«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2001-09-15 | #167, 2001-09-18 | #168, 2001-09-19


«ԷԼԵԳԱՆՏ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում (Ամիրյան 11) բացվեց եւս մեկ պատկերասրահՙ «Էլեգանտը», զորակցությամբ գերաշնորհ Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի: Նկարչական սրահների թիվը մայրաքաղաքում ավելանում է, եւ դրանցից յուրաքանչյուրը («Ակադեմիա», «Առաջին հարկ») գեղագիտական արժեքների, ըմբռնումների եւ սկզբունքների իր ուրույն կոնցեպցիաներով փորձում է ներկայացնել գեղանկարչության որոշակի ուղղություն:

«Էլեգանտ» պատկերասրահի առաջին ցուցադրությունն ընդգրկում էր Ռուբեն Աբովյանի, Գեւորգ Եղիազարյանի, Կայծ Վանիկյանի, Փայլ Վանիկյանի, Սուրեն Ոսկանյանի, Մարատ Մարգարյանի եւ Վահագն Ջիվանյանի մի քանի աշխատանքները: Ներկայացված էին բազմազան երանգներով հարուստ գեղագիտական տարաբնույթ աշխարհներՙ պատկերների ու կերպարների անորսալի առեղծվածայնություն, երկակիության գաղտնի խորհրդավորության շղարշով (Գեւորգ Եղիազարյան), թանձր գույների շերտավորումով հանդիսավոր տրամադրությունների ստեղծում եւ կամ գծի, կառուցվածքի տարածության ազատությամբ հանդերձ անցյալ ժամանակների կարոտի արտահայտություններ (Ռուբեն Աբովյան):

Բացման խոսքում շնորհավորելով պատկերասրահի նորամուտը մայրաքաղաքի մշակութային կյանքՙ գերաշնորհ Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը շնորհակալական խոսք հղեց պատկերասրահի տնօրեն Տիգրան Հակոբյանին, ում նախաձեռնությամբ կայացավ երեկվա ցուցադրությունը: Ներկայացված աշխատանքների հեղինակներին այս տարածք հավաքել էր նախ եւ առաջ վստահությունը տնօրենի նկատմամբ: Փառեն Ավետիքյանը նաեւ նշեց, որ ինքը խորհրդատվության կարգով եւ քաջալերության համար է աջակցում պատկերասրահի կայացմանը:

«Քիչ մը տարօրինակ խոսքեր կան մտքիս մեջ», այսպես սկսեց իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Շահե արք. Աճեմյանը, որի խոսքը գեղանկարչական արվեստը խորապես ընկալող եւ այն գնահատող անձնավորության խոսք էր, որը եւ ցանկանում եմ ներկայացնել ընթերցողի ուշադրությանը. «1954-ին, երբ առաջին անգամ Հայաստան եկա, առաջին անձը, որ ուզեցա տեսնելՙ Սարյանն էր, որ բացառություն մը ըրավ, ինձի նվիրեց իր գործերեն մեկը, որ կներկայացներ Արարատը: Գիտեք, որ այն ատեն կզգուշանային Արարատեն: Բայց որովհետեւ ըրած էր, ինձի նվիրեց, եւ ես տարա անիկա եւ հիմա կգտնվի Ալեք Մանուկյանի թանգարանին մեջ: Կուզեմ ըսել, թե քանի անգամն է, որ երբ կտեսնեմ այս նոր հեղինակները, կհիշեմ այն օրերը, երբ նկարչության արվեստը սահմանափակված էր գաղափարապաշտությամբ, ուր ամեն բան պիտի ըլլար սոցիալ-իրապաշտական: Երբ օր մը հարցուցի պրն Խանջյանին (Աստված հոգին լուսավորե) , ինչ ըսել է սոցիալական իրապաշտություն նկարչության մեջ, ըսավՙ այսինքն բանի մը պիտի նմանի նկարածդ: Հիմա կտեսնիմ, որ ատիկա անցած է այլեւս, եւ ասոնք ավելի քան բանի կնմանին: Ես հետեւած եմ այս վերջին 50 տարիներու մեր նկարչական արվեստին եւ արվեստագետներու աշխատանքներին, եւ միշտ նորություններ տեսած եմ, որոնք ինձի տված են այն հույսը, թե մեր արվեստը դեպի առաջ կերթա: Ժամանակը կանցնի, ան կնայի հեռավոր ապագային եւ ան վաղվան արվեստ է, ոչ թե այլեւս անցյալի: Ատեն մը կար, որ ամեն մարդ կուզեր Մինասին պես նկարեր կամ Սարյանին գույները գործածեր, փառք Աստծո, ազատագրված ենք հիմա, ազատ արվեստ է, գեղեցիկ արվեստ է, եւ գեղեցկության մեջ կա, որ ամեն մարդ կընե այն, ինչ որ կուզե ընել: Եվ ուզածը հայ արվեստագետի միշտ բարձր մակարդակի վրա է: Շատ կցանկանայի քիչ մը ավելի լայն ներկայացնեիք այսօրվան մեր շատ առաջացած նկարչության արվեստը»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4