Այս օրերին, երբ աշխարհի երկրներն իրենց դիրքորոշումն են արտահայտում սեպտեմբերի 11-ի սարսափելի ահաբեկչությունից հետո Մ. Նահանգների գլխավորությամբ կազմավորվող հակաահաբեկչական միջազգային կոալիցիային այսպես կամ այնպես միանալու կամ չմիանալու վերաբերյալ, երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանը չի կարող չաջակցել հակաահաբեկչական գործողություններին», առանց մանրամասնելու, թե հակաահաբեկչական պայքարում Հայաստանի աջակցությունն ի՞նչ ձեւ, բնույթ եւ տարողություն կարող է ունենալ: Նա ավելացրեց, որ նախորդ օրը ինքը Մ. Նահանգների դեսպանի հետ կայացած հանդիպման ընթացքում նշել է հակաահաբեկչական գործողություններին աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն աջակցության որոշակի տարբերակներ չեն քննարկվել: Համենայն դեպս, ՀՀ պաշտպանության նախարարը վերջում հատուկ խնամքով շեշտեց, որ այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը հանրապետության նախագահի բացառիկ իրավասությունն է, ինչը հուշում է, որ առաջիկա օրերին նախագահ Քոչարյանն այդ մասին հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: