Վահագն Հովնանյանի հերթական նախաձեռնությունըՙ տուրիզմի բնագավառում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնի ու նրա տիկնոջ, դեսպանի խոստովանությամբ, առաջին տպավորությունը Հայաստանից եղել է այն, թե որքան չքնաղ է Հայաստանը, որքան առաջարկելիք ունի իր այցելուներին, բայց դրա հետ մեկտեղՙ որքան քիչ քարտեզներ, նկարներ եւ տեղեկատվություն կա այն զբոսաշրջիկի համար, որը պատրաստվում է իր համար հայտնագործել Հայաստանը: Դեսպան Լեմոնի կարծիքով տուրիզմն այն ոլորտն է, որը թույլ կտա բացել աշխատատեղեր Հայաստանում ու «հրաշք գործել»: Դեսպանի եւ էլի շատ դիվանագետների, Հայաստան եկած այցելուների ու զբոսաշրջիկների նկատած տեղեկատվական բացը այսուհետեւ կլրացվի. Երեւանի ճիշտ կենտրոնում, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, տուրիստների այցելավայր «վերնիսաժ» կոչվող բացօթյա շուկայի դիմաց, Նալբանդյան 3 հասցեում երեկ բացվեց «Հայաստան տեղեկատվություն» կենտրոնը: Այս հաստատությունը Հայաստանում Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալության ծառայություններից ու ենթակառույցներից մեկն է: Երեկ կենտրոնի հանդիսավոր բացմանը ներկա հյուրերըՙ նախարարներ, դիվանագետներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, յուրովի բնորոշեցին կենտրոնը: Հիմնական կարծիքն այն էր, որ կենտրոնի ստեղծումը եւս մեկ քայլ է միջազգային տուրիզմին ինտեգրվելու ճանապարհին: Ամենապարզ ու մատչելի բնորոշումը, թերեւս, գործակալության նախագահ, ամերիկացի գործարար ու բարերար, կենտրոնի նախաձեռնող Վահագն Հովնանյանի բնորոշումն էրՙ այսուհետեւ այն, ինչ որ արվում էր «ոտքի վրա, անկյունե անկյուն եւ օֆիսե օֆիս» կկենտրոնացվի մեկ կտուրի տակ, եւ կկատարվի տուրիզմի զարգացման ու օժանդակության համակարգված աշխատանք:
Վ. Հովնանյանը «Ազգի» հետ զրույցում հույս հայտնեց, որ կենտրոնն, ընդլայնվելով ու զարգանալով, կդառնա տուրիստների համար ամենամասսայական այցելավայրը, իսկ արտասահմանյան տուրիստական ընկերությունների համարՙ փնտրված գործընկեր:
«Հայաստան տեղեկատվություն» ոչ կոմերցիոն կենտրոնը տուրիստներին անվճար կառաջարկի Հայաստանի մասին քարտեզներ ու բրոշյուրներ, հյուրանոցների, շրջագայությունների, ռեստորանների, խանութների եւ այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ: Այցելուներին կտրամադրվի տվյալների հարուստ բազա, տեղադրված WWW. armeniainfo.am ինտերնետային էջում: Այս հաստատությունում տուրիստը կարող է ստանալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխաններըՙ ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել, ի՞նչ իրադարձություններ կան, որտե՞ղ իջեւանել, որտե՞ղ սնվել, ինչո՞վ զբաղվել, որտեղի՞ց առեւտուր անել, ո՞ւմ դիմել անակնկալ պատահարի դեպքում, ինչո՞վ երթեւեկել, ինչպե՞ս զանգահարել ու նամակ ուղարկել եւ այլն: Այսինքն, այն ամբողջ համապարփակ ու բազմազան տեղեկատվությունը, որը անհրաժեշտ է տուրիստին որեւէ երկրում: Կենտրոնում կա անվճար ինտերնետից օգտվելու, տպելու հնարավորություն, ինչպես նաեւՙ հարուստ գրադարան, Հայաստանի մասին հետազոտություններ կատարելու համար: Տուրիստներին հետաքրքրող իրադարձությունների մասին տեղեկատվությունից բացի կենտրոնում ներկայացված կլինեն հայկական ազգային ձեռարվեստի օրինակելի նմուշների անընդհատ թարմացվող ցուցադրություն եւ Հայաստանի բնական, մշակութային ու հոգեւոր հարստությունները արտացոլող մեծադիր պատկերներ: Մի խոսքով, ինչպես բնորոշեց Վ. Հովնանյանի դուստրըՙ Նինա Հովնանյանը (որը գործակալության գործադիր տնօրենն է), կենտրոնում կստեղծվի այն ամբողջ ազգային կոլորիտը, որով հնարավոր կլինի հրապուրել տուրիստին: Օրիորդ Նինան տեղեկացրեց նաեւ, որ այժմ աշխատանքներ են տարվում համագործակցելու միջազգային ժուռնալիստական միությունների ու տուրօպերատորների հետ:
Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից անցյալ տարիՙ Հայաստանում զբոսաշրջության բնագավառի գովազդման ու խթանման համար: Գործակալության հիմնական նպատակն է Հայաստանի տուրարտադրանքի ներկայացումը միջազգային ցուցահանդեսներումՙ հայաստանյան տուրօպերատորների մասնակցությամբ: Գործակալությունը կազմակերպում է ծանոթացնող այցեր միջազգային տուրօպերատորների համարՙ Հայաստանում գործարար կապեր հաստատելու նպատակով: Այս տարվա մարտին Բեռլինի միջազգային տուրիստական ցուցահանդեսում (Berlin ITB-2001) գործակալությունն ապահովեց Հայաստանի մասնակցությունըՙ հայաստանյան 9 տուրիստական կազմակերպությունների մասնակցությամբ, իսկ նոյեմբերին Հայաստանի 7 տուրիստական ընկերություններ Հայաստանը կներկայացնեն Լոնդոնի տուրիզմի ցուցահանդեսում: Գործակալության ծրագրերը կշարունակվեն մինչեւ 2003 թ.-ը: Պրն Հովնանյանը համոզված է, որ Հայաստանն ունի մեծ ներուժՙ դառնալու տուրիստական երկիր: Այդ գնահատականը հիմնված է նաեւ սեփական փորձի վրա. Վ. Հովնանյանն իրականացնում է նաեւ մեկ այլ ծրագիրՙ Վահագնի ամերիկյան ոճի բնակելի թաղամասի շինարարությունը Երեւանի սահմանագլխին: Պրն Հովնանյանը գոհ է այդ հաստատության աշխատանքից եւ համարում է, որ տուրիզմի բնագավառի բիզնեսը հաջող ու հեռանկարային է Հայաստանի համար:
Շատ այցեր հետաձգվել են: Տուրիստների հոսքը հուսադրող է
Արդեն հայտնի է, որ ամերիկյան ահաբեկչությունների պատճառով Հայաստան կատարելիք շատ այցեր ուղղակի հանվել են, շատ բարերարներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ամերիկահայեր, որոնք պատրաստվում էին գալ Հայաստանՙ մասնակցելու 1700-ամյակի շրջանակներում սպասվող առաջիկա միջոցառումներին (Գր. Լուսավորիչ տաճարի բացումը, Հռոմի պապի այցը եւ այլն), հետ են կանգնել իրենց որոշումներից: «Որքանո՞վ կլինի էական ԱՄՆ-ի վերջին դեպքերի ազդեցությունն այցելուների թվի վրա», «Ազգի» հարցին ի պատասխան Վ. Հովնանյանը հաստատեց, որ շատ այցելություններ ուղղակի հանվել են, սակայն դա այնքան էլ էական չի լինի, քանի որ Եվրոպայից սպասվում են շատ հյուրեր: Իսկ ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի կարծիքով դա բնական է, «հատկապես մեր հայրենակիցների հոսքը, այդ մեծ տրավմայից հետո իհարկե մի փոքր կնվազի»: Ընդհանուր առմամբ պրն Օսկանյանը այս տարին տուրիզմի զարգացման առումով շատ դրական է գնահատում: «Համենայն դեպս, այն թվերը, որ ինձ են ներկայացվում, շատ հուսադրող են: Եթե տարին փակենք այս նույն տեմպերով, կարծում եմ, որ այս տարի շատ ամուր հիմք է լինելու եկող տարիների համար»:
ՀՀ արդյունաբերության ու առեւտրի տուրիզմի փոխնախարար Արա Պետրոսյանն էլ նշեց, որ ավիաչվերթների կրճատման ու ռիսկայնության հետ կապված միգուցե որոշ անհատներ կամ խմբեր ետ կանգնեն Հայաստան մեկնելու մտադրությունից, սակայն դա այնքան չի վերաբերում մեր ամերիկացի հայրենակիցներին: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա, ըստ փոխնախարարի, տուրիստների հոսքը շատ հուսադրող է: Բավական մեծ աճ կա անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է մոտ 50-60 տոկոսի աճՙ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ