«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2001-09-21 | #171, 2001-09-22 | #172, 2001-09-25


ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Պաշտոնապես գրանցվեց «Արարատ» կոնյակի լոգոտիպը

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության 10-ամյա հոբելյանը նշեցին երկու օր շուտՙ սեպտեմբերի 19-ին, Պուշկինի անվան թանգարանի ընդարձակ դահլիճում կազմակերպված ճոխ ընդունելությամբ: Հայկական նրբանցքում գտնվող դեսպանատան շենքը հազիվ թե կարողանար տեղավորել մոտ 600 հյուրերին: Ի դեպ, շենքը վերջապես պատշաճ արտաքին տեսք է ստացել սկսված վերակառուցումից հետո:

Մինչ արտգործնախարար Իվանովը բանակցություն էր վարում Վաշինգտոնում, ռազմավարական դաշնակիցներին հոբելյանի առթիվՙ ի դեմս դեսպան Սուրեն Սահակյանի, շնորհավորեց նրա առաջին տեղակալ Տրուբնիկովը: Պետդումայից ընդունելությանը ներկա էին երկու փոխխոսնակներըՙ Արթուր Չիլինգարովը եւ Վլադիմիր Ժիրինովսկին: Ի դեպ, վերջինիս ավտոմեքենան, ըստ երեւույթին, տիրոջ եռանդից «լիցքավորված»ՙ կայանման պահին բախվել էր Թուրքիայի դեսպանի մեքենային: Բայց այդ փոքրիկ միջադեպը լայն արձագանք չգտավ, ի տարբերություն վերջերս ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների, որոնց հետեւանքները, թերեւս, քննարկում էին ներկաներըՙ գրեթե 50 երկրների պետական պաշտոնյաներ, դեսպաններ, քաղաքագետներ, լրագրողներ (նրանց մեջ էր նաեւ Միխայիլ Լեոնտեւը OPT-ից), մշակույթի գործիչներ, ինչպիսիք են Մեծ թատրոնի տնօրեն Վորոշիլոն, դաշնակահարներ Յուրի Պետրովը եւ Պավել Կոգանը, բեմադրիչ Էլդար Ռյազանովը եւ ծաղկեփնջով եկած Օլեգ Տոբակովը: Իոսիֆ Կոբզոնը չէր կարողացել գալ, բայց զամբյուղով ծաղիկներ էր ուղարկել: 10 տարին կատակ բան չէ: Նորմալ երեխան այդ տարիքում ավարտում է տարրական դպրոցը: Հայաստանն իր ներկա վիճակում ավելի շատ հիշեցնում է թույլ երեխաների դպրոցի, քան ընտրյալների դասարանի աշակերտի: Ճիշտ է, ընդունելությանը ներկա մեր հայրենակիցների պատկառելի արտաքին տեսքից դատելով նման բան չէիր ասի: Այստեղ էր Մոսկվայի հայ գիտնականների ու գործարարների ամբողջ ընտրախավը, այդ թվում Արա Աբրահամյանը, Ռուբեն Վարդանյանը, Սուխոյի անվան ավիակոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն Միքայել Պողոսյանը: Այստեղ էր Ռուսաստանի հայերի միության նախագահի եղբայրըՙ գործարար Գագիկ Աբրահամյանն իր շվեյցարացի գործընկեր Թորոս Սաղըրյանի հետ: Բոլորը սիրալիր զրուցում էին եւ ըմբոշխնում հայկական կոնյակ: Միայն ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Լեբեդեւն էին, որ ժամանակը կարճում էինՙ զրուցելով հանքային ջրի եւ հյութի բաժակներն առած:

Ի դեպ, մի քանի օր դրանից առաջ Մոսկվայի «Շերաթոն պալաս» հյուրանոցում տեղի էր ունեցել Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի շնորհանդես-համտես: «Արարատի լեգենդները» ներկայացնելու էր եկել գործարանի ողջ ղեկավարությունըՙ Պիեռ Լառեչը, Հրանտ Բագրատյանը, Սերժ Տեր-Սահակյանը: Նրանք շնորհավորանքներ էին ընդունում այն կապակցությամբ, որ երկարատեւ տառապանքներից հետո իրենց վերջապես հաջողվեց ՌԴ-ում պաշտոնապես գրանցել կոնյակի մակնիշի իրենց բացառիկ իրավունքը եւ «Արարատ» լոգոտիպը:

Հաճույքով համտեսելով հայկական կոնյակը, հրավիրյալները զուգահեռաբար իմանում էին նրան վերաբերող նորանոր մանրամասնություններ: Սըր Ուինսթոն Չերչիլի նախընտրած խմիչքըՙ «Դվին» կոնյակը, ներկայումս լցվում է գեղեցիկ, կլոր շշերի մեջ: Այդ նորույթը, ինչպես նաեւ 1700-ամյակի առթիվ հատկապես թողարկված շիշը գովազդում էին նաեւ Պուշկինի անվան թանգարանում կայացած հիշյալ ընդունելության ժամանակ: Ասում են, թե ժամանակին Ստալինն անգլիացի ղեկավարին ուղարկում էր ամսական 1-2 արկղ կոնյակ: Սրանից հետո չգիտեմ էլ, թե ինչ մտածեմ Չերչիլի մասին, եթե նկատի ունենանք, որ 50 աստիճան թնդության «Դվինը» կոնյակներից ամենաթունդն է, թեեւ աչքի է ընկնում նուրբ համով: Պատասխանելով այն հարցին, թե ներկայիս քաղաքական գործիչներից ով հակում ունի հայկական կոնյակի հանդեպ, Հրանտ Բագրատյանը նշեց պաշտոնաթող եւ գործող մի շարք ռուս քաղաքական գործիչների անուններ եւ հիշեցրեց, որ իր վարչապետության տարիներին Ճապոնիայի կայսեր կազմակերպած ընդունելության ժամանակ այդ երկրի վարչապետ Միաաձավան հետաքրքրվել էր, թե պրն Բագրատյանն արդյոք հետը մեկ շիշ հայկական կոնյակ չի՞ վերցրել:

Կոնյակի գործարանի ղեկավարման 3 տարիներին Պիեռ Լառեչը, իր խոսքերով, ամենից շատ հպարտացել է նրանով, որ հայկական կոնյակը կրկին սկսել է համապատասխանել միջազգային չափանիշներին: Դա իրոք աչքի էր զարնում, եւ ոչ միայն բուն համտեսի կազմակերպման եւ ցուցադրված արտադրանքի մակարդակով, այլեւ նրանով, որ նման միջոցառումների պատմության մեջ թերեւս առաջին անգամ հրավիրյալների մեջ չկային զանազան կասկածելի անձինք, որոնք անցյալում Մոսկվայի «հայկական կոնյակի ներկայացուցիչներ» էին: Եվ սա, իհարկե, ուրախալի է:

ՀՀ անկախության օրը Մոսկվայի հայերին սպասում էր եւս մեկ անչափ հաճելի հանդիպում: Մոսկվա էր ժամանել նշանավոր սիգարագործ, Ֆրենկ Սինատրայի հանրահայտ «Strangers in the night» երգի երաժշտության հեղինակ Ավո Ուվերզյանը: Այստեղ նա կազմակերպեց «Ավոն եւ ընկերները» ջազային փառատոնը: Երաժշտասերներին հայտնի «Լե ակումբում» նա երկու օր հանդես եկավ ռուսական ջազի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ալեքսեյ Կոզլովը, Գեորգի Գարանյանը, Իգոր Բրիլը, Իգոր Բուտմանը, Դավիդ Գոլոշչոկինը եւ ուրիշներ: Իր խոսքերով, ինքը ցնցված է ինչպես Մոսկվայի գեղեցկությամբ (որ տեսնում է առաջին անգամ), այնպես էլ երաժիշտների (այդ թվումՙ հայ) բարձրակարգ նվագով:

Փառատոնի գլխավոր հովանավորն աշխարհահռչակ «Դավիդով» ֆիրման է, որն արդեն քանի տարի «Ավո» մակնիշով սիգարներ է թողարկում: Դրանք արտադրվում են Դոմինիկյան Հանրապետությունում, իսկ ինքըՙ Ավոն, մշտապես բնակվում է այդ կղզուց ոչ հեռուՙ Պուերտո Ռիկոյում: Նրան դուր է գալիս զբաղվել թե՚ սիգարների արտադրությամբ, եւ թե՚ կոմպոզիցիայով: Սիգարի բիզնեսը, որտեղ Ավոն մեծ հաջողության է հասել, նրան թույլ է տալիս զբաղվել սիրած գործովՙ երաժշտությամբ, չմտածելով դրամի մասին: Շուտովՙ նոյեմբերին, Շվեյցարիայի Բազել քաղաքում կրկին տեղի կունենա ջազի «Ավո» ամենամյա մեծ փառատոն, որտեղ հանդես են գալիս համաշխարհային ջազի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռեյ Ջարլզը, Ջեյմս Բրաունը, Թաջ Մահալը եւ այլն:

Այսօր (երեքշաբթի) Ավո Ուվեզյանը Սանկտ Պետերբուրգից կմեկնի Ցյուրիխ: 75-ամյա մաեստրոն խոստացավ անպայման շարունակել գործակցությունը ռուս ջազմենների հետ եւ Ռուսաստան վերադառնալ «Մոսկվայում նշելու իր 100-ամյակը»: Նա ասաց, որ անպայման կգա Հայաստան, որտեղ դեռ չի եղել: Ի դեպ, Ավոն հիանալի խոսում է հայերեն. փառատոնի ժամանակ բեմից ամեն կերպ ընդգծում էր իր հայկական ծագումը եւ ողջունում հյուրերին, այդ թվումՙ հայերենով:

ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4