Մեր անկախության տարիներին Բրազիլիան առաջինն էր, որ ճանաչեց այն ու առաջինը դիվանագիտական կապեր հաստատեց եւ Սան Պաուլո քաղաքի մետրոյի կայարաններից մեկն անվանակոչեց «Արմենիա»: Այս օրերին, 1700-ամյակի տոնակատարությունների առիթով Բրազիլիայից Երեւան է ժամանել մեծ պատվիրակություն, որ երեկ մասնակցեց Կենտրոն համայնքի «Հրազդան» մարզադաշտին հարող հրապարակի անվանակոչությանը: Այսուհետ այդ հրապարակը կանվանվի Բրազիլական հրապարակ: Հուշաքարի բացմանը ողջույնի ու երախտիքի խոսքեր ասացին Հայաստանում Բրազիլիայի հյուպատոս Աշոտ Եղիազարյանը, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ արք. Ղարիբյանը եւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանըՙ նշելով երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը: Շատ շուտով հուշաքարի տեղում կկանգնեցվի երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ