«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


«ՄԵՏՐՈՊՈԼԸ» ՀԱՄԱԼՐԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ

«Ավելի, քան հինգաստղանի հյուրանոց»ՙ Անդրանիկ Մանուկյանի գնահատականը սեփական հյուրանոցին

Երեւանի ամենաաչքի ընկնող վայրումՙ Հրազդանի կիրճի, «Հաղթանակ» կամուրջի ու Ս. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ նորաբաց «Մետրոպոլ» հյուրանոցն այսօր կընդունի իր առաջին հյուրերինՙ 1700-ամյակի շրջանակներում Երեւան ժամանած բելգիացի հոգեւորականների ու ուխտավորների: Երեկ հյուրանոցի հանդիսավոր բացմանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանըՙ կտրելով հյուրանոցի ժապավենն ու հաստատության սեփականատեր, ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ուղեկցությամբ ծանոթացավ հյուրանոցի «բարեմասնություններին»: Իսկ դրանք շատ են (դրսից ու ներսից շքեղ ու ներկայանալի ոճավորում, կահավորում եւ այլն), որոնց շնորհիվ Ա. Մանուկյանի բնորոշմամբՙ «Մետրոպոլը» ավելի քան հինգաստղանի է»: Գործարար, նախկին ԱԺ պատգամավոր ու նախարարի անձով է, թերեւս, պայմանավորված, որ հյուրանոցի բացմանը ներկա էին հանրապետության քաղաքական-տնտեսական գրեթե ողջ վերնախավը, կառավարության գրեթե բոլոր անդամները (նույնիսկՙ ուժային նախարարները), բացառությամբ վարչապետի, ինչպես նաեւ ԱԺ բազմաթիվ պատգամավորներՙ ԱԺ նախագահի հետ, նաեւՙ բազմաթիվ դիվանագետներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ա. Մանուկյանի ներկայացրած տվյալներով, «Մետրոպոլ» հյուրանոցն ունի 40 հյուրանոցային համարՙ 63 տեղի համար նախատեսված: Առաջին հյուրանոցն է, որն ունի ստորգետնյա ավտոկանգառ: Հյուրանոցն ունի նաեւ ընդարձակ ու շքեղ նիստերի դահլիճ, ռեստորան, ջրավազան, մի խոսքովՙ հինգասղանի հյուրանոցին վայել բոլոր ծառայությունները: «Մետրոպոլ» անունը, ըստ Ա. Մանուկյանի, համաձայնեցված է հայտնի հյուրանոցային ցանցի հետ, եւ «անունն արդեն վկայում է, որ հինգ եւ ավելի աստղանի է»: Հյուրանոցում աշխատելու է 100 մարդ: Հյուրանոցի գները, ըստ նրա սեփականատիրոջ, մրցակցային են: Ներդրումների ծավալի մասին չասվեց, նշվեց միայն, որ «մեծ, շատ մեծ ծախսեր են կատարվել»:

Հիշեցնենք, պետեկամուտների նախարար եղած ժամանակ Ա. Մանուկյանը դեռ շինարարության ընթացքի մեջ գտնվող հյուրանոցի մասին նշել էր, որ շինարարությունն իրականացնում է իբրեւ հաջողակ գործարար: Երեկ հիշեցվեց, որ հյուրանոցի շինարարությունը սկսվել է դեռ 1997 թ.-ից, այսինքն, երբ պրն Մանուկյանը դեռ նախարար չէր: Ա. Մանուկյանը իբրեւ գործարար սկսել է ավտոմեքենաների ներկրումիցՙ հիմնելով «Արարատ-Լադա» ընկերությունը, հետեւաբար հյուրանոցաշինությունը նոր ոլորտ է նրա համար: «Որքանո՞վ է շահութաբեր այդ բիզնեսը» հարցին ի պատասխան նշվեց, որ դա Հայաստանում հեռանկարային է, նաեւՙ գործում է հարկային դաշտում (դա արդեն նախկին ՊԵ նախարարի գնահատականն էր): Ինչ վերաբերում է «Մետրոպոլի» ծախսերինՙ «ծախսերը հանենք, մենք էլ դառնանք պարտաճանաչ հարկատու»: «Մետրոպոլի» հանդիսավոր բացումը եզրափակվեց ճոխ ընթրիքովՙ կազմակերպված ՀՀ նախագահի ու բարձրաստիճան հյուրերի պատվին:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4