ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին Հայաստան կժամանի ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ապրանքարտադրողների միջազգային միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունը: Նրա կազմում ընդգրկված խորհրդարանականները ռուս-հայկական հանձնաժողովի անդամներ են: Ըստ ՀՀ հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի, Ազգային ժողովում ռուս դումայականների մասնակցությամբ կանցկացվի համատեղ նիստ, որտեղ կքննարկվեն հայ-ռուսական տնտեսական կապերին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ, կստեղծվի հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների աշխատանքը խթանող միջոցառումների պլան: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահի եւ վարչապետի հետ: