Պատմության մեջ շատ կարճ ժամանակահատվածներից բացի, Հայաստանը որպես ուժային երկիր չի ճանաչվել եւ չի նվաճել հարեւան տարածքներ, փոխարենն ի՚նքն է դարձել ագրեսիայի, թալանի եւ բռնակալության զոհ, եւ վերապրումի միակ զենքը եղել է մշակույթը: Այս միտքն է շոշափում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի օգոստոսի 25-ի խմբագրականը, որից հատվածներ ենք ներկայացնում թարգմանաբար:
Եթե քրիստոնեությունը մեզ աշխարհագրական առումով առանձնացրել է, իսկ այբուբենը տվել մեզ ազգային եզակի կերպար, ապա պետք է նաեւ նշենք, որ երկուսը միասին նպաստել են հայկական գրականության եւ արվեստի ստեղծագործական պոռթկումին, որը եւ առաջնորդել է մեր ազգին դեպի ոսկեդար, ճակատագրի բերումով մեր մշակույթը ծաղկել է միշտ էլ չափազանց աննպաստ պայմաններում: Սակայն նույնիսկ այդ պայմաններում մշակույթը ծառայել է որպես գոյատեւման եւ միավորման լավագույն միջոց:
Մշակույթը այսօր էլ շարունակում է մնալ մեր վերջին անառիկ ամրոցը, ճգնաժամային պահերին մշակութային միջոցառումները գալիս են վերաիմաստավորելու մեր կյանքը եւ վերաոգեւորելու մեր ազգի հուսահատ հատվածները:
Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը հրաշալի առիթ էր: Մշակույթը մի անգամ եւս դրսեւորեց իր հրաշագործ զորությունը: Հայաստանում Միլանի Լա Սկալա երգչախմբի շրջագայությունից եւ Սան Ֆրանցիսկոյում նախանցած շաբաթ օրը կայացած «Արշակ Բ»-ի փայլուն պրեմիերայից հետո ԱՄՆ-ում սպասվում են երեք այլ խոշոր մշակութային իրադարձություններ:
Առաջինը Հայաստանի Կոմիտասի անվան կամերային երգչախմբի (ղեկավարՙ Հովհաննես Միրզոյան) շրջագայությունն է ամերիկյան հինգ քաղաքներՙ Նյու Յորք, Պրովիդենս, Բոստոն, Սաութֆիլդ եւ Չիկագո, հոկտեմբերի 19-28-ը: Հոգեւոր երաժշտությանը նվիրված այս բացառիկ համերգը, Ամերիկայի հայոց Արեւելյան թեմի առաջնորդության կազմակերպությամբ, հանդիսականներին ներկայացվելու է «Երաժշտության լույսը» ընդհանուր խորագրի ներքո: Կոմիտասի անվան կամերային երգչախմբին ընկերակցելու են Սաթո Մուղալյանը (ֆլեյտա) եւ Լեւոն Խոջա-Էյնաթյանը (հարվածային գործիքներ):
Երկրորդը նոյեմբերի 4-ին Բոստոնի սիմֆոնիկ երաժշտության համերգադահլիճում կայանալիք անմահ Կոմիտասի «Սուրբ պատարագի» միջազգային պրեմիերան է երգահան Ռուբեն Գրիգորյանի, խմբավար Լեւոն Գրիգորյանի եւ երգչախմբային մասի տնօրեն Ջեֆրի Ռինքի, ինչպես նաեւ միջազգային համբավի աստղերիՙ Կալեն Էսպերյանի (սոպրանո), Ստելլա Գրիգորյանի (մեցցո սոպրանո), Գեղամ Գրիգորյանի (տենոր) եւ Տիգրան Մարտիրոսյանի (բարիտոն) մասնակցությամբ: Այո, բացառիկ օպերային օրատորիայի նախաձեռնողն ու կազմակերպիչն է «Հայ արվեստի բարեկամները» ընկերությունը, որն այս տարի տոնում է իր կազմավորման 50-ամյակը:
Երրորդ, բայց նույնքան կարեւոր միջոցառումը Դետրոյթի Միչիգան օպերային թատրոնում կայանալու է նոյեմբերի 10-18-ը: Ներկայացվելու է հայկական գուցե ամենաազգային օպերանՙ Արմեն Տիգրանյանի «Անուշը», առաջին անգամ հայերենով: Հիշեցնենք, որ 1981-ին ներկայացվել է օպերայի անգլերեն տարբերակը եւ արժանացել քննադատների ջերմ խոսքերին:
Մշակութային միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում: Այլ երկրներում նույնքան նշանակալի հանդիսություններ են տեղի ունենում եւ ունենալուՙ մի ավելորդ անգամ եւս հաստատելու համար հայ ժողովրդի բազմաբեղուն մտքի արգասիքը հանդիսացող ստեղծագործությունների եզակի առաձնահատկությունները:
Պակաս կարեւոր չէ նաեւ այս միջոցառումների հետեւում ծվարած մեկ ուրիշ երեւույթ, որը նման խոշոր իրադարձության համար նյութական օժանդակություն ցուցաբերելու մեր հայրենակիցների պատրաստակամությունն է: Բավական կարճ ժամկետում համայնքը կարողացավ մեկ միլիոն դոլար հավաքել «Արշակ Բ»-ի բեմականացումն իրականացնելու եւ 400 հազար դոլարՙ «Անուշի» համար: Իսկ ավելի կարեւորն այն է, որ նման միջոցառումներից գոյացած եկամտի որոշ մասը հատկացվելու է Հայաստանին: