«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2001-09-18 | #168, 2001-09-19 | #169, 2001-09-20


«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿ»

Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շարքում երեկ իր աշխատանքը սկսեց «Քրիստոնյա Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպել են 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովը, Երեւանի պետհամալսարանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են ինչպես հայաստանցի, այնպես էլ մի շարք երկրներից ժամանած գիտնականներ, որոնց թվում նաեւ մեր սփյուռքահայ հայրենակիցները: Բացման խոսքով հանդես եկան գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, 1700-ամյակի տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Խոսրով Հարությունյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արք. Աճեմյանը եւ այլք, որոնք մեծապես կարեւորեցին գիտաժողովըՙ համարելով մշակութային կարեւոր իրադարձություն հայ ժողովրդի կյանքում:

Գիտաժողովի եռօրյա աշխատանքները կընթանան 3 բաժանմունքներով: Առաջին բաժանմունքն ընդհանրացնելու են պատմության, պատմագրության ու աղբյուրագիտության թեմաներով ավելի քան երկու տասնյակ զեկուցումներ: Երկրորդ բաժանմունքում, որը կրում է գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն եւ մանկավարժություն խորագիրը, ընթերցվելու են այդ բնագավառներին վերաբերող շուրջ 20 զեկուցում: Երրորդ բաժանմունքը կրում է արվեստ եւ ճարտարապետություն ընդհանուր խորագիրը, որի շրջանակներում տարբեր ենթախմբերովՙ գեղանկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն, հնագիտություն, կիրառական արվեստ, երաժշտություն եւ այլն, ներկայացվելու են շուրջ 40 զեկուցումներ:

Գիտաժողովի արտասահմանցի հյուրերը Հայաստանում գտնվելու օրերին առիթ կունենան ճանապարհորդելու Աշտարակ, Օշական, Հովհանավանք, Սաղմոսավանքՙ ծանոթանալու Հայաստանի պատմական-եկեղեցական հուշարձաններին:

ՄԱՐԻԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4