«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2001-09-18 | #168, 2001-09-19 | #169, 2001-09-20


«ԱՐՇԱԿ Բ»-Ն ԱՐԺԱՆԻ Է ՏԵՂ ԳՐԱՎԵԼՈՒ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՑԱՆԿՈՒՄ

19-րդ դարի հայկական օպերայի շռնդալից հաղթանակը Սան Ֆրանցիսկոյում

Սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգական իրադարձությունները ստվեր գցեցին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող մշակութային միջոցառումների վրա: Այժմ, մի շաբաթ անց, խմբագրությանն է հասցեագրվել «Թայմս» ամերիկյան օրաթերթի սեպտեմբերի 10-ի համարում տպագրված թատերագետ Ջիորջիա Ռոուի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանըՙ չնչին հապավումներով:

133 տարի տեւեց, որ ձեռագրում գրվածը բեմում իրականություն դառնա: Բայց արժեր այդքան սպասել, որովհետեւ արդյունքը շռնդալից հաղթանակ էր:

Շաբաթ օրը (սեպտեմբերի 8-ին) Սան Ֆրանցիսկոյի «Ուոր Մեմորիալ» օպերային թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Տիգրան Չուխաջյանի 1868-ին գրած օպերայի բնագիր տարբերակը: Չուխաջյանը, որը նաեւ ճանաչված է որպես հայկական Վերդի, պատմում է իր երկրի 4-րդ դարի ռազմիկ-թագավորի դրամատիկական պատմությունը: Իսկ պրեմիերայի օրը հիացած հանդիսատեսի խանդավառ ընդունելությունը վկայում է, որ նրա գլուխգործոցը կարող է նույն ճակատագրին արժանանալ եւ մնայուն տեղ գրավել խաղացանկում, ինչպես Վերդիի օպերաները:

Եվ հասկանալի է օպերային ընկերության «Համաշխարհային պրեմիերա» անվանումը, քանի որ ստեղծագործությունը իրոք բարդ ճակատագիր է ունեցել: Ամբողջական օպերան երբեք չի բեմականացվել կոմպոզիտորի ապրած տարիներին: Վերամշակված մի տարբերակՙ հարմարեցված Ստալինի բնորոշումներին, ներկայացվել է Հայաստանում սկսած 1945 թվից:

Շաբաթ օրվա ներկայացումը հայտնություն լինելուց ավելին էր: Ոմանք ասում են, թե կոմպոզիտորն առատորեն օգտվել է Վերդիից: Օպերան ամենաշատը նման է Վերդիի «Նաբուգո» եւ «Մակբեթ» օպերաներին: Ուրիշները գտնում են, որ օպերան պատիվ է բերում «օպերաների թագավորին»: Չուխաջյանը, որը սովորել է Միլանի կոնսերվատորիայում, հստակորեն վերցրել է մի երկու հաջող լուծում վարպետից, բայց նաեւ ավելացրել է դրամատիկական զարգացման վստահ զգացողություն, ցուցաբերել է գործիքավորման հմտություն եւ օգտագործել այնպիսի վոկալ ոճ, որը հաճելի եւ դուրեկան է:

Քաղաքական դեպքերի ճշտությունը պատմաբաններին թողնելով, նշենք, որ «Արշակ Բ»-ի իրադարձությունները տեղի են ունենում ազգային միասնականության պայքարի թոհուբոհում այն ժամանակ, երբ Հայաստանը պատերազմում էր ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Բյուզանդիայի դեմ: Պատմության հիմքում ընտանեկան մի ողբերգություն է, որը գալիս է վկայելու, որ ընտանեկան արժեքների անկումը նորագույն երեւույթ չէ:

Եթե ողբերգությունը որոշ տեղերում մելոդրամատիկ է, ապա Չուխաջյանին հաջողվել է հարթել այդ թերությունը սյուժեի հարստությամբ: Միակ թույլ մասը բացման 10 րոպեանոց սիմֆոնիան է, որը կարելի էր ամբողջովին կրճատել:

Այս նոր տարբերակի վրա աշխատել են երաժշտագետ Հայկ Ավագյանը, դրամատուրգ Ժիրայր Փափազյանը, ներկայացման տնօրեն Ֆրանչեսկո Զամբելոն, դեկորների պատասխանատու Ջոն Կոյնին, լուսային էֆեկտների պատասխանատու Մարկ Մքկուլոն եւ զգեստների ձեւավորող Անիտա Յարիչը:

Ներկայացումը համատեղ ջանքերի արդյունք է, եւ բոլոր մասնակիցներըՙ սկսած նվագախմբի ղեկավար Լորիս Ճգնավորյանից մինչեւ ամենափոքր դեր կատարողը, չափազանց ուշադիր են ու բծախնդիր իրենց գործում:

Երգեցողությունը սքանչելի էր սկզբից մինչեւ վերջ: Բարիտոն Քրիստոֆեր Ռոբերտսոնի Արշակը իսկական տիրակալ էր, որը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին: Նրա ամենահաջողված տեսարանները դրանք էին, որոնցում Մակբեթի նման նա տառապում էր իր անցյալի սեւ արարքներից:

Բայց երեկոյի ամենալուսավոր կատարումը հայ սոպրանո Հասմիկ Պապյանինն էր, որը մարմնավորում էր Արշակի առաջին կնոջՙ Օլիմպիայի արժանապատիվ ու վեհ կերպարը: Նրա խաղը չափազանց համոզիչ էր: Իսկ 3-րդ գործողության մեջ նրա ողբը սպանված որդու առիթովՙ ամենաազդեցիկ տեսարանն էր ամբողջ ներկայացման մեջ:

Հրաշալի կատարումներով հանդես եկան նաեւ մեցցո սոպրանո Նորա Գուբիչը (Փառանձեմ), տենոր Ֆիլիպ Ուեբը (Արշակի եղբայրը), տենոր Գորդոն Գլեթսը եւ բաս Տիգրան Մարտիրոսյանը:

Ներկայացման ամեն րոպեն մանրամասն մշակված էր: Այդ պատճառով էլ բոլորովին ձանձրալի չէր եւ արժանի է իր մշտական տեղը գրավելու օպերային թատրոնի խաղացանկում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4