 փաստաթղթերի ստորագրմամբ, այդ թվումՙ «ՀՀ եւ ՌԴ միջեւ մինչեւ 2010 թ. տնտեսական համագործակցության մասին» պայմանագիրը, ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ խրախուսման, զբոսաշրջության բնագավառում համագործակցության, գիտական աստիճանների եւ կոչումների մասին փաստաթղթերի փոխճանաչման համաձայնագրերով:

Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ ստեղծելու նախաձեռնողը հայկական կողմն է

Այսպիսով ՌԴ նախագահիՙ ի սկզբանե տնտեսական շեշտադրումով հայտարարված պաշտոնական այցի գլխավոր արդյունքը դարձավ երկարաժամկետ տնտեսական համագործակցության պայմանագիրը: Այն, Ռ. Քոչարյանի համոզմամբ, հնարավորություն է ստեղծում Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը դարձնել առավել կանխատեսելի, հստակ եւ այն ուղղություններով, որոնք երկու կողմերն էլ համարում են ամենահեռանկարայինը: Ինչպես Ռ. Քոչարյանի հետ համատեղ մամլո ասուլիսին նշեց Վ. Պուտինը, այսօր բարեհաջող պահ է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, քանզի Ռուսաստանում նկատվում է տնտեսական որոշակի աշխուժացում, անցյալ տարի գրանցվել է տնտեսական 8 տոկոսի աճ: «Մենք Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռք բերեցինք կոնկրետ պայմանավորվածություններ, մոտ ժամանակներս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը առարկայական աշխատանք կսկսի ռուս-հայկական համատեղ ձեռնարկությունների ստեղծման առումով»: Խոսքը երկարաժամկետ համագործակցության շրջանակներում Ռուսաստանին ունեցած Հայաստանի պետական պարտքի դիմաց համատեղ ձեռնարկությունների ստեղծման եղանակի մասին է: ՀՀ նախագահը հերքեց հայաստանյան ԶԼՄ-ներում հայտնվող տեսակետը, թե Ռուսաստանն է պարտադրում պարտքի մարման նման եղանակ: ՌԴ նախագահն էլ վստահեցրեց, թե այս նախաձեռնության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, եւ որ խնդիրը տնտեսական համագործակցության խթանման մասին է, եւ կարեւորն այստեղ պարտքի մարումը չէ: Նա հավաստեց նաեւ, թե այս կտրվածքով իրենց բանակցությունները կենտրոնացված են եղել կոնկրետ ձեռնարկությունների վրա, եւ որ մինչեւ տարվա վերջ այս նախաձեռնությունը առավել հստակ եւ տեսանելի կդառնա:

ՌԴ փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Ռուսաստանի համանախագահ Իլյա Կլեբանովը պարզաբանեց, որ արդեն հոկտեմբերին միջկառավարական հանձնաժողովը կլրացնի երկարաժամկետ համագործակցության պայմանագիրը կոնկրետ հավելվածներով, այսինքնՙ կնշվեն կոնկրետ ձեռնարկությունները: Ի. Կլեբանովն առանձնացրեց էլեկտրոնակոմպոնենտային բազայի վերականգնումը Հայաստանում եւ էներգետիկ փոխգործակցությունը: «Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դիտում ենք որպես առանձին ծրագիր, նկատի ենք առնում նաեւ Հայաստանի ԲԷՑ-երի նորացումը: Այսօր Հայաստանում արդեն բանակցություններ են վարվում, եւ Ռուսաստանը միանշանակ կմասնակցի ԲԷՑ-երի սեփականաշնորհման մրցույթին, կմասնակցեն «ՌԱՕԵԷՍ»-ը, «Գազպրոմը», «Իտեռան» իրենց արտասահմանյան գործընկերների, մասնավորապես «Յունիոն Ֆենոզայի» հետ: Հայ լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանը չէ՞ր կարող առաջադրել պետական պարտքի մարման ավելի մեղմ ճանապարհ, Ի. Կլեբանովը պատասխանեց, որ Հայաստանի ֆինանսական վիճակն այսօր որոշակի ժամկետներում պարտքի վերաձեւակերպման հնարավորություն չի տալիս, եւ այս ճանապարհն այդ առումով ավելի մեղմ է, քանզի կբարելավի Հայաստանի արդյունաբերության վիճակը, կստեղծի աշխատատեղեր:

Այցի ավարտին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները հանդիպեցին երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այստեղ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե հուսով է, որ 1-2 տարուց Հայաստան-Ռուսաստան համագործակցության մասին խոսելիս այլեւս չպիտի ասվի, թե տնտեսական ոլորտը զիջում է ռազմաքաղաքականին: Քոչարյանը նշեց, թե տնտեսական ինչ-որ համագործակցություն այսօր էլ կա, խոսքը դրա սերտացման մասին է: Վ. Պուտինն էլ ավելացրեց, թե Ռուսաստանի ուղղակի ներդրումներն անցյալ տարի ավելացել են 30 տոկոսով: Հասնելով համագործակցության սերտացման առավել կոնկրետ խնդիրների քննարկմանըՙ Վ. Պուտինը կոչ արեց գործարարներին մտածել Փոթի-Պորտ-Կովկաս լաստանավային ճանապարհի գործարկման ելքերի մասին: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տրանսպորտային ուղղակի կապը սկզբունքային խնդիր է, եկենք միասին մտածենքՙ ինչպես վարվել»:

«Չեմ ուզում, որ ԼՂ խնդրի լուծման գտնվելուց հետո կողմերից մեկն ասի, թե զիջել է Ռուսաստանի ճնշմամբ»

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում նշեց, թե առանց Ռուսաստանի ակտիվ մասնակցության այդ խնդրի կարգավորումն ուղղակի անհնար է, եւ որ միջնորդների մեղքով չէ գործընթացն այսօր կանգնած, այլՙ հակամարտության կողմերի: Վ. Պուտինն էլ, ինչպես մամլո ասուլիսին, այնպես էլ ուսանողների հետ հանդիպմանը, իր հերթին վստահեցրեց, թե Ռուսաստանը պատրաստ է դրական դեր խաղալ խնդրի կարգավորման այն քաղաքականության մեջ, որ վարում են այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նա ասաց, թե նախորդ ժամանակներից մեզ մնացած այս խնդրի հանգուցալուծումը միմիայն Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքերում է, եւ որ Ռուսաստանը կպաշտպանի կարգավորման ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Պրն Պուտինը պարզաբանեց, թե Ռուսաստանն իսկապես շահագրգռված է կոնֆլիկտի լուծմամբ, ու եթե երբեւէ որեւէ մեկին թվացել է, թե Ռուսաստանը կամենում է ձուկ որսալ պղտոր ջրում, այդպես չէ: «Քանի որ մեր ռազմավարական, առաջին հերթին տնտեսական շահերին շատ ավելի համապատասխանում են Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղ փոխհարաբերությունները: Այդ դեպքում մենք կարող ենք առավել արդյունավետ զարգացնել տնտեսական համագործակցությունը: Օրինակ, շատ խնդիրներ հանգում են տրանսպորտային ենթակառուցվածքին»: ՌԴ նախագահը ճշտում մտցրեց նաեւ, թե ինքը չէր ուզենա, որ որեւէ լուծում գտնվելուց հետո Ռուսաստանը մեղավոր համարվի: «Ի՞նչ է կոմպրոմիսըՙ որեւէ մեկի կողմից զիջում: Ես չէի ուզենա, որ այդ կոմպրոմիսից հետո որեւէ կողմ ասի, թե մենք զիջեցինք Ռուսաստանի ճնշման ներքո: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմՙ ԼՂ հակամարտության կարգավորումը ձեր խնդիրն է, եւ դուք եք լուծելու»: Վ. Պուտինը հայտնեց Ռուսաստանի պատրաստակամությունըՙ համաձայնության գալուց հետո աջակցել եւ այդ պահից հետեւել, որպեսզի չխախտվի:

«Ես եւս ինձ մեղավոր եմ զգում ԱՄՆ-ում տեղի ունեցածի համար»

Իր մեղքի զգացումը ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական դեպքերի առումով Ռուսաստանի նախագահը բացատրեց նրանով, որ թեպետ ահաբեկչության սպառնալիքի մասին շատ էր խոսվում, բայց հավանաբարՙ ոչ բավարար, որպեսզի ահաբեկչական այդ ակտը տեղի չունենար: Ըստ նրա, տեղի ունեցածն իր մասշտաբներով եւ դաժանությամբ համեմատելի է նրա հետ, ինչ անում էին ժամանակին նացիստները: «Ես չեմ կարող չխոսել այն մասին, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում: Ողբերգական այդ դեպքերը ստիպեցին մեզ նորովի գնահատել հավաքական անվտանգության գոյություն ունեցող համակարգը»: Վ. Պուտինի համոզմամբ, աշխարհում իրավիճակը փոխվել է ոչ ԱՄՆ-ի ահաբեկչական ակտի հետ կապված: Նրա հավաստմամբ, իրավիճակը վաղուց էր փոխվել, պարզապես, ցավոք, մենք դա չէինք նկատում, «ԱՄՆ-ի ողբերգական դեպքերը միայն հաստատեցին այդ փոփոխությունները»: Ըստ Վ. Պուտինիՙ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների համար Մ. Նահանգների դեպքերն առանձնահատուկ նշանակություն ունեն, ու մենք պիտի ամրապնդենք ե՚ւ մեր, ե՚ւ միջազգային անվտանգության համակարգը: Ռուսաստանի ղեկավարը տեղեկացրեց, թե անվտանգության նոր համակարգի չափանիշները կքննարկվեն ու կմշակվեն ամենամոտ ժամանակներս Շանհայումՙ իր եւ ԱՄՆ-ի նախագահի հանդիպման, այս տարի Մ. Նահանգներ նախատեսվող իր այցի, ինչպես նաեւ Բրյուսելում Եվրամիության ղեկավարության հետ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում նախատեսվող իր հանդիպումների ընթացքում: Ռ. Քոչարյանն էլ ավելացրեց, թե ՌԴ առաջնորդն այս մասին խոսել է շատ որոշակի նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցածից առաջ էլ: Եվ որ միջազգային ահաբեկչության խնդիրների կտրվածքով երկու նախագահների բանակցությունների օրակարգում եղել են քննարկումներ նաեւ ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Նյու Յորքում եւ Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի հակաքայլերի վերաբերյալ Վ. Պուտինը նշեց, թե բոլոր գործողությունները պիտի հիմնվեն իրական, հավաստի փաստերի վրա: «Կատարելապես վստահ եմ, որ չարը պիտի պատժվի: Ինչ վերաբերում է Հայաստանի կամ Ռուսաստանի անմիջական մասնակցությանը հակաահաբեկչական գործողություններին, ապա նշեցինք, որ տարածաշրջանում հակաահաբեկչական խնդիրները կարող ենք լուծել ԱՊՀՙ վերջերս ստեղծված հակաահաբեկչական կենտրոնի շրջանակներում», ասաց Վ. Պուտինը: Նա նշեց նաեւ, թե իրենք կովկասյան քառյակը (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման լավ մոդել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4