«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2001-09-14 | #166, 2001-09-15 | #167, 2001-09-18


ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

Ս/թ սեպտեմբերի 15-ին պապական Կաստել Գանդոլֆո պալատում Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Է. Նալբանդյանը իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի պապ Հովհաննես-Պողոս II-ին:

Պաշտոնական արարողությունից հետո Հռոմի պապի հետ առանձնազրույցի ընթացքում շոշափվեցին հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի, քրիստոնեական արժեքներին նրա հավատարմության, Հայաստանի եւ Վատիկանի, ինչպես նաեւ Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիների միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը: Առանձին ուշադրություն դարձվեց սեպտեմբերի 25-27-ը Հայաստան կատարելիք Հռոմի պապի այցին:

Դեսպանը քահանայապետին փոխանցեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի ողջույնները եւ Հայաստանում վերջինիս շուտով տեսնելու մաղթանքները:

Իր հերթին Հովհաննես-Պողոս II-ն ասաց, որ ուրախությամբ է սպասում ճամփորդությանը դեպի քրիստոնեական հնագույն ավանդների եւ սրբավայրերի երկիր, որն իրեն առիթ կտա հանդիպելու Հայաստանի ղեկավարության եւ հայ ժողովրդի հետ, ինչպես նաեւ մասնակցելու Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններին: Նա առանձին գոհունակություն հայտնեց հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հետ կայանալիք հանդիպման կապակցությամբՙ ջերմորեն վերհիշելով երկու տարի առաջ Վատիկան կատարած նրա այցը:

Այս ճամփորդությունը հնարավորություն կտա նաեւ շարունակելու եւ ամրապնդելու արգասաբեր երկխոսությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ, որ սկսվել էր հանգուցյալ Վազգեն Ա եւ Գարեգին Ա վեհափառների օրոք եւ հաջողությամբ շարունակվում է այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից, շեշտեց քահանայապետը:

Հայաստանի պատմությունը ներծծված է բազմաթիվ տառապանքներով, շարունակեց Հռոմի պապը, սակայն դարասկզբի ահավոր ողբերգություններից հետո, որոնց գագաթնակետը 1915 թ. իրադարձություններն էին, Հայաստանը կարողացավ ոտքի կանգնել եւ իր անկախությունը վերանվաճել:

Է. Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Վատիկանի կառավարության ղեկավար, պետքարտուղար կարդինալ Անջելո ՍՈԴԱՆՈՅԻ, պետքարտուղարի տեղակալ արքեպիսկոպոս Լեոնարդո ՍԱՆԴՐԻԻ, արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Ժան-Լուի ՏՈՐԱՆԻ հետ, որոնց ընթացքում քննարկվեցին ինչպես Հռոմի պապի առաջիկա այցի, այնպես էլ Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցեր:

Իտալական թերթերը եւ հատկապես Վատիկանի պաշտոնական մամուլը լայնորեն անդրադարձան Հռոմի պապի եւ Է. Նալբանդյանի հանդիպմանը: Վատիկանի պաշտոնաթերթ «Օբսերվատորե Ռոմանոն» ամբողջությամբ տպագրեց պաշտոնական արարողության ընթացքում ՀՀ դեսպանի ելույթի եւ Հռոմի պապի պատասխանի տեքստերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4