«Ինտերնետային կապին միանալու արագությունը կմեծանա հինգ անգամ»: Այսպիսի «ցնցող» հայտարարություն է արել Արմենպրեսի թղթակցին ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Մկրտչյանը («Հայաստանի Հանրապետություն», 19 սեպտեմբերի, 2001 թ.): Նա նաեւ նշել է, որ այդ կապով կապահովվեն անդրկովկասյան եւ կենտրոնասիական 8 երկրներ: 2,5 մլն դոլար արժողությամբ այդ ծրագիրը իրականացվելու է ՆԱՏՕ-ի գիտական ծրագրի շրջանակներում:
Անտեղյակ ընթերցողի համար այս տեղեկատվությունը գուցե դրական տպավորություն թողնի: Սակայն ոլորտին քիչ թե շատ ծանոթ մարդը չի կարող չզարմանալ պրոֆեսորի մատնանշած այն փաստից, որ «բարձրորակ» կապը լինելու է 1,5 մբիթ/վրկ: Թե ինչպես դա կարող է բարձրորակ լինել, երբ Արմինկոյի ապահոված 2 մբիթ/վրկ, «Հայհամակարգչի» 2,25 մբիթ/վրկ, Արմենտելի ապահոված 4,5 մբիթ/վրկ դեպքում, մեղմ ասած, չենք կարող ասել, որ Հայաստանն ունի արագագործ եւ բարձրորակ ինտերնետ կապ: Հետեւաբար, հարց է առաջանումՙ արժե՞ 2,5 մլն դոլար ծախսել ընդամենը 1,5 մբիթ/վրկ կապ ապահովելու համար: Կարելի է միայն ենթադրել, թե այդ գումարներն ինչ նպատակով եւ ինչպես են ծախսվելու:
Ա. Մ.