Մարկոս Գրիգորյանի ցուցահանդեսի բացումը
Տիեզերական հոգու առասպելը դրված է յուրաքանչյուրիս մեջ, առանձնահատուկ մի աշխարհ, որն ապրեցնում է, բացում անհայտ աշխարհների վարագույրը: Այդպիսի լուսավոր ճանապարհով է քայլում ամերիկահայ արվեստագետ Մարկոս Գրիգորյանը:
Շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում, Մարկոս Գրիգորյանը հավաքել է Արեւելքի մշակույթի, կիրառական արվեստի եւ կենցաղի հազարավոր արժեքավոր ցուցանմուշներ, հազվագյուտ առարկաներ, հնագույն իրեր, որոնց հավաքածուն նվիրաբերել է Հայաստանին: Հավաքչական աշխատանքը նրա հավատամքն էՙ նախասիրություն, ինչին նվիրվել է տասնյակ տարիներ շարունակ ու դեռ շարունակում է:
Մարկոս Գրիգորյանի եւ նրա վաղամեռիկ դստերՙ Սաբրինա Գրիգորյանի անունը կրող Միջին Արեւելքի թանգարանն այժմ հանգրվանում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, ուր եւ երեկ բացվեց «Մարկոս Գրիգորյանի գորգարվեստը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Մարկոս Գրիգորյանի մասին խոսեցին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, իրանահայ հյուրեր: Թատերագետ Գեւորգ Աբաջյանը նշեց. «Այս գորգերին նայելիս ես լսում եմ մեր ժողովրդի անհիշելի ժամանակներից եկած երաժշտական հզոր սիմֆոնիան, եւ այդ սիմֆոնիան ազդարարում է 21-րդ դարը»:
Մարկոս Գրիգորյանի գորգերի մասին արվեստաբան Մանյա Ղազարյանը գրել է. «Էսքիզներում գեղանկարչական ռիթմ կա, որտեղ գրաֆիկական գիծն ու գունային համադրություններն ամբողջական գեղարվեստական կերպար են ստեղծում»:
Ցուցահանդեսի առաջին արձագանքները շոյիչ էին Մարկոս Գրիգորյանի համար:
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ