Հարցազրույց Սարգիս Սարգսյանի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տաշքենդում կայացած թենիսի «Նախագահի գավաթի» խաղարկությունում, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում էր 550 հազար դոլար, հաջող մրցելույթներ ունեցավ Հայաստանի թենիսիստների առաջատար Սարգիս Սարգսյանը: Հաջորդաբար հաղթելով ֆրանսիացի Ժյուլեն Բուտեին, իտալացի Ջանլուկա Պոցցիին եւ հոլանդացի Սյենգ Շալկենին, կիսաեզրափակիչում Սարգիսը զիջեց ռուսաստանցի Մարատ Սաֆինին, որն էլ դարձավ մրցաշարի հաղթող: Մեր խնդրանքով «Դեյլի սպորտս Արարատ» լրատվական գործակալության սեփական թղթակից, խորվաթ լրագրող Իվո Սկեպանովիչը մրցաշարի ավարտից հետո հատուկ «Ազգի» համար հարցազրույց է անցկացրել Սարգիս Սարգսյանի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
- Սարգիս, ինչպե՞ս ես գնահատում ելույթներդ տաշքենդյան մրցաշարում:
- Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ ելույթներից, ցուցադրած խաղի որակից: Այս շաբաթն ինձ համար իրոք հաջող էր: Գերմանիայում անցկացրած մարզումները ցանկալի արդյունք տվեցին: Ես ինձ վստահ էի զգում, կարողանում էի «կարդալ» մրցակիցներիս գործողությունները: Մի խոսքով, լավ մարզավիճակում եմ գտնվում:
- Տաշքենդյան կորտում քեզ վիճակված էր չորս հանդիպում անցկացնել: Ո՞րն էր դրանցից ամենածանրը քեզ համար:
- Նման կարգի մրցաշարերում սովորաբար հեշտ հանդիպումներ չեն լինում: Յուրաքանչյուր մրցախաղ էլ իր դժվարությունն ունիՙ կապված մրցակցի խաղաոճից: Սակայն երբ քեզ վստահ ես զգում, լավ մարզավիճակում ես, կարելի է ցանկացած մրցակցի հաղթել: Իհարկե, կիսաեզրափակիչ հանդիպումն առավել ծանր էր, քանի որ մրցակիցն էլ ավելի ուժեղ էր:
- Սաֆինից կրած պարտությունը քեզ դառնություն շա՞տ պատճառեց:
- Յուրաքանչյուր պարտություն էլ մարզիկին դառնություն է պատճառում: Սաֆինի հետ մրցախաղում ես ներդրեցի այն ամենը, ինչին ընդունակ էի: Առաջին խաղափուլում ինձ նույնիսկ հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել եւ ի վերջո այն ավարտել իմ օգտին: Սակայն հաջորդ երկու խաղափուլերում Սաֆինին կանգնեցնելն արդեն անհնար էր: Ամեն դեպքում մրցակիցս բավական հեղինակավոր եւ տիտղոսակիր թենիսիստ է, որը բազում մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունի: Իսկ դա հաճախ մրցակցությունում վճռորոշ դեր է խաղում: Մարատը կարողացավ տիրել նախաձեռնությանը, կենտրոնանալ եւ բեկում մտցնելով մրցակցությունումՙ հասավ հաղթանակի: Անկեղծ ասած, պարտությունն ինձ բնավ էլ չտխրեցրեց, որովհետեւ գիտակցում էի, թե ինչպիսի ուժեղ թենիսիստի եմ զիջել: Բացի այդ էլ, ես այդ օրն ամեն ինչ արեցի հաջողության հասնելու համար, սակայն մրցակիցս օբյեկտիվորեն ինձանից ուժեղ էր:
- Երեւի թե այդ մրցախաղը քեզ համար ուսանելի էր.
- Ցանկացած մրցախաղում էլ ինչ-որ բան սովորում ես, հայտնաբերում, առավել եւսՙ ուժեղ մրցակիցների հետ խաղերում: Յուրաքանչյուր մրցախաղի նախապատրաստվելիս ես մտածում եմ ոչ այնքան մրցակցի խաղաոճի մասին, այլ փորձում եմ կենտրոնանալ իմ խաղի վրա, խորհում եմ, թե ինչպիսի՞ տակտիկական հնարքներով կարող եմ հաղթել մրցակցիս: Իհարկե, ուժեղ թենիսիստների խաղը փորձում ես վերլուծել, ցանկանում ես գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս վարվել, որպեսզի դու էլ ուժեղագույնների շարքում դասվես:
- Որքան ինձ հայտնի է, դու մտերիմ ես քո հայրենակից Անդրե Աղասու հետ:
- Անդրեն մեծ թենիսիստ է, նրան իրավամբ կարելի է թենիսի լեգենդների շարքը դասել: Աղասու հետ ես բախտ ունեցա մի շարք համատեղ մարզումներ անցկացնել Լաս Վեգասում: Նա ինձ շատ է օգնում իր խորհուրդներով, նրանից իրոք սովորելու շատ բան կա: Չեմ կարծում, թե նա էլ իմ խորհուրդների կարիքն ունի, քանի որ ինձանից շատ լավ է թենիս խաղում: Կարելի է ասել, որ թենիսում Աղասին իմ կուռքն է: Երբ նա խաղում է, ես աղոթում եմ նրա համար: