«Փյունիկի» լեգեոներները նորամուտը նշեցին գոլերով
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին չորս խաղում: Դաշտի տերերից հաջողության հասավ միայն «Փյունիկը»: Հակառակ սպասածի, տուրն աչքի չընկավ բարձր արդյունավետությամբ. խփվեց ընդամենը 14 գոլ, որից ուղիղ կեսը գրանցվեց «Փյունիկ»-«Լեռնագործ» խաղում:
Տուրի կենտրոնական հանդիպումն, անշուշտ, «Բանանցի» եւ «Արարատի» մրցախաղն էր: Առաջնության նորեկ «Բանանցն» իրեն հիանալի դրսեւորեց առաջին շրջանում եւ արժանիորեն տեղ զբաղեցրեց առաջատարների շարքում: Առաջին շրջանում «Բանանցն» «Արարատից» ցավալի պարտություն էր կրելՙ միակ գնդակը սեփական դարպասն ընդունելով ավելացված ժամանակում: Աբովյանում հաղթական գոլի հեղինակ էր դարձել «Արարատի պաշտպան Արմեն Առաքելյանը: Եվ ահա ճակատագրի բերումով նա կրկին հաղթանակ պարգեւեց իր թիմին: Ճիշտ է, այս անգամ գոլը խփեց 18-րդ րոպեին. անկյունայինի խաղարկումից հետո Առաքելյանը գլխով խոցեց մրցակցի դարպասը: Հաշվի մեջ առաջ անցնելով, արարատցիները խաղի մնացած ժամանակահատվածում մեծ ուժերով հետ քաշվեցին եւ հմտորեն պաշտպանվելով, խաղը հասցրին հաղթական ավարտի: Խաղավերջում կրկին աչքի ընկավ Առաքելյանըՙ այս անգամ թիմին փրկելով վերահաս գոլից: «Բանանցն» ունեցավ դարպասը գրավելու եւս մի քանի նպաստավոր պահեր, սակայն չկարողացավ դրանցից եւ ոչ մեկը գոլային ավարտի հասցնել:
«Փյունիկի» երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտ էին եկել թիմի սեւամորթ երկու լեգեոներներիՙ Մալալի եւ Դիավարայի խաղը դիտելու, վստահ, որ իրենց սիրելի թիմը հերթական հեշտ հաղթանակը կտոնի, այն էլՙ խոշոր հաշվով: Երեւի թե «Փյունիկի» ֆուտբոլիստներն էլ այդ կարծիքին էին, մանավանդ որ արդեն 5-րդ րոպեին Արտավազդ Քարամյանը շրջադարձ հարվածով բացել էր հաշիվը: Սակայն ինչպես ցույց տվեց հանդիպումը, «Լեռնագործը» մտադիր չէր առանց պայքարի զիջելու:
Հյուրերը, որոնց կազմում իր նորամուտը նշեց 37-ամյա Սամվել Նիկոլյանը, աչքի ընկան բավական գրագետ խաղով, կամային հատկանիշներովՙ երկու անգամ ստիպելով Սուքիասյանին գնդակը հանել ցանցից:
Ընդմիջումից հետո մարզիչների շտկումները տվեցին իրենց արդյունքը: «Փյունիկը» լիովին տիրեց նախաձեռնությանը, արագ թափ հաղորդեց գրոհներին եւ ի վերջո խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Իրենց գոլերի հաշիվը «Փյունիկում» բացեցին Մալալն ու Դիավարան: Վերջինս չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Նշենք, որ խաղավերջում խաղադաշտ մտավ 35-ամյա Արմեն Սանամյանը, որը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին վերադարձել է հարազատ կոլեկտիվ:
Թվում էր, թե «Շիրակը» Աբովյանում «Կոտայքի» հետ խաղում խոշոր հաշվով հաղթանակ կտոնի, սակայն խաղը դժվար դասավորվեց հյուրերի համար, որոնք միայն ընդմիջումից հետո կարողացան հաղթահարել կոտայքցիների դիմադրությունը: «Զվարթնոցն» էլ, շնորհիվ Նվեր Խաչատրյանի խփած միակ գոլի, հաղթեց «Դինամոյին»: «Միկան», որ սկսել է արդյունավետ խաղ ցուցադրել, 3 անպատասխան գնդակ խփեց «Լոռու» դարպասը: Անկեղծ ասած, վերը նշված խաղերի ելքը նախապես կարելի էր գուշակել, ճիշտ է, գրանցված արդյունքները սպասվածից ավելի համեստ էին:
Խաղերի արձանագրություններից
«Բանանց»-«Արարատ»ՙ 0-1 (0-1)
Արմեն Առաքելյան (18)
«Կոտայք»-«Շիրակ»ՙ 0-2 (0-0)
Հենրիկ Բատիկյան (55), Արարատ Հարությունյան (89)
«Լոռի»-«Միկա»ՙ 0-3 (0-2)
Կարեն Մուրադյան (33), Արմեն Մարկոսյան (39), Վադիմ Կագրամանով (85)
«Դինամո»-«Զվարթնոց»ՙ 0-1 (0-1)
Նվեր Խաչատրյան (23)
«Փյունիկ»-«Լեռնագործ»ՙ 5-2 (3-2)
1-0ՙ Արտավազդ Քարամյան (5), 1-1ՙ Վարդան Բաղդասարյան (16), 2-1ՙ Մամադու Դիավարա (17), 3-1ՙ Արման Քարամյան (30), 3-2ՙ Ռազմիկ Հայրապետյան (41), 4-2ՙ Ն՜ջիայ Մալալ (49), 5-2ՙ Արտավազդ Քարամյան (69):
Մրցաշարային աղյուսակ
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Արարատ 13 11 1 1 34-8 34
2. Փյունիկ 12 11 0 1 53-12 33
3. Շիրակ 13 9 2 2 37-11 29
4. Զվարթնոց 13 8 0 5 24-14 24
5. Միկա 13 7 3 3 28-14 24
6. Սպարտակ 11 6 3 2 26-9 21
7. Բանանց 12 6 3 3 27-13 21
8. Դինամո 13 4 2 7 13-27 14
9. Լեռնագործ 12 2 1 9 12-39 7
10. Ղարաբաղ 12 1 2 9 7-38 5
11. Լոռի 13 0 2 11 11-50 2
12. Կոտայք 13 0 1 12 9-46 1