«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2001-09-15 | #167, 2001-09-18 | #168, 2001-09-19


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Անկախության տարիներին Հայաստանում հրատարակվել է մոտ 4 հազար գիրք: Տպագրված ակնառու նմուշները ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության դահլիճում ներկայացվեցին ընթերցողներին: Անկախության տասնամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված էին 35 հրատարակչությունների 1000-ից ավելի գրքերՙ հանրագիտարանից մինչեւ մանկական գրականություն, այնպիսի հեղինակների աշխատություններ, որոնք խորհրդային տարիներին հնարավոր չէր հրատարակելՙ Նժդեհ, Ավետիս Ահարոնյան, Սիմոն Վրացյան: Ներկայացված էին նաեւ գերմանացի, անգլիացի հեղինակների գրքերը հայոց պատմության, Եղեռնի վերաբերյալ: Ցուցադրված գրքերից 100-ը տպագրվել են պետական պատվերի շրջանակներում:

Այժմ Հայաստանում գործող 60 հրատարակչություններ տպագրում են տարեկան մոտ 1000 գիրք, որոնց գերակշռող մասը թարգմանություն է: Վերջին երեք տարիների ընթացքում պետական պատվերի շրջանակներում լույս է տեսել 90 անուն գիրք, 2001 թ. պլանը 83 գիրք է:

«Տպաքանակի եւ հեղինակների քանակի առումով մենք զիջում ենք խորհրդային տարիներին, սակայն պոլիգրաֆիայի բնագավառում ձեռքբերումներն ակնհայտ են: Վերջին 10 տարիների ընթացքում հրատարակված գրքերը լույս են տեսել նոր տեսքով, նոր ոճով եւ որակով չեն չեն զիջում միջազգային չափանիշներին: Ցավով պետք է նշել, որ նախկինում եղած գրքի պաշտամունքին, ինչը Հայաստան աշխարհի էությունն է եղել, այժմ փոխարինել է անտարբերությունը: Պետք է շատ ջանք գործադրել, որպեսզի ընթերցողն արժեքավորի գիրքն իբրեւ հոգեւոր դաստիարակության գլխավոր պայման: Չի մշակված նաեւ գնային քաղաքականությունը, եւ շատ դեպքերում գրքերը պարզապես մատչելի չեն ընթերցողին», նշեց հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը:

Հայաստանն իր լավագույն գրքերով ավանդաբար ներկայացվում է միջազգային տարբեր ցուցահանդեսներում: Այս տարին էլ բացառություն չէ. սեպտեմբերի 5-10-ը Մոսկվայում տեղի ունեցած գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվել էր հայաստանցի եւ սփյուռքահայ գրողների մոտ 100 գիրք: Հոկտեմբերի 10-15-ը Ֆրանկֆուրտում կայանալիք միջազգային ցուցահանդեսում նույնպես մեր երկիրը կունենա իր տաղավարը:

Ցավոք, հայ հեղինակների գրքերն այլ լեզուներով չնչին քանակությամբ են տպագրվում: Միջազգային ցուցահանդեսները կարեւորվում են այն առումով, որ գործնական բնույթ են կրում. հայ հեղինակը հնարավորություն է ստանում ներկայացնել իր գիրքն արտասահմանյան հրատարակիչներին եւ թարգմանվելով տարբեր լեզուներովՙ ճանաչվել ամբողջ աշխարհում:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4