«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2001-09-15 | #167, 2001-09-18 | #168, 2001-09-19


ԱՖՂԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Դա պարզապես կնպաստի ռազմարդյունաբերական ֆիրմաների հետագա հարստացմանը

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Նախորդ համարում «Ազգը», ելակետ ընդունելով Աֆղանստանի ռազմաքաղաքական զարգացումների դինամիկան, փորձեց ցույց տալ պատերազմական գործողությունների անհեռանկարայնությունն այդ երկրում: Միաժամանակ փորձ արվեց ընդգծել, որ առաջիկա պատերազմում ԱՄՆ-ի համար հեռանկարից գրեթե զուրկ են աֆղանական պետության անմիջական հարեւանների աջակցությանն ապավինելու հաշվարկները: Աֆղանստանի բոլոր հարեւաններըՙ ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետությունը, թալիբների իշխանության տապալման հարցում կարող են համամիտ լինել նախագահ Ջորջ Բուշի վարչակարգի հետ: Հարցը, սակայն, թալիբները չեն, այլ նրանց տապալումով Աֆղանստանում ամերիկյան վերահսկողության հաստատումն ու ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ապահովումը:

Որքան էլ կոնգրեսական Բարբարա Լիին ամերիկյան զորքերի Աֆղանստան ներխուժման առնչությամբ հայտարարի, թե «դա կլինի պատերազմ առանց հատուկ նպատակի», այնուամենայնիվ, ներխուժման դեպքում ԱՄՆ-ի առջեւ բացվելու է Միջին Արեւելքի երկրներն ամբողջովին վերահսկելու հեռանկարը, նա ձեռք է բերելու Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար ազդեցության հավելյալ լծակներ, միանգամայն ընդլայնվելու են Միջին Ասիայում դիրքեր ամրապնդելու նրա հնարավորությունները: Այլ կերպՙ Պակիստանի կողքին նաեւ Աֆղանստանում ռազմական ներկայությունն ապահովելու հեռանկարը միանգամայն նպատակային է դարձնում աֆղանական առաջիկա պատերազմը, բայց ոչ թե ահաբեկչությունը հակադարձելու, այլ քաղաքական զարգացումները Միջին Արեւելքում եւ հարակից տարածաշրջաններում վերահսկելու առումներով:

Ինչ վերաբերում է Ուսամա բեն Լադենին, որին «ողջ կամ մեռած» թալիբներից պահանջում է նախագահ Բուշը, ապա նա վերջին տվյալներովՙ իր 4 կանանց բազում զավակների եւ բազմաթիվ թինապահների հետ լքել է «Ալ Ղաիդայի» Ղանդահանում գտնվող ճամբարը: Քաբուլում թալիբների հետ դեռ շարունակվում են Պակիստանի հետախուզական ծառայությունների պետ Մահմուդ Ահմադի գլխավորած պատվիրակության բանակցությունները բեն Լադենի շուրջ: Ի դեպ, եթե նախագահ Բուշը Պակիստանի միջոցով թալիբներից պահանջում է անհապաղ բեն Լադենին հանձնել, ապա փոխնախագահ Դիք Չեյնինՙ կարծես հաստատելու համար ԱՄՆ-ի բուն նպատակների մասին բոլոր ենթադրությունները, հայտարարում է, որ «նրա հանձնումը բավարար չէ: Դա Աֆղանստանի դրությունը չի կարող փրկել»:

Թալիբները, ըստ երեւույթին, բեն Լադենին չեն հանձնի: Համենայն դեպս, այս հարցը թերեւս որոշվի վերջիններիս վրա մեծ ազդեցություն ունեցող Աֆղանստանի կրոնական առաջնորդ մոլլա Մոհամադ Օմարի ու գերագույն հոգեւոր խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված է 600 իսլամ հոգեւորական: Հարկ է, սակայն, նշել, որ Աֆղանստանի քաղաքական ճակատագրի առումով բեն Լադենը առանձնապես կարեւոր չէ: Սակայն ամերիկյան նկրտումների համար միանգամայն պետք է կարեւորել իսլամ արմատականների այն հակազդեցությունը, ինչին բեն Լադենին «ողջ կամ մեռած» պահանջելովՙ բախվում է ԱՄՆ-ը:

Սեպտեմբերի 18-ին թուրքական պետհեռուստատեսությունը ուղիղ եթերում հեռախոսակապ հաստատեց Իսլամաբադի հետ: Պատասխանելով հարցին, պաշտոնաթող գնդապետ Մասութ Աքբար Շեյխը բառացի նշեց. «Թալիբների համախոհները լցվել են փողոցները, հակաամերիկյան կարգախոսներով: Նրանց թիվը հետզհետե աճում է: Սա չափազանց մտահոգիչ է: Կրոնական առաջնորդները, մատնանշելով այս փաստը, ընդգծում են, որ երկրի բնակչությունը բացառապես դեմ է ԱՄՆ-ին Պակիստանի աջակցությանը»: Երեկ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը պատրաստվում էր Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի հավանական ագրեսիայի առնչությամբ երկրում բորբոքված կրքերը հանդարտեցնելու համար կոչով դիմել պակիստանցիներին:

Նույն աղբյուրի համաձայն չի բացառվում, որ թալիբների եւ նրանց համախոհների ելույթներին ականատես լինի նաեւ Թուրքիան: Ի վերջո, ինչպես նշում է «Փոսթա» թերթը սեպտեմբերի 18-ի համարում, ժամանակին շուրջ 1000 թալիբ գրոհային Թուրքիայից անցել էին Չեչնիա: Ըստ թերթիՙ վերջիններիս առկայությունը Թուրիքայում, իսկ բեն Լադենի գրոհայինների ներկայությունն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվումՙ Արեւմուտքի, լրջորեն մտահոգում է ինչպես թուրքական իշխանություններին, այնպես էլ արեւմտյան տերություններին: Խոսքը ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքների մասին է, ինչն ամերիկացիներին հասկանալի պատճառներով չի մտահոգում, այլ ահուսարսափի մեջ է գցում: Այդ ընթացքում Ալժիրում իսլամ արմատականները, հանդես գալով ինչպես բեն Լադենի, այնպես էլ թալիբների պաշտպանությամբ, «սրբազան պատերազմ» են հայտարարում ԱՄՆ-ին եւ նրա արեւմտյան դաշնակիցներին: Դեռ ավելինՙ նրանք փոխհատուցման սպառնալիքով նախազգուշացնում են վերջիններիս Արեւմուտքի շահերին հարվածելու իրենց վճռականության մասին:

Հետեւաբար ահաբեկչության պատրվակով Աֆղանստանում իր շահերն առաջ մղելով ԱՄՆ-ը ոչ միայն ահաբեկչական նոր գործողությունների նախադրյալներ է ստեղծում, այլեւ ահաբեկչության սպառնալիքի առջեւ է կանգնեցնում այն բոլոր երկրներին, որոնց հետ նա սերտորեն դաշնակցում է: Թերեւս այդ սպառնալիքի առումով չափազանց ուշագրավ է հայտնի թուրք քաղաքագետ Հասան Քյոնիի նախորդ օրվա հեռուստաելույթը, որի ընթացքում նա ասաց. «Դեսպանատանն ամերիկացիներն ինձ խոստովանեցին, որ ԱՄՆ-ում իրագործված ահաբեկչությունն աներեւակայելի բծախնդրությամբ էր ծրագրվել: Ըստ նրանց, դրա կազմավորման համար 1,5-2 տարվա մանրակրկիտ աշխատանք էր պահանջվում: Լսելով այդ մասին, երբ ես հարցրի, թե ահաբեկիչներն աներեւակայելի մանրակրկիտությամբ ահռելի մասշտաբի գործողություններ կազմակերպելիս մի՞թե հաշվի չեն առել ԱՄՆ-ի հակազդեցության հավանականությունը, ապա դեսպանատան աշխատակիցները միանգամայն մռայլվեցին»:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ահաբեկչական նոր գործողությունների կազմակերպման սպառնալիքը չափազանց լուրջ է: Աֆղանական առաջիկա պատերազմում ոչ պակաս լուրջ է լինելու ԱՄՆ-ի բախումը, բացի իսլամական կազմակերպություններից, նաեւ տարածաշրջանի երկրների հակազդեցությանը: Թեեւ այդ երկրներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում իրենց համաձայնությունն են տվել նախագահ Բուշին, բայց Աֆղանստանում պատերազմ սանձազերծելու ԱՄՆ-ի նկրտումներին հազիվ թե համաձայնեն: Ահա թե ինչու Չինաստանն իր պարտքն է համարում ընդգծել, որ մինչ պատերազմական գործողությունների ծավալումը պետք է դիմել տարածաշրջանի երկրների կարծիքին: Հնդկաստանն այդ հարցում հարում է Չինաստանին: Այսպիսով, հօդս են ցնդում աֆղանական կոալիցիայի մեջ տարածաշրջանի երկրներին եւս ընդգրկելու ԱՄՆ-ի հույսերը:

Ի դեպ, եթե Պակիստանի նախագահ Մուշարաֆը չինացիներին համոզելու համար պատրաստվում է Պեկին այցելել, ապա Հնդկաստանի արտգործնախարարը խորհրդակցելու նկատառումներով Մոսկվա այցելելու պատրաստակամություն է հայտնում: Այդ ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում միանշանակ հայտարարում է, որ «բոլոր գործողությունները պիտի հիմնվեն իրավական հավաստի փաստարկների վրա»: Սրանք Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ի հետ անհամաձայնության ակնհայտ նախանշաններ են, որոնք առաջիկա պատերազմում չեն բացառում դրսից որոշակի օգնություն ստանալու թալիբների ակնկալության իրականացումը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին, ապա նրանցից Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը սառնասրտությունը պահպանելու կոչ է անում նախագահ Բուշին: Այդ նույն կոչով վերջինին է դիմում նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Բելգիան եւ Հոլանդիան որոշ նկատառումներով պահանջում են ահաբեկչությանը հակազդելու հարցում մեղմել դիրքորոշումը: Իսկ Գերմանիան թեեւ հայտարարել է իր անվերապահ աջակցությունը Վաշինգտոնին, այնուամենայնիվ, աֆղանական առաջիկա պատերազմը նրա մոտ որոշ հարցականներ է առաջացնում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռոբերտսոնի հնարավոր այցը Գերմանիա, թերեւս մեզ համար անորոշ, այդ որոշակի հարցականները պարզաբանելու նպատակ հետապնդի:

Թե ինչն է «ահաբեկչության դեմ խաչակրաց արշավանքներ» կազմակերպելու մասին նախագահ Բուշի անզգույշ արտահայտության դրդապատճառը, դժվար է ասել: Բայց որ դա, ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնեական աշխարհում դժգոհություն է առաջ բերել, ակնհայտ է: Հայտարարության առթիվ Բուշին խիստ քննադատության է ենթարկել Իտալիան: Այս ամենի լույսի տակ դժվար չէ կռահել, որ Աֆղանստանի դեմ առաջիկա պատերազմում ԱՄՆ-ին լուրջ փորձություններ են սպասում: Ձեւավորված հակաաֆղանական կոալիցիայի հետ Աֆղանստանի հարեւաններիՙ Մերձավոր եւ Միջին Արեւելքի, այդ թվումՙ հարակից տարածաշրջանների երկրների անհամաձայնության պայմաններում նրա շրջանակները սահմանափակվում են ԱՄՆ-իՙ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներով: Ընդ որում, այդ դաշնակիցների աջակցությունը եւս անվերապահ չէ:

Տարածաշրջանի երկրների անհամաձայնությունը ԱՄՆ-ի հետ, ինչը չի բացառում քողարկված աջակցությունը թալիբներին, ամենեւին չի նպաստում Աֆղանստանում ակնկալվող հաղթանակին: Թեեւ հաղթանակը դրանով հարցականի տակ չի դրվում, բայց այս երեւույթն ինքնին հարց է առաջացնումՙ ո՞վ է շահելու աֆղանական առաջիկա պատերազմում: Նկատի ունենալով ահաբեկչությունն արմատախիլ անելու համար Բուշին Կոնգրեսի հատկացրած 40 մլրդ դոլարը, դժվար չէ այդ հարցին պատասխանելը: Միանշանակ շահելու է ռազմարդյունաբերության համալիրը: Ահա թե ինչու ամերիկյան դոլարն անընդհատ արժեզրկվում է, եւ ԱՄՆ-ում արժեթղթային բորսան անընդհատ անկում է ապրում, բայց ռազմարդյունաբերությամբ զբաղվող ֆիրմաների բաժնետոմսերի արժեքը երկրում անշեղորեն բարձրանում է: Դրա հետՙ Աֆղանստանում երկարատեւ պատերազմի մասին պաշտոնական Վաշինգտոնի կանխատեսումները դառնում են բաժնետոմսերի արժեքի հետագա բարձրացման գրավականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4