Գտնվել է միայն մեկիՙ 41-ամյա Ջոն Այսկյանի դիակը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նյու Յորք
Մինչեւ սեպտեմբերի 11-ի առավոտյան ժամը 9-ը Ջոն Սիմոնյանն աշխատում էր Համաշխարհային առեւտրական կենտրոնի (ՀԱԿ) երկրորդ մասնաշենքի 30-րդ հարկում: Պրն Սիմոնյանը մի ապահովագրական ընկերության խորհրդական է: «Առավոտյան 8-ին հասա գրասենյակ, սովորության համաձայն օրվա մամուլն էի թերթում: Ուժեղ զարկ լսեցի, բայց չհասկացա ինչ է: Պատուհանից նայեցի դուրս, տեսա մարդիկ հետ նայելով հեռու են փախչում ՀԱԿ-ի առաջին մասնաշենքի շրջակայքից: Զանգահարեցի տուն, կնոջս ասացի, որ ինչ-որ բան է կատարվում, ապա աստիճաններով իջա երեսուն հարկ: Այդ ժամանակ խուճապ չկար, ժողովուրդը տեսնում էրՙ ծուխ է ելնում շենքի ամենավերին հարկերից, բայց չգիտեին, թե ինչից է: Ներքեւում հայտարարվեց, որ վտանգը ՀԱԿ-ի առաջին մասնաշենքում է, կարող եք վերադառնալ երկրորդ մասնաշենքի ձեր գրասենյակները: Ես չվերադարձա եւ արագ հեռանում էի, երբ լսեցի երկրորդ պայթյունը: Օդանավը չտեսա, միայն զարկը լսեցի: Արդեն հասել էի Մանհեթենի չինական թաղամաս, երբ լսեցի, որ երրորդ օդանավը Վաշինգտոնում բախվել է Պենտագոնին: Այսպես մինչեւ ՀԱԿ-ից քայլելով հասա Սուրբ Վարդան եկեղեցի, 110 հարկանի երկու շենքերը փլուզվել էին: ՀԱԿ-ում հայեր աշխատում էին, չեմ կարող ասել, 10, 20, թե քանի մարդ: Մոտիկից միայն մեկին էի ճանաչում», «Ազգի» հետ զրույցում ասաց Ջոն Սիմոնյանը:
Նյու Յորքի հայ առաքելական Սուրբ Վարդան եկեղեցում կիրակի տեսա ՀԱԿ-ի փլատակների տակ մնացած յոթ հայերի նկարները եւ անունները: Ցավոք, պետք է ասեմ, որ զարհուրելի ահաբեկչության հետեւանքով զոհված կամ անհայտ կորած մեր հայրենակիցների թիվը կարող է յոթից ավելի լինել: Ժամ առ ժամ զոհված կամ անհայտ կորածների անուններն ավելանում են: Վերջին տվյալներով այդ թիվը 6.966 է, շուրջ 80 երկրների քաղաքացիներ: Մանհեթենի փողոցներում ամենուր անհայտ կորած մարդկանց լուսանկարներն ենՙ լայն ժպիտներով: Մարդիկ փնտրում են հարազատներին, վստահ, որ նրանք արդեն մեռած են:
Սեւաչյա, սեւ բեղով հայազգի Կարլ Բեդիջյանը հարյուրավոր զոհերի հետ թաղված է ՀԱԿ -ի փլատակների տակ: Զարհուրելի, սահմռկեցուցիչ տեսարան էՙ ավերված բարձրահարկ շենքի փոխարեն, տեղում տասնյակ մետր բարձրությամբ գերեզմանաթումբ է առաջացել: Կարլը բրուքլինցի է, 35 տարեկան, ամուսնացել էր մեկ տարի առաջ: Նա, ինչպես մի քանի հարյուր այլ հրշեջներ, որոնք առաջինն էին օգնության հասել, համարվում է հերոս:
Արամ Իսկանդարյանին վերջին անգամ տեսել են ՀԱԿ-ի առաջին մասնաշենքի 101-րդ հարկում: Նրա մասին այլ տեղեկություն չի պահպանվելՙ քանի՞ տարեկան է. որտե՞ղ է բնակվել, որտե՞ղ է աշխատել: Կարո Ոսկերիչյանը նյույորքցի է, երեքՙ վեց, ութ եւ տասներկու տարեկան երեխաների հայր: Ալիսա Բասմաջյանին վերջին անգամ տեսել են ՀԱԿ-ի առաջին մասնաշենքի 101-րդ հարկում, բացառությամբ Սուրբ Վարդան եկեղեցում փակցված նրա նկարի, այլ տեղեկություններ չկան: Սակավ են տեղեկությունները մեկ այլ անհայտ կորածիՙ Պետրոս Մարտիկյանի մասին: Նա բնակվել է Փրինսթոնում Նյու Ջերսիում:
41-ամյա Ջոն Այսկյանն աշխատում էր ՀԱԿ-ումՙ «Countor Fitsgerald» ընկերությունում: Նրա դիակը գտնվել է ահաբեկչությունից երեք օր անց: Նրան ճանաչողներն ասում են, որ Ջոնը հրաշալի անձնավորություն էր, նվիրված ընտանիքինՙ կնոջը եւ երկու երեխաներինՙ Պետրոսին եւ Քերոլայնին:
Չկարողացա պարզել եւս մեկ անհայտ կորածիՙ Սթիվեն Ջիորջետտի ինքնությունը: Հայտնի է միայն, որ Սթիվենը նյույորքցի էր, հինգ եւ տասնմեկ տարեկան երկու երեխաների հայր, Արմինեի ամուսինը:
«Արմինյն ռիփորթըր» շաբաթաթերթն իր վերջին համարում գրում է, որ անհայտ կորածների մեջ է եւս մեկ հայազգիՙ Փոլ Մարտիկյանը: Տեղեկացվում է, որ Փոլը բնակվել է Մանհեթենում, ամուսնացել է վերջերս: Փոլը ՀԱԿ-ի «Աշխարհի պատուհանները» բարձրակարգ ռեստորանում հրավիրված է եղել նախաճաշի, երբ առեւանգված օդանավը բախվել է բարձրահարկ շենքին: