«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2001-09-18 | #168, 2001-09-19 | #169, 2001-09-20


ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԴՈՒՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԱԼԻԵՎՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Երբ լոբբիինգի ազդեցությունն այդքան ակնհայտ է

«Այս պահին ոչ Մինսկի խմբի համանախագահողները եւ ոչ էլ մենք չենք գտնում, որ առայժմ Եվրոպայի խորհրդի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի ԼՂ կարգավորման մասնակից դառնալու ԵԽ-ի հավակնությունների մասին հայտարարությանն այսպես է պատասխանել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Կարելի է եզրակացնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համար Եվրախորհրդի հայտն այս պահին պարզապես անընդունելի է: Այն պարզ պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահողներից հատկապես երկուսիՙ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար եվրոպական որեւէ կազմակերպության հավակնությունները տարածաշրջանում լծակներ ունենալու համար անընդունելի են:

Ռուսաստանը, որը ԵԱՀԿ-ի շրջանակներում առավել մեծ ազդեցություն ունի, չի կարող հաշտվել ԵԽ-ի միջամտությանը, որտեղ իր դիրքերն զգալիորեն զիջում են եվրոպական մի քանի երկրներին: Եթե ԵԽ-ին հաջողվի կարգավորման մասնակից դառնալ, ապա միանշանակորեն Ռուսաստանը կզրկվի Անդրկովկասի եւ հատկապես Ադրբեջանի վրա ազդեցության մի հզոր լծակից:

Միացյալ Նահանգների համար ԵԽ-ի հավակնություններն անընդունելի են, քանի որ այդ դեպքում Մ. Նահանգներն ստիպված կլինի տարածաշրջանից ակնկալվող տնտեսական հնարավորությունները կիսել Եվրոպայի հետ, որն առանց այն էլ ֆինանսական հարթության վրա վերջին շրջանում ԱՄՆ-ի համար լուրջ մրցակից է դարձել: Իսկ այս ֆորմատով ե՚ւ Ռուսաստանը, ե՚ւ Նահանգները կարծես միջինացրել են փոխադարձ շահերը Եվրոպայի հետՙ ի դեմս Ֆրանսիայի, եւ այդ ֆորմատից յուրաքանչյուր շեղում շահերի բախման լուրջ պոտենցիալ ունի:

Խնդիրը սակայն այն է, թե ինչու հենց այս պահին եվրոպական այդ կառույցը նման հայտ ներկայացրեց, ավելինՙ փորձեց մեր հասարակությանը համոզել, որ եկել է կարգավորման խնդրում Եվրախորհրդի միջամտության ժամանակը:

Ռասել Ջոնսթոնը ԵԽ այն երեք ղեկավարներից մեկն էր, որոնք օգոստոսի վերջերին ԼՂ տեղական ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին հայտարարություն հրապարակեցին, իսկ սեպտեմբերի 10-ին լորդը ադրբեջանական ոճով հայտարարեց, թե Մինսկի եռյակի գործունեությունն սպառել է իրեն: Չմոռանանք, որ նմանատիպ հայտարարություններ հնչեցրին նաեւ Բաքվի պաշտոնական շրջանակները Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպումից հետո: Դրանից որոշ ժամանակ առաջ ԵԽ-ում Ադրբեջանի Մեջլիսի պատվիրակության անդամ է դառնում Իլհամ Ալիեւը, որը եռանդուն կերպով քարոզչական աշխատանքներ է տանումՙ որպես օգնական եւ հենարան ունենալով Թուրքիայի նույնատիպ պատվիրակության ողջ պոտենցիալը: Իրար հետեւից ԽՎ-ում շրջանառության մեջ են դրվում անհեթեթ բանաձեւերի նախագծեր, որոնք որպես երեւույթ աչքի են զարնում մյուս պատվիրակությունների համար: Ավելին, ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի պատվիրակության յուրաքանչյուր բանաձեւին սկսում է պատասխանել հակադարձ բանաձեւերով եւ ոչ մի կերպ թույլ չի տալիս ԵԽ ԽՎ ներկայացուցիչներին օբյեկտիվորեն գնահատել իրողությունները:

Եվ ի վերջո այդ երկրի պատվիրակությանը հաջողվեց Բաքվում ԵԽ շրջանակներում վերջերս անցկացնել սեմինարՙ նվիրված ադրբեջանցի փախստականների հիմնախնդիրներին, որին, ի դեպ, Հայաստանը մասնակցություն չի ունեցել: Այդ քայլով Ադրբեջանին հաջողվեց Եվրախորհրդին քննարկման մակարդակով ներքաշել ղարաբաղյան հակամարտության շրջանակներ: Իսկ հայկական պատվիրակության չմասնակցելը շատ լավ հնարավորություն էր ԵԽ ղեկավարությանը համոզելու, որ կատարվածի հիմնական մեղավորը Հայաստանն է եւ որ հակամարտության կարգավորումը մտել է փակուղի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս ի վիճակի չէ կարգավորման նոր մեխանիզմներ, նախագծեր ներկայացնել:

Իսկ եվրոպական կառույցը կուլ տվեց Ադրբեջանի նետած խայծը եւ նման դիրքորոշումներն այն առիթը համարեց, որով կարող էր մտնել տարածաշրջան: Սակայն դրա համար ԵԽ-ին անհրաժեշտ էր նաեւ Հայաստանի համաձայնությունը, եւ ահա Ռասել Ջոնսթոնը ելույթ է ունենում Հայաստանի Ազգային ժողովումՙ անգամ թերեւս տեղյակ չլինելով վերջինիս այն հայտարարությանը, որտեղ նշված է. «Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների բարձր հեղինակությունը եւ կարգավորմանն ուղղված համաձայնեցված գործողությունները, գտնում ենք, որ հիմնախնդրի լուծումը պետք է միտված լինի կայուն, տեւական խաղաղության հաստատմանը»:

Սակայն հարց է առաջանում, թե ինչու Ադրբեջանը նախընտրեց հենց Եվրախորհուրդը: Նախՙ Ադրբեջանը, որը մյուս բոլոր շրջանակներում քարոզչական առումով զիջում էր Հայաստանին, չէր կարող հաշվի չառնել Թուրքիայի հզոր գործոնը Եվրախորհրդում, որը վաղուց կառույցի անդամ է եւ այնտեղ ավելի քան 50 ներկայացուցիչ ունի:

Մյուս կողմից չմոռանանք, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն Իլհամ Ալիեւն է, որը հավակնում է երկրում իշխանության ժառանգորդը դառնալու: ԼՂ հարցի կարգավորմանն իր ներդրումը ցուցադրելու համար ԵԽ-ին տարածաշրջան ներքաշելը նրան դիվիդենտներ հավաքելու հիանալի հնարավորություն է տալիս, ինչը եւ նա կատարում է ամենայն սրբությամբ ու առանց թաքցնելու:

Ամեն դեպքում ակնհայտ է հայկական դիվանագիտության պարտությունը Եվրախորհրդում: Ե՚վ արտաքին գործոց նախարարությունում, ե՚ւ ԵԽ-ում հայկական խորհրդարանական պատվիրակությունում գրեթե համոզված են, որ Հայաստանում Ջոնսթոնի ելույթը հիմնականում ադրբեջանական լոբբիինգի ազդեցության արտահայտությունն էր: Սակայն ԵԽ նախագահի այցը Հայաստան չօգտագործվեց արտաքին գործերի նախարարության կողմից հյուրին ներկայացնելու նաեւ Հայաստանի դիրքորոշումները, փաստարկները: Հակառակ դեպքում օրերս Ադրբեջանում եռօրյա այցով գտնվող Ջոնսթոնն ուղղակի չէր հայտարարի. «Ըստ միջազգային իրավունքի նորմերի, միանշանակ է, որ Հայաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքը»: Կամ էլ «Հայաստանն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքը թմրանյութերի տեղափոխման համար»:

Ջոնսթոնը բառացիորեն կրկնում է այն, ինչ միջազգային ասպարեզում փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Եվ պատահական չէ Ջոնսթոնի այս հայտարարություններին հարեւան երկրի քաղաքական շրջանակների հիացական վերաբերմունքը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4