Խառը ժամանակներում ենք նշում մեր երկրի անկախության 10-ամյակը: Մ. Նահանգներում պատահած սարսափելի ահաբեկչության մեծաթիվ զոհերի կորուստը սգալուց դեռեւս ուշքի չեկածՙ նոր պատերազմի անկանխատեսելի հետեւանքների մտահոգությամբ է կլանված ամբողջ երկրագունդը, նաեւ մենք: Եվ ինչպես ընտանիքում մինուճար երեխայի, այնպես էլ մենք ենք մեր ժողովրդի ստեղծած գլխավոր արժեքիՙ անկախ պետականության համար մտահոգ ամեն անգամ, երբ հեռու թե մոտիկ վտանգ ենք տեսնում հորիզոնի վրա:
Մտահոգվում ենք, քանի որ շատ ենք երազել այս անկախությունը: Եթե այս անգամ մենք այն ձեռք ենք բերել համեմատաբար հեշտ, ապա անցնող 10 տարիներին մեր վճարած գինն անկախության պահպանման համար եղել է սարսափելի մեծ: Վճարել ենք արյունով, զոհողություններով, արտագաղթով, մարդկային ու նյութական ահռելի կորուստներով, նաեւ սխալներով:
10 տարի առաջ, երբ անկախության հանրաքվեն էինք անցկացնում, մեզնից շատերի մոտ արդեն կար այդ մտահոգությունը. կդիմանա՞նք, մենակ կարո՞ղ ենք դժվարին ճանապարհն անցնել, չի՞ կրկնվի դարասկզբին մեր ստացած երկուսուկես տարվա անկախության ճակատագիրը: Եվ ժամանակները ցույց տվեցին, որ իզուր չէին այդ մտավախությունները: Ունեցանք տարիներ սովի, ցրտի ու մթի, ապրեցինք նահանջի ու պարտության ողջ դառնությունն Արցախում, նույնիսկ եղավ պահՙ 1999 թ. հոկտեմբերի 27-ը, երբ թվում էր, թե տանուլ ենք տվել ամեն բան: Բայց դիմացանք, հաղթահարեցինք ու հաղթեցինք: Եվ հեզհետե սկսեցինք նաեւ կառուցել ավերվածը, վերականգնել թալանվածն ու փլուզվածը: Սկսեցինք սեփականություն ստեղծել եւ հետզհետե սովորում ենք այն պաշտպանել: Ի վերջո սկսեցինք հասկանալ, որ ազատականությունը տնտեսության մեջ չի կարող համազգային բարիքի ու բարգավաճման վերածվել, եթե հասարակական հարաբերություններում երաշխավորված չէ ռամկավարությամբ, ժողովրդավարությամբ: Ի վերջո ընկալեցինք, որ առանց անցյալի արժեքներին պահապան կանգնելու, չենք կարող մեր ապագայի տերը դառնալ: Առանց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ձգտելու, չենք կարող արդարություն պահանջել եւ ստանալ մեր այսօրվա խնդիրների համար:
Իրավ է, ունենք ահռելի դժվարություններ, տնտեսությունը նոր-նոր է վերսկսում շնչել, դեռեւս ահռելի թիվ են կազմում գործազուրկները, արտագաղթը շարունակվում է, անարդարություններն ու անօրինականությունները չեն վերացել, եւ ամենակարեւորըՙ տակավին ոչ մի շոշափելի հեռանկար չկա արցախյան հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորման համար: Սակայն ցանկացողը կարո՚ղ է տեսնել առաջընթացը, որը խոստանում է դառնալ որակ եւ զգալի լինել յուրաքանչյուրիս առօրյա կյանքում: Սա է կարեւորը:
Անցնող 10 տարիները հաստատում են, որ մենք արժանի ենք անկախության, որ մենք ի վիճակի ենք արժեւորելու այն: