Ժնեւից ստացանք գույժըՙ սրտի կաթվածից մահացել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող եւ հրապարակախոս Վալերի Այդինյանը: Պարզապես անհավատալի է: Աշխույժ, կենսախինդ, պրպտուն մտքի եւ ազնվագույն սրտի տեր, արդարակորով մտավորականը, որ զարդն էր ու հպարտությունը հետզհետե նահանջ ապրող մեր մամուլի, լրագրողական բոլոր ֆորումների, այսպես անակնկալորեն, հազիվ 55 տարեկան, հեռանում է ասպարեզից, կյանքից: Ժնեւ էր մեկնել հայաստանյան մամուլի մի խումբ պատասխանատու աշխատակիցների հետ, մինչդեռ վաղը նրա անշունչ մարմինն է Երեւան վերադառնալու...
Ծնվել էր 1946 թ.-ին: 1969-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետեւ անընդհատ զբաղվել լրագրությամբ, հրապարակագրությամբ: Գրում էր հայերեն ու ռուսերեն, տարիներ շարունակ եղել էր Հայաստանում մոսկովյան մի շարք թերթերի թղթակից, հիմնադիրներից էր «Նովոյե վրեմյա» թերթի: Մի շարք այլ թերթերում, այդ թվում նաեւ մեր, փնտրված գրողն էր, արժանավորապես արժանացել էր բազմաթիվ մրցանակների, այդ թվումՙ Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին: Հեղինակել է մի քանի ժողովածուներ, հեղինակակցել այլ գրքերի, դասագրքերի ստեղծմանը:
Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, հայկական ողջ մամուլին: