«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2001-09-18 | #168, 2001-09-19 | #169, 2001-09-20


ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵՌԼԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանական Neue Zurcher Zeitung օրաթերթը սեպտեմբերի 17-ի համարում անդրադարձել է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ տեղ գտած դատական գործընթացին:

Լրագրող Ջորջ Քրեյսը մասնավորապես գրում է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ուսումնասիրված է եւ վավերագրված, մինչդեռ թուրք ազգայնական պատմագիտությունը հրաժարվում է ընդունել ցեղասպանության իրողությունը:

«Այս թեմայով մեծ թվով հրապարակումներ են եղել նաեւ Շվեյցարիայում, ներառյալ վերջերս հրատարակված Ջեքոբ Քուենցլերի հիշողությունները, որը 1919 թվականին Անատոլիայում գտնվել է բժշկական ծառայության մեջ: Կարող ենք ընդունել, որ պատմականորեն հաստատված իրողություն է 800 հազարից մինչեւ 1,5 մլն. հայերի ոչնչացումը երիտթուրքական վարչակազմի տարիներին, եւ մասսայական բնաջնջման այս փաստը համապատասխանում է ցեղասպանության այսօրվա հասկացությանը: Այսպես է նույնիսկ, եթե Բեռնի դատարանը այդպես չի կարծում: Ժամանակին քիչ ուսումնասիրված լինելու պատճառով Հայոց ցեղասպանությունը չի դատապարտվել, եւ այսօր ջանքեր են գործադրվում համաշխարհային հանրության նախկին անտարբերությունը փոխհատուցելու համար», գրում է Քրեյսը:

Նա նաեւ տեսակետ է հայտնում, որ պատմական իրողությունը չի կարող վիճարկվել խորհրդարաններում, քանի որ այն գիտական ուսումնասիրության արդյունք է: «Մեծ թվով խորհրդարաններ, այդ թվում Եվրախորհրդարանը դատապարտել են եղեռնը, բայց ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի նմանօրինակ ջանքերն առայսօր հաջողությամբ չեն պսակվել: Երբ Շվեյցարիայի խորհրդարանը գարնանը մերժեց ցեղասպանության օրինագիծը 73 դեմ 70 կողմ հարաբերակցությամբ, դա ոչ մի նոր բան չավելացրեց 80 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, բայց որոշ բաներ բացահայտեց շվեյցարական խորհրդարանի քաղաքական հայացքների շուրջ», նշում է նա:

Անդրադառնալով Շվեյցարիայի Բեռն-Լոպենի շրջանային դատարանում 17 թուրքերի դեմ դատական գործընթացին, լրագրողը եզրակացրել է, որ շվեյցարական դատարանը չէ, որ պետք է քննարկեր ցեղասպանության եղելությունը, այլ միայն պետք է որոշում կայացներ, թե արդյոք թուրքերի արտահայտությունները հակասո՞ւմ են Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 260 հոդվածին, մինչդեռ դատավոր Մարդել Ալեքսանդր Նիլիի անձնական կարծիքով, հանցակազմ թուրքական կողմի արարքում այնուամենայնիվ կար»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4