Նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին: «Անչափ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ եւ իմ ժողովրդի հետ կիսում եմ այս տոնական ուրախությունը»,- ասել է հանրահայտ երգիչը:
Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, այն բարելավելուն ուղղված քայլերի, կատարվող փոփոխությունների վերաբերյալ: Շառլ Ազնավուրը նկատել է, որ Հայաստան իր վերջին այցից հետո, որ տեղի է ունեցել հինգ տարի առաջ, դրական տեղաշարժերն ակնհայտ են. փոխվել է իրավիճակը, փոխվել է մարդկանց տրամադրությունը եւ դա հատկապես զգալի է երկրաշարժի գոտում: Ռոբերտ Քոչարյանը համառոտակի ներկայացրել է երկրաշարժի գոտու վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքը: Խոսվել է նաեւ «Ազնավուրըՙ Հայաստանին» հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի մասին, աշխարհահռչակ երգիչն անդրադարձել է նաեւ իր հետագա մտադրություններին:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, անգնահատելի են Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու ուղղությամբ: «Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալով, նաեւ Ձեր միջոցով է արտերկրում Հայաստանի նկատմամբ մթնոլորտ ու վերաբերմունք ձեւավորվում», ընդգծել է երկրի ղեկավարը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ