Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն իրենց մրցավեճն ավարտեցին շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 61-րդ առաջնության մասնակիցները: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարի մեջ էին ներգրավվել հանրապետության բոլոր ուժեղագույն շախմատիստները, բացառությամբ Վլադիմիր Հակոբյանի եւ Ռաֆայել Վահանյանի:
Առաջնության պարգեւների համար հենց մեկնարկից բավական հետաքրքիր ու թեժ մրցապայքար ծավալվեց: Առաջին իսկ տուրերից առաջատարի դերը ստանձնեց մեր բազմափորձ ու հմուտ գրոսմայստերներից մեկըՙ Սմբատ Լպուտյանը, մինչեւ վերջնագիծ չզիջելով իր դիրքերը: Սմբատը գերազանց անցկացրեց ողջ մրցաշարը, վստահ ելույթ ունեցավ եւ, չկրելով ոչ մի պարտություն, 7,5 միավորով 4-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը: Նա իրեն այնքան վստահ էր զգում, որ իր առջեւ դրած նպատակն իրագործելու համար վերջին 3 տուրերում մրցակիցների հետ խաղաղ դաշն կնքեց, եւ դա էլ բավական էր չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար: Այս տեսակետից կարեւոր նշանակություն ուներ 10-րդ տուրում Աշոտ Անաստասյանի հետ կայացած մրցախաղը, որն ավարտվեց ոչ-ոքի: Սմբատի մյուս գլխավոր հակառակորդըՙ Լեւոն Արոնյանը, վերջին 2 հանդիպումներում վաստակեց 1,5 միավոր եւ արդյունքում 7 միավորով գրավեց 2-րդ տեղը, իրենից հետ թողնելով Աշոտ Անաստասյանին:
Վերջնագիծը հատկապես հաջող էր Կարեն Ասրյանի համար, որը վերջին 3 տուրերում վաստակեց 2,5 միավոր եւ ընդհանուր 6 միավորով գրավեց 4-րդ տեղը, գործակիցներով առաջ անցնելով նույն արդյունքը ցույց տված Արսեն Եղիազարյանից:
Անկասկած, ավելին էինք սպասում Հայաստանի չեմպիոն Գաբրիել Սարգսյանից: Նա անհաջող սկսեց մրցաշարը եւ միայն վերջին 3 տուրերում վաստակած 2,5 միավորի շնորհիվ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
«Ազգի» ընթերցողներին ներկայացնենք վերջին 3 տուրերի արդյունքները.
9-րդ տուր
Նալբանդյան-Սարգսյանՙ 0-1
Եղիազարյան-Լպուտյանՙ 1/2-1/2
Անաստասյան-Խաչատրյանՙ 1-0
Արա Մինասյան-Ասրյանՙ 0-1
Հարությունյան-Արոնյանՙ 0-1
10-րդ տուր
Ասրյան-Հարությունյանՙ 1-0
Խաչատրյան-Արա Մինասյանՙ 0-1
Լպուտյան-Անաստասյանՙ 1/2-1/2
Սարգսյան-Եղիազարյանՙ 1-0
Արտ. Մինասյան-Նալբանդյանՙ 1/2-1/2
11-րդ տուր
Ասրյան-Արոնյանՙ 1/2-1/2
Խաչատրյան-Հարությունյանՙ 0-1
Լպուտյան-Արա Մինասյանՙ 1/2-1/2
Սարգսյան-Անաստասյանՙ 1/2-1/2
Արտ. Մինասյան-Եղիազարյանՙ 0-1
Մրցաշարի ամփոփիչ աղյուսակը.
1. Սմբատ Լպուտյան 7,5 +5=5-0
2. Լեւոն Արոնյան 7 +5=4-1
3. Աշոտ Անաստասյան 6,5 +4=5-1
4. Կարեն Ասրյան 6 +3=6-1
5. Արսեն Եղիազարյան 6 +4=4-2
6. Արտաշես Մինասյան 5,5 +3=5-2
7. Գաբրիել Սարգսյան 4,5 +3=3-4
8. Արա Մինասյան 4,5 +1=7-2
9. Տիգրան Նալբանդյան 3 +0=6-4
10. Գեւորգ Հարությունյան 2,5 +2=1-7
11. Վահագն Խաչատրյան 2 +1=2-7
Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը տեղի ունեցավ առաջնության փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ սպորտվարչության պետ Արմեն Գրիգորյանը, նրա տեղակալ Վանիկ Փիլոյանը, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը, փոխնախագահ Գագիկ Հովհաննիսյանը, մրցաշարը հովանավորած ֆիրմաների ներկայացուցիչները: նշվեց, որ մրցաշարի գլխավոր հովանավորը ՀՀ պաշտպանության նախարարությունն էր, որի անմիջական աջակցությամբ Ազգային անվտանգության նախարարության ուղեկցող գումարտակի վարչությունը (վարչության պետՙ Սամվել Սանամյան) «Միկա-Լիմիտեդ» (նախագահՙ Միքայել Բաղդասարով) եւ «Ֆլեշ» (նախագահՙ Բարսեղ Բեգլարյան) ֆիրմաները ձեւավորել էին մրցանակային հիմնադրամը:
Մրցակարգի համաձայն մասնակիցները ստացան դրամական պարգեւներ: Չեմպիոնին հանձնվեց 1,5 մլն դրամ, 2-րդ տեղը գրաված Լեւոն Արոնյանը ստացավ 900 հազար դրամ, 3-րդ մրցանակակիր Աշոտ Անաստասյանըՙ 500 հազար դրամ: 250 հազարական դրամ ստացան հավասար միավորներ ունեցող Կարեն Ասրյանն ու Արսեն Եղիազարյանը: Մնացած մասնակիցները վաստակած յուրաքանչյուր միավորի դիմաց պարգեւատրվեցին 10 հազարական դրամով: Մրցանակային եռյակը պարգեւատրվեց ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով ու համապատասխան կարգի դիպլոմներով:
Մեր առաջատար շախմատիստների վստահ ելույթներն ուրախացնում են շախմատի երկրպագուներին, քանի որ նրանք շուտով Հայաստանի հավաքականի պատիվը պետք է պաշտպանեն Երեւանում կայանալիք աշխարհի թիմային 5-րդ առաջնությունում: