«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2001-09-15 | #167, 2001-09-18 | #168, 2001-09-19


ԵՐԿՐԻՆ ՈՒ ՀՈԳԻՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Արվեստի տոն Ազատության հրապարակում

Մի փառավոր հայրիկՙ երեւանցի Փայլակ Հարությունյանը, երեկ Ազատության հրապարակում դիտելով Երեւանի քաղաքապետարանի հերթական միջոցառումը, ասաց. «Անկեղծ ասած, մարդիկ այսպիսի բաների են կարոտ: Հոգնել ենք ճառերից, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս»:

- Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունը կազմակերպել է միջոցառումների միամսյակՙ նվիրված Հայաստանի անկախության 10 եւ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակներին, ասաց քաղաքապետարանի վարչության պետի տեղակալ Գագիկ Մանասյանը: Այն սկսվել է սեպտեմբերի 1-ից եւ ավարտվելու է հոկտեմբերի 7-ին, որից հետո սկսվելու են «Երեւան-Էրեբունի» տոնակատարության միջոցառումները:

Ամեն օր Ազատության հրապարակում ժամը 18-21-ը ելույթ են ունենում Երեւանի ինքնագործ խմբերը: Դա նաեւ յուրօրինակ մի ստուգատես-մրցություն է թաղապետարանների միջեւ:

Երեկ հատուկ օր էր, քանզի հարթակը տրամադրված էր ոչ թե որեւէ թաղապետարանի, այլ «Էրեբունի» մշակութային ու մանկապատանեկան կենտրոնի սաներին: Ելույթ ունեցան փողային նվագախումբը, ազգային երգի «Մուշ», ժողովրդական պարերի «Հայաստան» համույթները, անհատ կատարողներ:

Կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ, ՀՌԱԿ ատենադպիր Գառնիկ Հովակիմյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ «Էրեբունի» կենտրոնը կարճ ժամանակում ճանաչում է ձեռք բերել ոչ միայն Երեւանում ու հանրապետությունում: Ժողովրդական պարերի «Հայաստան» համույթը վերջերս հաջողությամբ հանդես եկավ Գերմանիայում եւ ջերմ ընդունելութ յան արժանացավ:

Մինչեւ ուշ երեկո Ազատության հրապարակում երգ ու պար էր: Համերգի ավարտին երկինք բարձրացան աղավնիներՙ որպես երկրի ու հոգու խաղաղության խորհրդանիշներ:

Ս. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4