ԱՊՀ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պիտի որոշիՙ տրամադրե՞լ իր ցամաքային եւ օդային տարածքն ԱՄՆ-ինՙ վերջինիս հակաահաբեկչական քայլերի հնարավոր իրականացման համար: Նման հայտարարությամբ, ըստ ռուսական լրատվամիջոցների, հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Իգոր Իվանովը Վաշինգտոնում, ուր նա ժամանել է Ջորջ Բուշի եւ ՌԴ նախագահի հանդիպումը Շանհայում նախապատրաստելու համար: Համագործակցության որոշ երկրներ արդեն իրենց տեսակետները հայտնել են այս առթիվ: Ղազախստանը, երկրի արտգործնախարարի հայտարարությամբ, պատրաստ է «ամենասերտ համագործակցության» ԱՄՆ-ի եւ համաշխարհային ողջ հանրության հետՙ միջազգային ահաբեկչությանն ընդդիմանալու գործում: ԱՄՆ-ին օգնելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Վրաստանը, Տաջիկստանը: