«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2001-09-22 | #172, 2001-09-25 | #173, 2001-09-26


ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը «Նոյյան տապան» լրատվական գործակալությանը:

- Պրն. Օսկանյան, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի պատվիրակները վերջերս ընդունեցին մի փաստաթուղթ, որտեղ հստակորեն հավասարեցրեցին ինքնորոշման սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքին եւ բոլոր անդամ պետություններին կոչ արեցին կիրառել ինքնորոշման իրավունքը, իրենց իսկ արտահայտությամբ, հավասարապես եւ անվերապահորեն: Սա աննախադեպ չէ՞, արդյոք:

- Սա իսկապես աննախադեպ է: Մենք լիովին բավարարված ենք այս որոշմամբ: Նախկինում որոշ երկմտություն կար միջազգային կազմակերպություններում այս երկու հասկացությունները հավասարեցնելու առումով, չնայած նրան, որ Հելսինկյան եզրափակիչ ակտում հավասար կշիռ է տրված երկուսին: Բայց, քաղաքականապես մշտապես շահավետ է եղել առաջնայնությունը տալ տարածքային ամբողջականության սկզբունքին: Այժմ, կարծում ենք, որ սա ողջունող քայլ է: Մենք կարծում ենք, որ այս որոշումը շոշափում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ, այս առումով, կարող է խիստ օգտակար լինել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու հարցում:

- Ի՞նչը պատճառ դարձավ այս որոշման համար:

- ԵԽ նախարարների խորհրդի 108-րդ նստաշրջանի ժամանակ (ս.թ. մայիսի 10-11-ին) նախարարներն ընդունեցին մի կոմյունիկե, որում նրանք վերահաստատեցին իրենց աջակցությունը երկու սկզբունքներին: Ասվեց հետեւյալը. «Հարգանք միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության եւ պետությունների տարածքային ամբողջականության հանդեպ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի այլ սկզբունքների հանդեպ, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի խարտիայում եւ ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտում»: Այս վերջինը հղում էր ինքնորոշման իրավունքի սկզբունքին, որն ուղղակիորեն չէր նշվում: Եվ քանի որ ինքնորոշման իրավունք տերմինը չէր օգտագործվել, ես վերապահում ներկայացրեցի, որում նշեցի, որ նշված միջազգային իրավունքի սկզբունքների միջեւ որեւէ ստորադասություն չի կարող լինելՙ անկախ նրանից, թե նրանք պարզորոշ նշված են, թեՙ ոչ: Այնուհետեւ, ես ավելացրեցի, որ Հայաստանը կշարունակի ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումիցՙ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջական կարգավորումը: Սա, ակնհայտորեն, զայրացրեց ադրբեջանցիներինՙ մղելով ԵԽ Խորհրդարանական ասամբլեայի իրենց անդամներից մեկին գրավոր հարցադրում ներկայացնել Նախարարների կոմիտեինՙ պահանջելով կոմիտեից պարտավորեցնել Հայաստանին ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այն, ինչ նրանք ստացան Կոմիտեիՙ սեպտեմբերի 21-ի պատասխանով, ոչ միայն նրանց պահանջի մերժում էր, այլեւ Կոմիտեն հստակորեն վերահաստատեց ինքնորոշման իրավունքը որպես տարածքային ամբողջականության իրավունքին հավասարազորՙ իր կիրառման տեսակետից, Հելսինկյան եզրափակիչ ակտի մնացած սկզբունքների հետ մեկտեղ:

- Ինչո՞վ է Հայաստանն արդարացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչելը:

- Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը շարունակում է պահանջել իր խորհրդային սահմանների անձեռնմխելիությունը, որոնք ինքնին չունեն իրավական որեւէ հիմք: Առաջինը, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանական Հանրապետության սահմաններում: Այն ժամանակ, երբ անկախ Ադրբեջանը դարձավ Խորհրդային Միության մաս, Ղարաբաղը նրա իրավասության ներքո չէր, որի մասին վկայում է Ազգերի լիգայի որոշումը, որով մերժում են ճանաչել Ադրբեջանը արեւելյան Անդրկովկասի հայաբնակ տարածքների, եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հանդեպ նրանց հավակնությունների պատճառով: Երկրորդ, երբ Ադրբեջանը կրկին հռչակեց իր անկախությունը 1991 թ.-ին, այն չհետեւեց համախորհրդային օրենքին եւ թույլ չտվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի բնակչությանը օրինականորեն հանրաքվեի միջոցով որոշելու, թե արդյոք նրանք կմիանան Ադրբեջանին, երբ այն առանձնանա Խորհրդային Միությունից: Եվ վերջապես, Ադրբեջանը հավակնություններ ունի այն սահմանների ու իրավասությունների հանդեպ, որոնք իրենց հիմքում ունեն խորհրդային օրենքները, մինչդեռ հստակորեն իրեն ժառանգորդ հռչակեց 1918-20 թթ.-ի առաջին հանրապետությանը, ընդ որում հրաժարվելով խորհրդային շրջանից եկող իրավահաջորդությունից, որով եւ անհիմն դարձրեց խորհրդային շրջանի սահմանների հանդեպ իր հավակնությունները:

- Այնուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է անհողդողդ մնալ Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնություններում, անգամ այնպիսի քայլերի դիմելով, ինչպիսիք են վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դատապարտումը:

- Սա իսկապես անհեթեթ է: 1995 թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենում տեղական ընտրություններ: Ավելին, դեռեւս 1992 թ-ի Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ փաստաթղթերում հստակորեն նշված է, որ ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է բանակցությունների կողմ, այլեւ նրա ընտրովի իշխանությունները պետք է լինեն նրա ներկայացուցիչները: Առնվազն տարօրինակ է, որ Ադրբեջանը գոռոզամտորեն մերժում է եւ քննադատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդինՙ իր կյանքը ժողովրդավարության, ընտրովի ներկայացուցչության սկզբունքների վրա կառուցելու ջանքերի համար, անգամ այն դեպքում, երբ ինքն է քննադատության ենթարկվում միջազգային դիտորդների կողմից սեփական ընտրությունների ժամանակ ազատ ու արդար ընտրական գործընթացներն արհամարհելու համար: Այլ մի խնդիր եւս կա այստեղ: Ադրբեջանի բացասական տրամադրվածությունը Լեռնային Ղարաբաղի տեղական ընտրությունների հանդեպ լուրջ խոչընդոտ է խաղաղ բանակցային գործընթացի համար:

- Արդյոք խաղաղ բանակցությունների գործընթացը կանգ է առել: Ինչպե՞ս եք գնահատում ավելի ու ավելի հաճախացող ռազմական լուծման կոչերը, որոնք հնչում են Ադրբեջանում:

- ԼՂ բանակցությունները կանգ են առել, որովհետեւ Ադրբեջանը ետ է կանգնել փարիզյան հանդիպումներից հետոՙ ուրանալով իր կողմից ստանձնած հանձնառություններըՙ շարունակելու որոնել փոխզիջումային լուծում: Փարիզյան շրջանակը, որի մասին այդքան հաճախակի խոսում են Մինսկի խմբի համանախագահները, մի կողմ է դրվումՙ հօգուտ ռազմատենչ բարձրագոչ-հայրենասիրության: Ադրբեջանն ակնհայտորեն շարունակում է հուսալ, որ հնարավոր է ռազմական լուծում այս հակամարտությանը հօգուտ իրեն: Իսկ պատերազմական ու ռազմատենչ հայտարարությունները որ լսվում են Ադրբեջանից, քաղաքական ղեկավարության բոլոր հատվածներից, ներառյալՙ նախագահ Ալիեւի անմիջական շրջապատը, ցույց են տալիս, որ նրանք որեւէ մտադրություն չունեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այսպիսի ռազմատենչությունը որեւէ կերպ չի օժանդակում փոխզիջումային ու խաղաղության հաստատմանն ուղղված միջավայրի ստեղծմանը: Հակառակը, այն պղտորում է բանակցային միջավայրը եւ օժանդակում առանց դրդապատճառների բռնությունների ծագմանը: Հասարակությանը խաղաղ փոխզիջումների տրամադրելու փոխարեն այն խթանում է բացարձակ հաղթանակի մասին առասպելի տարածումը: Եվ վերջապես, այսպիսի պոլեմիկան անխուսափելիորեն հանգեցնում է դաժան բռնությունների: Ադրբեջանը պետք է դատապարտի պատերազմի մասին բոլոր այս խոսակցությունները եւ անգամ պատերազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ ակնարկները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4