«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԽԱՐՍԽՎՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՎՐԱ

Ամենագլխավոր ու առանցքային համաձայնագրերը չստորագրվեցինՙ հետաձգվելով մինչեւ տարեվերջ

ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված 8 համաձայնագրերից կնքվեց 6-ը: Ատոմային էներգետիկայի եւ գազամատակարարման ոլորտում հայ-ռուսական համագործակցությունների մասին համաձայնագրերը հետաձգվեցին: Այդ երկու համաձայնագրերը, փաստորեն, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համաձայնագրերի փաթեթի մեջ ամենակարեւորն ու հրատապն էին, որոնք նախապատրաստվում էին արդեն տեւական ժամանակ (դրանով էին պայմանավորված նաեւ ՀՀ էներգետիկայի նախարարի վերջին շրջանի երկարատեւ գործուղումները Մոսկվա): Համաձայնագրերի հետաձգումը ըստ ամենայնի ունի երկու բացատրությունՙ կամ ծավալուն լինելու պատճառով հնարավոր չէր եղել ավարտին հասցնել, կամ էլՙ որոշ կարեւոր հարցերի շուրջ (մասնավորապես գազամատակարարման սակագների, համակարգի ձեռնարկությունների համատեղ շահագործման եւ այլն) տարաձայնություններ կան:

Էներգետիկ բնագավառը հայ-ռուսական տնտեսական մերձեցման ամենաառանցքային ոլորտն է: Պատահական չէ, որ ՌԴ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում ներկայացված էր Ռուսաստանի էներգետիկ ոլորտի ողջ վերնախավըՙ ՌԴ էներգետիկայի նախարարն ու ատոմային էներգետիկայի փոխնախարարները, Ռուսաստանի երկու խոշորագույն ընկերությունների ղեկավարներըՙ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու «Իտեռա գրուպի» նախագահ Իգոր Մակարովը (ի դեպ, անձնական ինքնաթիռով): Շաբաթ օրը այցի շրջանակներում ՌԴ էներգետիկ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները «Հայռուսգազարդ» հայ-ռուսական ՀՁ-ում մոտ 1,5 ժամ քննարկումներ ունեցան ՀՀ էներգետիկայի նախարարի, ՀՁ հայաստանցի գործընկերների հետ:

Հանդիպման վերջում տեղի ունեցած բրիֆինգում ՀՀ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը տեղեկացրեց, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու կոորդինացիոն խորհուրդ, որը կզբաղվի երկու երկրներին հետաքրքրող ամբողջ համալիր հարցերով: Դրանք, ըստ Կ. Գալուստյանի, ընդգրկում են ամբողջ ոլորտըՙ էլեկտրաէներգետիկան, էներգակիրների մատակարարումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու շահագործումը, էլեկտրաէներգիան եւ գազը երրորդ երկրներին վաճառելը: Նա տեղեկացրեց, որ վերջնականապես լուծվել են ամենահրատապ հարցերը, մասնավորապեսՙ ատոմային վառելիքի (այժմ խնդիրը ՌԴ -իր Հայաստան վառելիքի տեղափոխման կազմակերպումն է), 17 մլն դոլարի պարտքի վերակառուցումըՙ մինչեւ 2002 թ. եւ այլն: Քննարկվել են նաեւ «Հայռուսգազարդի» կառուցվածքի, ներդրումների խնդիրները (հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ինՙ 280 մլն դոլարի կանոնադրական կապիտալով: Ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է ռուսական կողմին (45 տոկոսըՙ «Գազպրոմին» եւ 10-ըՙ «Իտեռային»):

«Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցությանը Ռուսաստանը ռազմավարական նշանակություն է տալիս», իր հերթին շեշտեց ՌԴ էներգետիկայի նախարար Յուսուպովը: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ենթադրում էներգետիկ բնագավառի հայ-ռուսական համաձայնագիրը, ՌԴ նախարարը տեղեկացրեց, որ ենթադրաբար մինչեւ տարեվերջ վերջնական ավարտին կհասցվի: Էներգետիկ բնագավառում երկու երկրներն ունեն կարեւոր եւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցեր, որոնք հիմնավոր քննարկումներ են պահանջում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվելիք արտոնություններին, ապա, ըստ Կ. Գալուստյանի, շատ կարեւոր է, որ դրանք երկուստեք հավասարարժեք լինեն: Հայկական կողմից պահանջ էր դրվել իջեցնել Հայաստան առաքվող գազի սակագինը: Սակայն իրականում հնարավոր է ճիշտ հակառակը, քանի որ հոկտեմբերի 1-ից ՌԴ-ն մինչեւ վրացական սահման մատակարարվող 1000 խմ սակագինը 50 դոլարից հասցնելու է մինչեւ 56 դոլար, ինչը կանդրադառնա նաեւ Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի գնի վրա: Այդ մասին հարցին ի պատասխան «Իտեռայի» նախագահ Ի. Մակարովը տեղեկացրեց, որ սակագնի բարձրացումը ՌԴ կառավարության նախաձեռնությունն է եւ իր ընկերության հետ կապ չունի: Հնարավոր է, որ կառավարությունը վերանայի այդ որոշումը: Անպատասխան մնաց ճշտող հարցն այն տեղեկության մասին, թե ռուսական ընկերություններըՙ «ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Իտեռան» նրանց գործընկեր իսպանական «Յունիոն Ֆենոզայի» հետ մեկտեղ կոնսորցիումի ձեւով մասնակցելու են ՀՀ ԲԷՑ-երի միջազգային մրցույթին: Կ. Գալուստյանն առաջ ընկնելով նշեց, որ դեռ ընթանում է որակավորման գործընթացը, հարցը քննարկվում է եւ կարիք չկա անհարմար վիճակի մեջ դնելու ռուսական կողմին: Հնարավոր չեղավ լրացուցիչ տեղեկություն ստանալ նաեւ «Իրան-Հայաստան» գազամուղին ռուսական «Գազպրոմ» ընկերության հնարավոր մասնակցության մասին: «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերը վստահեցրեց, որ մոտ օրերս վերջնական լուծում կկայացվի:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4