Այս հոդվածի հեղինակը հայաստանցի չէ: Ծագումով պարսկահայ է եւ երկար տարիներ ապրում եւ աշխատում է Կալիֆոռնիայում, որտեղ ամերիկյան դպրոցներում գիտական առարկաներ է դասավանդում: Հաճախ է գալիս Հայաստան բարեգործական նպատակներով: Երեւանում գնել է բնակարան, որտեղ բնակվում է տարին մի քանի ամիս: Անկախության 10-րդ տարվա առթիվ հարմար գտանք ներկայացնելու նրա մտահոգությունները:
Այս հոդվածի մեջ ցանկանում եմ խոսել ահավոր հիվանդագին վիճակի մասին, որը կլանել է սփյուռքահայ համայնքներին, այն էՙ անգութ, հաճախ անհիմն վատաբանությունը մեր հայրենիքիՙ Հայաստանի մասին: Հատկապես անհանգստացնում է ամենուրեք լսվող վատ եւ չար խոսակցությունըՙ Հայաստանը մշտապես լքած հայերի մեծամասնության կողմից: Այս պատուհասն ականահարում է բոլոր հույսերը եւ էներգիան այն հայերի մեջ, ովքեր համաձայն են օգնել հայրենիքինՙ ընդլայնելով անձնական կամ բարեգործական կազմակերպությունների օգնության շրջանակները:
Բազում անգամներ զրույցի եմ բռնվում հայաստանցիների հետ, ովքեր նկարագրում են իրենց ծննդավայրը մի «սեւ եւ չար» վրձնի հարվածով եւ ընդհանրապես ոչ մի լավ բան չունեն ասելու իրենց ծննդավայրի մասին: Այս տեսակի խոսակցություններն այնչափ են թունավորում մթնոլորտը, որ Հայաստան այցելելու ցանկություն ունեցողներն ինձ են զանգահարում խորհուրդ հարցնելու եւ ցանկանում են տեղեկանալ անվտանգության վիճակի մասին, ինչպիսիք ենՙ փողոցներով անվախ զբոսնելը, ջուր խմելը կամ տաքսի նստելը: Նրանք այնպիսի սարսափելի պատմություններ են լսել, որ կարող ես մտածել, թե խոսքը երկրագնդի «սատանայական» մի վայրի մասին է: Այս «արհավիրքի քարոզիչները» բնորոշում են, որ Հայաստանում «ամեն ոք անազնիվ է ու ստախոս, եւ ոչ մի լավ բան չկա»:
Ահավասիկ ցանկանում եմ խնդրանքով դիմել նրանց, ովքեր հայաստանցի չենՙ լուրջ չվերաբերվել այս ասեկոսեներին: Նրանցից շատերը չարախոսում են, որպեսզի ծածկեն իրենց ոչ մաքուր խիղճը: Նրանք արդարացնում են իրենց արտագաղթի գործողությունը, լավ գիտակցելով, որ հեշտ ճանապարհ են ընտրել, գիտակցելով, որ իրենք փրկել են իրենց սեփական կաշին առանց որեւէ ճիգ ու ջանք թափելու համաերկրացիների բարօրության համար:
Ես առանձնապես հոգնել եմ լսել այսպիսի պատմություններ եւ ցանկանում եմ մի փիլիսոփայական եւ պրագմատիկ հարց բարձրացնել:
Ի՞նչ ենք շահում հավերժացնելով այս վատաբանումը եւ չար խոսքերը:
Արդյոք այս փաստերը հիմնավորվա՞ծ են:
Ստուգո՞ւմ ենք նրանց շարժառիթները:
Ո՞վ է ուրախանում եւ քաջալերվում մեր թշնամիներից բացի:
Արդյոք այս ասեկոսեները հագեցնո՞ւմ են հայաստանյան դատարկ ստամոքսները կամ աշխատանքով ապահովո՞ւմ են գործազուրկներին:
Հայաստանում արդյոք մենք խոչընդոտ չե՞նք մեր բարեգործական կազմակերպությունների հերոսական ջանքերի նկատմամբ, ովքեր դժվարությամբ գումար են հայթայթում, որոնք ցանկանում են տեսնել Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը:
Արդյոք չե՞նք կանխում եւ վհատեցնում նրանց, ովքեր ցանկանում են գոնե մի չնչին օգնություն ցույց տալ Հայաստանին:
Մեզ եւ Հայաստանի համար լավ չէ՞ր լինի, որ չար խոսքերը լսելու եւ կրկնելու փոխարեն ստուգել եւ տեղեկանալ լավ գործի մասինՙ լինի դա թեկուզ չնչին եւ տարածել այդ լավը, քան թե չարը:
Համոզված եմ, որ բացասականը եւ վատը կրկնելով, մենք մեծացնում ենք վատը եւ բացասականը:
Որեւէ մեկը խոսո՞ւմ է ձեռներեց գործարարների լավ աշխատանքի մասին, ովքեր այնքան հաստատակամությամբ հավատում են իրենց հայրենիքի վերածննդին եւ ցանկություն ունեն պայքարելու բոլոր բյուրոկրատական խոչընդոտների դեմՙ բարելավելու իրենց եւ ուրիշների կյանքը:
Որեւէ մեկը խոսո՞ւմ է անցյալ տարվա ներքին գործարարության եռապատիկ աճի մասին:
Որեւէ մեկին հետաքրքրո՞ւմ է, որ Հայաստանում 2000 թ. առաջին կեսին եղել է 107.5 մլն ԱՄՆ դոլարի արտաքին ներդրումների տարի:
Ցավոք սրտի, տեղացի հայաստանցիները դեռեւս համոզված չեն, որ իրենց երկիրն իրապես իրենց է պատկանում: Նրանք, ովքեր հասել են այս գիտակցությանըՙ հրաշքներ են գործում: Նրանք վերջում հաղթողներ են լինելու, որովհետեւ նրանք դիմագրավելու են բոլոր դժվարությունները եւ հաղթահարելու են բոլոր խոչընդոտներըՙ ունենալով ավելի բարվոք կյանք, քան արտասահմանում իրենց անհետացող համերկրացիները: Արտագաղթողները քաջատեղյակ են, որ ուրիշ երկրում կենցաղը նորեն սկսելը որքան տարիներ է խլում իրենց առաջխաղացումից:
Ամենալավ օրինակներից է Աբովյան քաղաքի ամենասիրված քաղաքապետը, որ ամեն ինչ անում է, որպեսզի հայրենակիցները դիմանան այս դժվար ժամանակներին ու եռանդով աշխատեն իրենց բարվոք ապագայի համար:
Եթե ես կարողանայի խոսել նրա մտքի կամ գրեի մի զեկույց Հայաստանում որեւէ ղեկավարի մասին, հետեւյալը կասեի. «Ի՞նչ է պատահել մեր սեփական բանականությանը: Ի՞նչ սխալ բան կա հայրենասեր լինելու եւ մեր հայրենիքի համար աշխատելու մեջ: Ո՞ւր կորան այն բոլոր ազնվական զգացմունքները եւ ցանկությունները, որոնք առկա էին 10 տարի առաջ: Արդյոք այն տողերը միայն բանաստեղծակա՞ն էին կամ հռետորակա՞ն, եւ կամ գուցե դրանք պետք է կիրառե՞լ, որովհետեւ մեր հայրենիքը դրա կարոտն ունի: Այն, ինչ նվաճում ենք մենք այսօր, մեր երեխաները եւ նրանց երեխաները պետք է շահեն: Խարդախությունը բոլորիս վնասում է: Առեւտրային եւ հարկային օրենքները բարելավվել են, թեեւ շատ ուրիշ բարեփոխումներ պետք է կիրառվեն: Մենք պետք է միայն լավը պահանջենք, ինչպես ինքնակառավարվենք եւ դրդենք մեր ղեկավարներին, որպեսզի նրանք ազնիվ լինեն: Պետք է հիշեցնել նրանց ազնիվ վարվել իրենց ընտրողների հետ, քանզի իրենք պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե հակառակը: Հիմնական բարեփոխումներից բացի, պետք է համոզել մեր կանանցՙ ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքական բոլոր ոլորտներում, որովհետեւ նրանք այլ մտածելակերպ ունեն հասարակական իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ավելի են առերեսում պահանջում, ավելի քիչ կաշառելի են եւ ընդունակ են յուրօրինակ երկխոսության ու կարող են խնդիրը լուսաբանել նոր ձեւերով: Բացի այդ, պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր առաջադեմ հասարակություններն ավելի անաչառ են եղել, երբ կանայք իրենց ազատ մասնակցությունն են ունեցել կյանքի բոլոր ոլորտներում:
Ես նաեւ քննադատական ուղերձ եմ հղում հոգեւորականությանը եւ եկեղեցուն: Խնդրում եմ, ակտիվ եղեք, քանի որ կառավարող պաշտոնյաները շատ զբաղված են, դուք պետք է մեզ ղեկավարեք: Հույսի մեծ ուղերձ եղեք ժողովրդին: Քարոզեք հայրենիքի սերը ձեր ժողովրդի մեջ: Հիշեք, որ դարեր առաջ դուքՙ եկեղեցականներդ, հեղափոխական զորություն էիք ներկայացնում այս հողի վրա: Մի կողմ դրեք ձեր ծույլ կեցվածքը եւ աշխատեք ժողովրդի մեջ եւ նրանց հետ: Վստահեցրեք նրանց, որ շատ ավելի կանաչ մարգագետին չկա օտար հողի վրա: Հետ բերեք հայրենասիրությունը: Ասեք, որ բոլորս միասին աշխատելով ավելի բարենպաստ կդարձնենք կյանքը մեր բոլորի համար: Ոչ ոք մեզ արծաթյա սպասք չի մատուցի եւ հայրենիքի սահմաններից փախչելը ոչինչ չի փոխի:
Եթե մայր եկեղեցին ուզում է վերջ դնել աղանդների գործունեությանը Հայաստանում, ապա շատ ջանքեր պետք է գործադրվեն: Պետք է պահանջվի, որ բոլոր եկեղեցականները դառնան իրական հովիվներ իրենց «անգլուխ մնացած հոտի» համար: Եթե մենք չենք վերակառուցելու մեր հայրենիքը, ապա ո՞վ է դա անելու: Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ:
Եվ վերջապես, յուրաքանչյուր հայ ցանկանում է տեսնել բարգավաճ հայրենիք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր լուման եւ գործը ներդնի: Հավատում ենք, որ լավը պետք է հաղթահարի վատին:
Եկեք գործի անցնենք: Փոխենք մեր հին եւ քայքայիչ ձեւերը, քանի որ դրանք ոչ մի նպատակ չեն հետապնդումՙ թշնամիներին ուրախացնելուց բացի:
ԱՐՄԻՆԵ ԿՈՆԴԱԿՉՅԱՆ