Թե ինչպես ընդունեցին ղարաբաղցիներին Բաքվում
Ինչպես արդեն հայտնի է, Ադրբեջանում շատ անհյուրընկալ վերաբերմունքի է արժանացել ղարաբաղյան «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի ղեկավարած պատվիրակությունը: Ադրբեջանական մամուլը հաճույքով է լուսաբանում ղարաբաղցի խաղաղարարների ղեկավարին հասցված երեք ապտակների փաստը, ինչպես նաեւ Ազգային ճակատ կուսակցության (ԱԺՃԿՙ «դասականներ») ղեկավար Միրմահմուդ Ֆատաեւի առաջարկությունըՙ կտրել հայերի ականջներն ու քարկոծել նրանց: Ահա ինչպիսին են Ազգային ճակատի դասականները, որոնց Ադրբեջանում մեծարում են նաեւ «ռոմանտիկներ» անվանմամբ: Ինչ խոսք «դասական ռոմանտիկների» մասին, եթե ղարաբաղցի հայերին «կծելու» գայթակղությանը չդիմացավ նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը: «Չեմ կարող ասել, թե ձեզ ջերմորեն ողջունում եմ, քանզի դուք հրաժարվում եք ձեզ Ադրբեջանի քաղաքացիներ համարելուց», ասել է նա ընդունելության ժամանակ: Դիվանագիտական լեզվով դա եթե «ականջ կտրել չէ», ապա «քարկոծել»ՙ անպայման:
Ինչո՞ւ հանկարծ նման վերաբերմունք ցուցաբերվեց: Նախկինում էլ հայերը տարբեր առիթներով եղել են Բաքվում եւ կարծես արժանանում էին ոչ նման ընդունելության:
Իսկ պատասխանը շատ պարզ է: ԼՂՀ պատվիրակությունն առաջին անգամ Ադրբեջան այցելեց միայնակ, այլ ոչ թե Հայաստանի պատվիրակության կազմում: Ինչպես պարզվեց, Ադրբեջանում առաջվա նման ղարաբաղցիներին համարում են «յուրայիններ», որոնց կարելի է եւ պատժել: Եվ եթե այսօր, երբ դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Բաքվում ապտակ է ստանում խաղարար Կարեն Օհանջանյանը, ապա պետք է պարզ լինի, թե ինչպես կվերաբերվեն մյուս ղարաբաղցիներին Ադրբեջանում, եթե կարգավորման արդյունքում Ղարաբաղը դառնա Ադրբեջանի մաս:
Շնորհակալություն «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարին այն խոստովանության համար, որ ադրբեջանական հասարակությունը հոգեբանորեն դեռեւս պատրաստ չէ Ղարաբաղի հայության հետ շփումների: Իմիջիայլոց, դա լավ հասկանում են նաեւ ԼՂՀ-ում, երբ պնդում են Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղղահայաց կապերի անթույլատրելիությունը: Ախր, Ադրբեջանում «դասականներն» ու «ռոմանտիկները» դեռ չեն փոխվել եւ պատրաստ են «ականջները կտրելուց» հետո սկսել «իրենց» հայերի մյուս մարմնամասերն անդամահատել, ինչպես անթաքույց հաճույքով դա արվեց 1988 թ.-ին Սումգայիթում եւ 1990 թ.-ինՙ Բաքվում:
Եվ այդ հեռանկարն առավել իրական է, եթե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի Բաքվի սցենարով: «Ականջները կտրելու» գծով այսօրվա խորհրդատուները, որոնք ձգտում են Հեյդար Ալիեւի փոխարեն զբաղեցնել նախագահական աթոռը, բառացիորեն այդ գործի մասնագետներն են: Լավ է, որ հենց ժամանակին իրենք այդ մասին հիշեցրին, այդ թվում նաեւՙ Կարեն Օհանջանյանին:
«ԴԵ ՖԱԿՏՈ»