Կհրաժարվե՞ն Սարգսյանները «Արարատցեմենտից»
Երեկ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում «Արարատցեմենտ» ՓԲԸ մասնավորեցման բաց մրցույթում վերջապես հայտնի դարձավ 1 տարի շարունակ մասնավորեցման դրված այս ձեռնարկության ապագա սեփականատիրոջ անունըՙ շվեյցարական «Հոլսիմ» կորպորացիա: Վերջինս ցեմենտի արտադրությամբ աշխարհում երկրորդ խոշոր ընկերությունն է ֆրանսիական «Լաֆարժեից» հետո: Ընկերությունը գործարաններ ունի աշխարհի 80 երկրներում, այդ թվումՙ Ադրբեջանում: Հանձնաժողովի վերջնական որոշումը կկայացվի եկող չորեքշաբթի միայնՙ ընկերության բիզնես-ծրագրին ծանոթանալուց հետո, սակայն, ինչպես «Ազգի» հարցին ի պատասխան նշեց Դավիթ Վարդանյանը, ընկերության ներկայացրած առաջարկությունը մինչ այժմ եղած առաջարկություններից լավագույնն էՙ 6 մլն դոլար (գումարած 4 մլն էլՙ հողի վճար) գին, 12 մլն դոլարի ներդրումներՙ առաջիկա երեք տարում, 600 աշխատատեղի պահպանման պարտավորություն, բացի դրանից եւս 6 մլն դոլարՙ ձեռնարկության սոցիալական կարիքների համար: Եթե դրան ավելանան նաեւ ձեռնարկության կուտակած պարտքերը (մոտ 1,2 մլրդ դրամ), որոնք ժառանգություն են մնացել ապագա սեփականատիրոջը, ապա ստացվում է մոտ 30 մլն դոլարի ծրագիր, որը բավարարում է, ավելինՙ գերազանցում է կառավարության պայմանները, (նվազագույնըՙ 4 մլն (գումարած 4 մլնՙ հողի վարձ) գին, 6 մլն դոլարի ներդրում, 600 աշխատատեղի ապահովում): Երեկվա մրցույթի հայտատուների փաթեթում, սակայն, «Հոլսիմը» միակը չէր: Մյուս հայտատուն մալայզիական «Աջիկավո գրուպն» էր, որի հայտում (այսինքնՙ հայտերում, որից առաջինը ստացվել էր մրցույթից 2 ժամ, մյուսըՙ մի քանի րոպե առաջ) բացակայում էր կանխավճարի (158 հազ դրամի) չեկը: Սակայն, եթե անգամ դա էլ լիներ, ներկայացված պայմաններից ու հանձնաժողովի անդամների արձագանքից արդեն իսկ ակնհայտ էր, որ վերաբերմունքը նրա նկատմամբ բացասական է լինելու, քանի որ, ինչպես բնորոշեց Դ. Վարդանյանը, առաջարկները «անլուրջ» էինՙ 8 մլն գնի հետ 100 մլն դոլար ներդրումներ (առանց ժամկետի նշման) եւ 2500 աշխատատեղ: «100 մլն ներդնում են «Արարատցեմենտում» ի՞նչ անեն, տարակուսանքով հարցրեց նախարարը: Որոշվեց մալայզիական այդ խմբին, որի կենտրոնը Լոնդոնում է (ի դեպ, «Աջիկավոն» ժամանակին հայտ էր ներկայացրել նաեւ «Հայխնայբանկի» սեփականաշնորհմանը), մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալ:
Հիշեցնենք, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման որոշումը կայացվել է դեռեւս անցյալ տարվա սեպտեմբեր ամսին (ի թիվս ԱԺ կողմից հաստատված կարեւոր նշանակության 14 ձեռնարկությունների): Ընկերության բուն սեփականաշնորհման գործընթացը սկսվել է այս տարվա մայիս ամսից, որի ընթացքում մասնավորեցման մրցույթը երեք անգամ հետաձգվել է: Այդ ձգձգումներին մինչ այժմ տրվել են քաղաքական գնահատականներՙ պայմանավորված Արամ Սարգսյանի անձի հետ: Իսկ նախարարի մեկնաբանությամբ, ձգձգումները կապված են եղել հայտատուներին առավել լավ ուսումնասիրելու ու լավագույն տարբերակը ընտրելու հետ. առաջարկված ամենաբարձր գինը սկզբում 3-4 մլն էր, որը հնարավոր եղավ հասցնել 10 մլն-ի:
Նշենք, որ «Արարատցեմենտը» գնելու հայտ ներկայացրածների թիվը սկզբում 5 էր, ապա 3ՙ նույն «Հոլսիմը», լիբանանյան «Սիմենտ» ընկերությունը եւ ամենահետեւողական հայտատունՙ ձեռնարկության կոլեկտիվը (իսկ որ ավելի ճիշտ էՙ տնօրեն Արամ Սարգսյանը): Երեկ հանձնաժողովը ըստ ամենայնի սպասում էր նաեւ լիբանանյան եւ հունական ընկերությունների հայտերին, բայց կարծես թե չէր սպասում կոլեկտիվի հայտին: «Ինչո՞ւ կոլեկտիվը (իմաՙ Արամ Սարգսյանը) հայտ չէր ներկայացրել» հարցի պատասխանը Դ. Վարդանյանը խորհուրդ տվեց ստանալ կոլեկտիվից: Անձամբ ինքը կարծում է, որ «գինը նրանց համար բարձր է եղել»: Այդ հարցի պատասխանը, սակայն, որոշ իմաստով պարզվեց մրցույթի վերջում, երբ «Հոլսիմի» ներկայացուցչին շրջապատեցին լրագրողները: Արամ Սարգսյանը մի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է հերթով հանդիպել ու բանակցել բոլոր այն ընկերությունների հետ, որոնք մտադիր են գնել իր գործարանը: «Հոլսիմի» ներկայացուցիչը հաստատեց, որ Ա. Սարգսյանը հանդիպել է իրենց հետ, ավելինՙ պայմանագրի մի կետով ընկերությունը առաջարկել է Ա. Սարգսյանին մնալ իր պաշտոնում: Շվեյցարացու կողքին կանգնած էր մի ակտիվ երիտասարդ, որն անմիջապես արձագանքեց լրագրողներից մեկի այն հարցին, թե կոլեկտիվն ինչո՞ւ հայտ չի ներկայացրել. «Ի՞նչ եք ասում, երկու անգամ ներկայացրել է»: Կոլեկտիվից չէ՞ր արդյոք շվեյցարացուն ուղեկցողը, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, քանի որ երբ լսեց, որ հարցնողը «Ազգից» է, հրաժարվեց ներկայանալ: Մեզ մնում է միայն ենթադրություն անել, որ կոլեկտիվն այնքան էլ չի հրաժարվել իր մտադրությունից, սակայն գտել է մեզ դեռեւս անհայտ տարբերակներ: Ուրեմն, դե յուրեՙ «Հոլսիմի՞ն», դե ֆակտոՙ կոլեկտիվի՞ն (իմաՙ Ա. Սարգսյանին), համենայն դեպս, ներդրումների առաջիկա երեք տարում կպարզվի: Ուրիշ էլ ի՞նչ է մնում ենթադրել:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ