«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2001-09-21 | #171, 2001-09-22 | #172, 2001-09-25


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐ ՉԷ ԸՆԴԴԵՄ ԻՍԼԱՄԻ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանները իտալական «Ավվենիրե» թերթի հարցերինՙ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցի նախօրեին

- Պարոն նախագահ, այս օրերին Հայաստանը նշում է քրիստոնեության 1700-ամյակը: Ի՞նչ նշանակություն ունի այդ տոնը պետության համար:

- Քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը կարեւորագույն իրադարձություն է հայ ժողովրդի եւ պետության կյանքում: Քրիստոնության ընդունմամբ Հայաստանում սկիզբ դրվեց հոգեւոր-մշակութային նոր զարթոնքի, ստեղծվեց գիր ու գրականություն, ճարտարապետության, պատմագրության, փիլիսոփայության փայլուն օրինակներ, որոնք հարստացրին համաքրիստոնեական արժեքների գանձարանը:

Մենքՙ հայերս, հպարտ ենք, որ քրիստոնեության մարդասիրական վեհ գաղափարներն առաջինն ընդունեցինք եւ խրախուսեցինք պետականորեն:

Քրիստոնեության 1700-ամյա տարելիցն այսօր մեր պետության համար եւս մեկ առիթ էՙ գնահատելով անցյալը հավաստել անկախ Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը քրիստոնեական համամարդկային արժեքներին: Այն միայն տուրք չէ անցյալին, այլ նաեւՙ համայն հայության հոգեւոր միասնության տոն է, որով մենք ամրացնում ենք հավատն ազատ ու բարգավաճ Հայրենիք կերտելու ճանապարհին:

- Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապը կայցելի Հայաստան: Ի՞նչ զգացմունքներով ու սպասելիքներով եք պատ-րաստվում դիմավորել նրան:

- Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան, անկասկած, կարեւորագույն իրադարձություն է մեր երկրի եւ հոգեւոր-մշակութային եւ քաղաքական կյանքում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն առաջին անգամ այցելում է Հայաստան, եւ մենք սպասում ենք այդ պատմական իրադարձությանն ուրախությամբ եւ ամենաջերմ զգացումներով: Հայաստանը բարձր է գնահատում Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոնի, այլեւ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպանի, աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման ջատագովի:

- 1915 թ. դեպքերն արդեն որակվել են Վատիկանի կողմից որպես ցեղասպանություն: Կարծում եք կարեւո՞ր է, որ պապը նորից անդրադառնա դրան այստեղՙ Հայաստանում: Ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ միջազգային հանրության վրա:

- Մենք ողջունում ենք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի Հայոց ցեղասպանության վերաբերյալ անցած տարի ընդունած համատեղ կոմյունիկեն: Սա համամարդկային արժեքներին Վատիկանի անվերապահ նվիրվածության վկայությունն է: Առանց պատմական ճշմարտության վերականգնման անհնարին է ազատվել անցյալի վերքերից, եւ Վատիկանն այդ ուղղությամբ շատ կարեւոր քայլ կատարեց: Սա ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ քաղաքակիրթ մարդկության խնդիրն է եւ ունի միջազգային ե՚ւ բարոյական, ե՚ւ քաղաքական նշանակություն:

Աշխարհն արդեն հասցրել է քաղել նման հանցագործությունները լռության մատնելու դառը պտուղներըՙ ի դեմս նմանատիպ նոր ոճիրների:

Կարծում եմ, Հայաստանում գտնվելու օրերին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւս մեկ անգամ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը կհրավիրի անցած դարի այդ ոճրագործության վրաՙ այլեւս երբեք նման դաժանություններ թույլ չտալու խորհրդով:

- Հովհաննես Պողոս Երկրորդի այցը համընկնում է ՀՀ անկախության 10-րդ տարեդարձի հետ: Այդ տասը տարիները նշանավորվեցին ռազմական կոնֆլիկտով, տնտեսական ճգնաժամով եւ զանգվածային արտագաղթով: Կարծում եք Ձեր ազգակիցները որեւէ պատճառ ունե՞ն տոնելու այդ տարեդարձը:

- Անկախության ճանապարհը դժվարին է բոլորի համար, եւ դեռեւս ոչ մի ժողովրդի չի հաջողվել խուսափել այդ դժվարություններից: Մենք դրսեւորելով հավաքական կամք, հաղթահարում ենք այդ դժվարությունները: Անկախության առաջին տարիներին մեր ժողովուրդը ստիպված եղավ հիմնականում լուծել գոյության խնդիրներՙ ղարաբաղյան պատերազմ, շրջափակում, տնտեսական անկում եւ կարողացավ պատվով դուրս գալ այդ փորձությունից: Այսօր դանդաղ, բայց վստահ մենք հասնում ենք տնտեսական զարգացման նորմալ տեմպերի: Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ ու ապահով, քան նախորդները: Մեր ժողովուրդը հնարավորություն է ստանալու ամբողջովին զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքովՙ ապահովելու համար իր ընտանիքի բարօրությունն ու երջանկությունը: Ավելին, համոզված եմ, որ երկրից դուրս եկած մեր քաղաքացիներից շատերը վերադառնալու են տունՙ այստեղ գտնելու համապատասխան աշխատանք եւ կենսապայմաններ:

Այո, մեր ժողովուրդը պատճառ ունի տոնելու իր անկախ պետության տասնամյա տարեդարձը, քանի որ այդ տասը տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարությունների հետ մեկտեղ, մենք ունենք ակնառու հաղթանակներ ու ձեռքբերումներ, որոնք վստահություն են ներշնչում, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է:

- Արցախում պատերազմն ավարտվել է 1994 թ., բայց դեռ խաղաղություն չկա: Որքա՞ն ժամանակ կպահանջվի որեւէ լուծման հասնելու համար:

- Կարծում եմ, այդպիսի հարցերում ժամկետ նշել, կանխատեսումներ անել ճիշտ չէ: Միայն կասեմ, որ մենք շարունակում ենք ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

- Հայաստանն, ի տարբերություն մի շարք նախկին խորհրդային երկրների, ամրապնդում է իր կապերը Ռուսաստանի հետ: Դա ունի միայն պաշտպանողակա՞ն նշանակություն, թե՞ կան նաեւ այլ դրդապատճառներ:

- Ռուսաստանը Հայաստանի ավանդական դաշնակիցն է, եւ երկու երկրների հետաքրքրությունները բազմաթիվ առումներով մոտ են կամ համընկնում են: Առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջեւ: Հայ-ռուսական հարաբերությունները հարստացնում են նաեւ մեր համատեղ պատմությունը, երկու ժողովուրդների միջեւ խորը հոգեւոր եւ մշակութային կապերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությանը, ապա Ռուսաստանի ներկայությունն այս տարածաշրջանում լուրջ կայունացնող դեր է խաղում:

- Երրորդ հազարամյակի Հայաստանը դեռ համարո՞ւմ է իրեն արեւմտյան քաղաքակրթության պատվար ընդդեմ իսլամի առաջխաղացման:

- Նախորդ բոլոր հազարամյակների Հայաստանը երբեք իրեն չի համարել արեւմտյան քաղաքակրթության պատվար ընդդեմ իսլամի առաջխաղացման:

1915 թ. Օսմանյան կայսրությունում իսլամական ծայրահեղականության վայրենի դրսեւորումները մենք երբեւէ չենք շփոթել իսլամի իրական արժեքների հետ, որոնց հետ կողք-կողքի ապրում ենք արդեն երկար դարեր: Մենք ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունենք իսլամական շատ պետությունների հետ. հայկական հոծ գաղութներն իրենց կրոնական ու ազգային ինքնությունը պահպանում են Իրանում, Մերձավոր Արեւելքի երկրներում: Այսօր քաղաքակրթությունների երկխոսության համատեքստում մենք պաշտպանում ենք համաձայնության եւ համընդհանուր բարեկամության գաղափարը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4